«Բաքվի հռչակագիրը» և դրա հայաստանյան արձագանքները


Անցյալ շաբաթ Բաքվի «Գյուլիստան» պալատում հավաքվել էին «դարդիման տղերքը»` ՎՈՒԱՄ-ի երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին, Վիկտոր Յուշչենկոն, Իլհամ Ալիևն ու վարչապետ Վասիլի Տառլևը: Կազմակերպություն է, ստեղծել են, ժամանակ առ ժամանակ գագաթաժողովներ են անցկացնում, միջազգային այլ կառույցների նմանողությամբ` ՎՈՒԱՄ-ի նախագահությունը, իրար են փոխանցում (այս անգամ նախագահությունը Ուկրաինայից փոխանցվեց Ադրբեջանին), հարցեր են քննարկում, ասուլիսներ են տալիս…Իրենց գործն է, «տունիկ-տունիկ» են խաղում` լավ են անում: Դե, հո չէի՞ն ասելու` իրար կարոտել էինք, որոշեցինք այս անգամ էլ «Գյուլիստանում» միասին մի կտոր հաց կտրել: Հեգնանքը` հեգնանք, բայց այդ «հաց կտրելու» ժամանակ 4 երկրների ղեկավարները պարբերաբար հանդես են գալիս նաև տարածաշրջանային ու նույնիսկ միջազգային նշանակության խնդիրների վերաբերյալ սադրիչ հայտարարություններով: Կոնկրետ այս անգամ նրանք ստորագրեցին մի «դարակազմի¯կ» փաստաթուղթ` «Բաքվի հռչակագի րը», որում, ինչպես հավաստեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կերուխումից հետո հրավիրված մամլո ասուլիսում, 4 ղեկավարները պայմանավորվել են «միավորել իրենց ջանքերը Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում առկա անջատողականության հիմնախնդիրների դեմ մղվող պայքարում»: Հասկանալի է, չէ՞, Իլհամ Ալիևը ՎՈՒԱՄ-ի երեք երկրների ազգային փոքրամասնությունների ազատագրական պայքարն է համարում «անջատողական ռեժիմների և տարածքների բռնազավթման հետ կապված հիմնախնդիրներ»` լուծումը տեսնելով իրենց տնտեսական ու քաղաքական հաջող զարգացման մեջ, ինչը նրանց հնարավորություն կտա դառնալ «ուժեղ պետություններ»: Այդ «ուժեղները», ըստ Ալիև-կրտսերի, «ջանքերի միավորմամբ կկարողանան լուծել անջատողականության հիմնախնդիրը»: Սա ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը համատեղ ուժերով խեղդելու, նրանց նոր «խաչակրաց արշավանք» պարտադրելու անթաքույց սպառնալիք էր: Որպեսզի այդ սպառնալիքը շատ մերկապարանոց չհնչի` Ալիև-կրտսերը ավելացրեց, թե իրենք «ձգտում են խաղաղ ճանապարհով լուծել երեք պետությունների տարածքային ամբողջակա նության վերականգնման հիմնախնդիրը` հիմնվելով միջազգային-իրավական նորմերի ու կանոնների վրա»: Միջազգային իրավունքի նորմերի վկայակոչումն այս դեպքում շա¯տ էր հիշեցնում… Աստվածաշնչից մեջբերումներ անող սատանային: Այդ ո՞ր միջազգային փաստաթղթով է ժողովուրդների ազատության ձգտումը, ինքնիշխան ապրելու իրավունքը…արգելվո¯ւմ: Ի՞նչ «միջազգային նորմերով» է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը համարվում…«հանցագործություն» կամ, որ նույնն է` «անջատողականություն»: 1921 թվականի հունիսի 5-ի Կավբյուրոյի որոշումը, որով Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին, «միջազգային-իրավական փաստաթու՞ղթ» է: Վրաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի ղեկավարների մեծապետական շովինիզմի դրսևորումը, որն իր արտահայտությունն է գտել «Բաքվի հռչակագրում», բնական եմ համարում: Բայց Ուկրաինայի նախագահ Յուշչենկո՞ն ինչու է իր ստորագրությունը դրել դրա տակ: Մի բաժակ ավելի՞ է «գցել», թե՞ հիանալի հասկացել է, որ «ՎՈՒԱՄ-ի երեք երկրների տարածքային ամբողջականության վերականգնման հիմնախնդիրները» նման կարգի էժանագին «հռչակագրերով» չեն լուծվում: Կոնկրետ Արցախյան հակամարտութ յան խաղաղ լուծման խնդրով, ՄԱԿ-ի հանձնարարությամբ, արդեն երկար տարիներ զբաղվում է ԵԱՀԿ-ն ու նրա Մինսկի խումբը` ամերիկյան, ֆրանսիական ու ռուսական կողմերի իր եռանախագահներով: Եռանախագահները պարբերաբար փոխվում են, իրարահաջորդ դիվանագետները շարունակ նորանոր առաջարկություններ են ներկայացնում բանակցող կողմերին, Քոչարյանն ու Ալիևը (ավագ, թե կրտսեր) հանդիպում-բանավիճում են, իսկ համաձայնություն չկա ու չկա: Եվ չկա ամենագլխավորում` ապագա հաշտության համաձայնագրի հիմնական սկզբունքների հարցում: Այդ սկզբունքների մեջ սևով սպիտակի վրա ամրագրված է իր ճակատագիրը հանրաքվեով որոշելու արցախահայության իրավուն քը: Իլհամ Ալիևը «ամե¯ն ինչի» համաձայն է` բացի հրապարակավ արցախահայության