Ես սիրում եմ իմ հիվանդին


- Մի առիթով ասացիք, որ հայրերը շարունակվում են որդիների մեջ, և որդիներն սկսվում են հայրերից: Ո՞վ և ինչպե՞ս է շարունակվում Ձեր մեջ: - Իմ հայրը շատ գունեղ ու վառ կերպար էր: Նա հարուստ, սխրալից ու ազնիվ կյանք ապրեց: Ես հորս մասին երկար չեմ պատմի, բայց կհիշեմ մի քանի դրվագներ, որոնցից մի քանիսը հորիցս եմ լսել, մի քանիսին ինքս եմ ականատես եղել: Հայրս Երկրորդ աշխարհամարտի մասնակից էր, Թամանյան դիվիզիայի հրետանային դիվիզիոնի կոմիսարը` փոխգնդապետի կոչումով: Պատերազմի ժամանակ նա շրջկոմի III քարտուղար է եղել և բանակից ազատվելու արտոնություն է ունեցել: Սակայն կամավոր մեկնել է ճակատ: Իմ մանկությունն անցել է պատերազմի մասին զրույցներով, որոնք հայրենասիրության, նվիրվածության, խիզախության դասեր էին: Հայրս կռիվներից մեկի ժամանակ գերի է ընկնում ու բերվում Մոզդոկի մատույցներում գտնվող ռազմագերիների ճամբար: Մի գերմանացի զինվորական նրան համոզում է աշխատել գերմանացիների համար և խոստանում է մեծ գումարներ: Չնայած ճնշումներին, մահվան սպառնալիքներին ու գայթակղիչ խոստումներին` հայրս չի համաձայնում: Ու օրերից մի օր, շատ ծանր զրկանքների ու տանջանքների գնով, կարողանում է փախչել ճամբարից: Հետագայում, երբ ԿԳԲ-ի աշխատակիցները հարցաքննում են հորս գերության մասին (գիտե՞ք, թե ինչպես էին վերաբերվում նախկին գերիներին, ինչ անվստահությամբ ու կասկածով), հայրս պատմում է, որ իրեն ցանկացել են հավաքագրել, բայց ինքը չի համաձայնել: ԿԳԲ-ի քննիչը պարզում է, որ գերմանացիների կողմը հորս «ներգրավող» զինվորականը խորհրդային հետախույզ է և նրա զեկույցներում տեղեկություն կա այն մասին, թե ինչ անսասան, հավատարիմ, հայրենասեր է փոխգնդապետ Գառնիկ Մկրտչյանը: Լեհաստանի Կատովիցե քաղաքում փողոցային մարտերի ժամանակ գեներալի տանը հայրս զենք է փնտրում ու գտնում է մի «Վալտեր» ատրճանակ` կողքին ոսկեղենով լի կապոց: Երկուսն էլ վերցնում է: Մարտերը շարունակվում են, իսկ շարժվելիս կապոցով լի ոսկեղենը լնգլնգում է ու խանգարում կռվելուն: Հայրս բարկացած շրջվում է ու նետում կապոցը, և հենց այդ ժամանակ դիպուկահարի կրակոցը խոցում է ուսը: Հայրս ասում էր. «Եթե ոսկեղենի կապոցը չնետեի, չէի փրկվի, դիպուկահարը ճակատիս էր նշան բռնել, կտրուկ շրջվեցի, գնդակն ուսիս կպավ»: Մեր տանը հորս անունով երեք հատ սև թուղթ կա` անհայտ կորածի և զոհվածի: Մեր 7 հոգիանոց ընտանիքը ապրում էր մեկսենյականոց բնակարանում` զուրկ տարրական հարմարություններից: Հայրս միշտ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել, սակայն երբ խորհուրդ էին տալիս հերթագրվել բնակարանի համար, հրաժարվում էր, ասում էր. «Իմ ընտանիքը գլխի վրա ծածկ ունի, Երևանում լիքը անտուն մարդիկ կան, թող նրանք հերթագրվեն»: Մենք հայրիկից թաքուն նրա անունով դիմում գրեցինք, ու երբ տուն ստացանք, հայրս զարմացած մնաց: Ամեն երեկո պարտադիր հայրս գիրք էր կարդում մեզ համար ու ընտրում էր որևէ ուսանելի պատմություն: Նա շատ օրինավոր ու կարգապահ մարդ էր: 92 տարի ապրեց: 85 տարեկան էր (մայրս արդեն չկար), բակ իջնելուց առաջ անպայման կնոջս հարցնում էր` հո շալվարի գիծը թեքված չի՞: - Ինչպիսի՞ն էիք Դուք մանկության տարիներին: Մեծերից մեկն ասել է, թե մարդն այն կյանքում խտացնում է իր մանկության տպավորությունները: - Ես խելոք, գրքասեր երեխա էի, շատ էի կարդում, լավ էի սովորում, ակտիվիստ էի: Բացահայտում էի աշխարհը մեծ հետաքրքրությամբ ու ներշնչանքով, կարող էի ժամերով նայել աստղերին ու հիանալ: Մեր բակում 12 ընտանիք էր ապրում, կարելի է ասել, որ մենք մեծացանք մի մեծ ընտանիքում, ու այդ դաստիարակությունը չափազանց կարևոր էր ու ազդեցիկ: Մենք սովորեցինք ապրել կողքինի ցավով, օգնել շրջապատի մարդկանց, կարողանալ հանդուրժել ու համակերպվել, ճիշտ հարաբերվել տարբեր բնավորության ու հակումների տեր մարդկանց հետ, կապվել շրջապատի մարդկանց հարազատության աստիճան ու միշտ զգալ նրանց կարիքը: Հիմա մանկության ընկերներս կողքիս են, կապը չի կտրվել, մանկության կապվածությունը, սերը արյանս մեջ են: Երեխաներին պետք է մանկուց սովորեցնել սիրել մարդուն: Մեզ այնպես էին դաստիարակել, որ կարողանանք գնահատել աշխատանքով ստեղծվող բարիքը, այն ամենն, ինչ ունենք, հարգենք մեր ծնողների վաստակը: Հորս խունացած կոստյումը շրջեցինք և հակառակ երեսով ավագ եղբայրս հագավ ինստիտուտում սովորելիս: Երբ եղբայրս սկսեց աշխատել, իր համար նոր կոստյում առավ, ու հորիցս մնացած կոստյումը փոխանցեց ինձ: Մի անգամ, երբ մեր ընտանիքը հավաքվել էր ընթրիքի, ծնողական ժողովից վերադարձած մայրս տեղեկացրեց, որ ես քառորդային չորս ունեմ: Եղբայրս հանդիմանանքով նայեց դեմքիս ու դառնությամբ ասաց. «Ամոթ չի՞, էդպիսի կոստյում ես հագնում ու չորս ես ստանում»: Ես ինձ ամենավերջին մեղավորը զգացի, մեղավորության զգացումը ինձ չէր լքում, մտածում էի, որ անարժան եմ այդ երեք սերունդ փոխած կոստյումին: Ես դեմ չեմ երեխաների համար անհոգ ու բարեկեցիկ կյանք ապահովելուն, բայց պիտի սովորեցնել գնահատել բարիքն ու արժեքները, աշխատանքն ու տքնանքը: - Դուք երկու որդի ունեք, ովքեր նույնպես ուսանող են եղել. ինչո՞վ էր տարբերվում Ձեր սերունդը այսօրվա երիտասարդությունից: - Այդ երկու սերունդները տարբեր են իրենց նկարագրով, արժեհամակարգով, ձգտումներով: Խոսքը կոնկրետ տղաներիս մասին չէ, այլ ընդհանրապես երիտասարդ սերնդի: Մենք ավելի լրջախոհ էինք, հասուն, պատասխանատու, սկզբունքային, ազնիվ ձգտումներ ունեինք: Բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին գնում էինք հիվանդանոց ու կամավոր հերթապահում, շփվում հիվանդների հետ, նայում բժիշկների աշխատանքը, սովորում: Ուզում էինք լավ մասնագետ դառնալ: Ուզում էինք ինչ-որ լավ բան անել մեր երկրի, շրջապատի, հայրենակցի համար: Ընդգրկվում էինք ժողվերահսկողության խմբերում, գնում էինք ստուգայցերի տարբեր առևտրի կետեր, հիմնարկներ: Ուզում էինք կյանքն ավելի ազնիվ, օրինավոր դարձնել բոլորի համար: Մեր ձգտումները ավելի շատ հոգևոր ու բարոյական էին, մեր անունն ու պատիվը թանկ էին ցանկացած նյութական արժեքից: Մենք զերծ էինք սպառողական հոգեբանությունից, հակված էինք ստեղծելու, ոչ թե