այդ իրավունքը ճանաչելուց: Ահա և նենգամտում է, Քոչարյանին առաջարկելով նախ լուծել մյուս բոլոր հարցերը` վերադարձնել իրենց իսկ սանձազերծած ագրեսիվ պատերազմում կրած պարտության հետևանքով Արցախի Ինքնապաշտպանական Բանակի վերահսկողության տակ անցած «գրավյալ շրջանները», ադրբեջանցի փախստականներին թույլ տալ վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը (Ադրբեջանի վերահսկողութ յան տակ մնացած հայակական տարածքների ու հայ փախստականների վերադարձի մասին, իհարկե, չի էլ ուզում լսել), նոր միայն, ամենավերջու¯մ, անդրադառնալ «Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ամենալա¯յն ինքնավարություն տալու խնդրի քննարկմանը»: Փոխարենը «հոր արևով» երդվում է, թե նոր պատերազմ չի սանձազերծի, կվերացնի Հայաստանի ու Արցախի շրջափակումները, որոնք, ի միջի այլոց, ցանկացած պահի կարող է վերսկսել, կհամաձայնի միջազգային խաղաղարարների հսկողության տակ արցախահայության անվտանգությունն ապահովելուն… Մեր Պարոնյանը կասեր` խելքիդ պուտու¯կը սիրեմ, տեր փաստաբան: Ի՞նչ «ամենալայն ինքնավարություն», ի՞նչ «անվտանգության երաշխիք» կարող է լինել արցախահայության համար…Ադրբեջանի¯ կազմում: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ներկայացրած ապագա հաշտության գլխավոր սկզբունքների մեջ, որոնք մասնակիորեն գաղտնազերծվեցին անցյալ ամռանը Վիեննայում, «Ադրբեջանի կազմում ինքնավարուրության մասին» խոսք անգամ չկա, այնտեղ խոսվում է ինքնորոշմա°ն հանրաքվեի մասին: Եվ միայն տխմարը կարող է չհասկանալ, որ հանրաքվեով ինքնորոշվել` նշանակում է իրավունք ստանալ ապրելու նաև գերիշխող, բռնակալ պետության կազմից դուրս: Մի՞թե Ալիև-կրտսերն այսօր հող է նախապատրաստում, որպեսզի վաղը հայտարարի, թե ինքը ինքնորոշման հանրաքվեն…ինքնավարությա¯ն հանրաքվե է հասկացել: Է, Ալիև-կրտսերի անհասկացողությունը…կարելի՞ է «փաստարկ» համարել: Մինչև այժմ Ադրբեջանը չի տվել իր «խաղաղասիրական ձգտումներին», իր «ազնվությանն ու անկեղծությանը» հավատալու որևէ նվազագույն ապացույց: Հակառակը, հոխորտացել ու հոխորտում է, թե ագրեսորն իրե¯նք չեն, մե¯նք ենք, թե Արցախի ժողովուրդ, իբր, «գոյություն չունի¯», կա Լեռնային Ղարաբաղի…բնակչությու¯ն, թե «Հայաստանը բռնազավթե¯լ է իր տարածքները», որոնք վաղ թե ուշ, այդ թվում նաև հզորանալով ու պատերազմով սպառնալով` իրենք «ետ կբերեն», և այլն, և այլն: Արի ու տես` ազերիական այս հոխորտանքները, ինչպես երևում է, ազդեցություն են թողնում նաև հայկական լսարանի վրա: Անցյալ շաբաթ մեր երկու հանրահայտ քաղաքական այրերի` Վազգեն Մանուկյանի ու Դավիթ Շահնազարյանի հրապարակային բանավեճում այդ ազդեցությունը որոշակիորեն զգացվեց: Երկուսն էլ չէին բացառում, թե հզորանալով` Ադրբեջանը կարող է «պատերազմական նոր սցենար գործարկել», թեև տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունեին բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակին անդրադառնալու և մինչ այդ արցախահայության անվտանգությունը միջազգային խաղաղարարների հովանու տակ ապահովելու խնդրին: Դավիթ Շահնազար յանը գտնում էր, որ կարգավիճակի հարցն իսկապես կարելի է թողնել ամենավերջում, մինչ այդ արցախահայության անվտանգությունն ապահովել միջազգային խաղաղարար ների միջոցով: Իսկ Վազգեն Մանուկյանը պնդում էր, թե առաջնայինը կարգավիճակի հարցն է. միջազգային խաղաղարարներ բերելով, նախապես տարածքներ զիջելով` խնդիրը չի լուծվի: Ուզում եմ հանգստացնել թե Ադրբեջանում, թե Հայաստանում իզուր խռովված հոգիները: Լեռնային Ղարաբաղի խնդիրն այժմ և մեկընդմիշտ լուծված է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան ու կայացած պետություն է, իրական փաստ, որի հետ, անկախ ճանաչել-չճանաչելուց, ոչ ոք այլևս չի կարող հաշվի չնստել: Որքան շուտ հասկանան ադրբեջանցիներն այս ճշմարտությունը, որքան շուտ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղն իրենց տարածքային ամբողջականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի` այնքան շուտ կլուծվի հակամարտությունը, իրենք կստանան իրենց որոշ տարածքները և մեզ հետ կապրեն հաշտ ու խաղաղ: Եթե, իհարկե, ուզում են խաղաղ ու հաշտ ապրել…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