սպառելու: Մինչև հիմա էլ նախկինի պես եմ մտածում: Որդիներիցս մեկը բժիշկ է, մյուսը` իրավաբան: Իրենց ընտանիքներով արձակուրդներին հանգստացան Քոբուլետում: Ես, օրինակ, այդքան փող չէի ծախսի մի քանի օրվա հանգստի համար, երբ կարելի էր ավելի քիչ գումարով և ոչ պակաս գեղեցիկ հանգստանալ Հայաստանում: Իհարկե, ես ըմբռնումով եմ մոտենում, հարգում եմ նոր սերնդի ձգտումները, եթե դրանք չեն անցնում պարկեշտության ու բարոյականության ընդունելի սահմանը: Երբեմն համեմատում եմ հորս ընտանիքը, իմ ընտանիքը և որդիներիս ընտանիքը, ու ցավով նկատում եմ, որ շատ սիրելի ու գեղեցիկ ավանդույթներ, եթե ոչ վերացել, ապա թուլացել են: Նոր բարքեր են եկել: - Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր աշխատանքային կենսագրությունը: - Սպիտակում` 4 տարի վիրաբույժ, Առողջապահության նախարարությունում` 2 տարի ավագ բժիշկ-տեսուչ, Մարտունիում` 8 տարի գլխավոր բժիշկ, այնուհետև 2 տարի աշխատել եմ շտապօգնության հիվանդանոցում և դասավանդել եմ: 1990-93 թթ. աշխատել եմ ՆԳՆ զինհոսպիտալում, 7 տարի վիրաբուժության ինստիտուտում բաժնի վարիչ եմ եղել: 2001-ին զորակոչվել եմ Ազգային բանակ: Եղել եմ ռազմաբժշկական վարչության գլխավոր վիրաբույժը, 2004-ին նշանակվել եմ Երևանի կայազորային հոսպիտալի պետ: Ահա 37 տարվա բժշկական կենսագրությունս: - Ո՞րն է եղել Ձեր ամենածանր կամ ամենահիշարժան վիրահատությունը: - Սրտի առաջին վիրահատությունը: Հերթապահ էի հիվանդանոցում: Սրտի թափանցող վերքով հիվանդ բերեցին: Ես տրոփող սիրտը ափերիս մեջ էի առել, իսկ բժիշկ Սամվել Ամատունին կարում էր: Անպատմելի հուզմունք, անբացատրելի զգուշություն էր տիրել ինձ: - Պատմեք Ձեր ամենամեծ սիրո կամ ամուսնության պատմությունը: - Կնոջս հետ ընկերություն ենք արել առաջին կուրսից: Նույն խմբից էինք: Հինգ տարի հանդիպելուց հետո ամուսնացանք: Հայ կնոջ կատարելատիպը ինձ համար բնորոշվում է համեստությամբ, ինտելեկտով և նվիրվածությամբ: Կինս երազում էր գինեկոլոգ դառնալ: Ես հիշեցրի, որ ինքս վիրաբույժ եմ, շատ քիչ եմ տանը լինում, գինեկոլոգը նույնպես ստիպված է անակնկալ կանչերի պատճառով հաճախ բացակայել տնից, ու երեխաները անուշադրության կմատնվեն: Կինս հրաժարվեց իր երազանքից հանուն ամուսնու ու երեխաների: Ես դեմ եմ կնոջ ու տղամարդու հավասարությանը: Պսակադրության ժամանակ Առաքելական եկեղեցու հոգևորականը տղամարդուն հարցնում է` տե՞ր ես, իսկ կնոջը հարցնում է` հնազա՞նդ ես: Հայ ընտանիքը ամուսնու և կնոջ միջև պետք է լինի «տեր և հնազանդի» փոխհարաբերություն: - Ձեր տղաները նմա՞ն են Ձեզ, Դուք շարունակվո՞ւմ եք նրանց մեջ: - Ամեն մեկի վրա մասնագիտությունը իր կնիքն է դրել: Վիլենը, որը բժիշկ է, ավելի մեղմ է, հանդարտ, ավանդապաշտ, իրավաբան Արմենն ավելի պրագմատիկ է, խստապահանջ, անզիջում, և նման են ինձ, եւ տարբեր են: Ի դեպ, մեր ընտանիքում 4 բժիշկ կա: - Ինչո՞ւ են Ձեր աշխատակիցներից ոմանք բողոքում, թե Դուք երբեմն կոպիտ եք: - Բժիշկը պետք է բարեխղճորեն կատարի իր պարտականությունները: Ամեն ինչում կարելի է թերանալ, միայն ոչ բժշկության մեջ, երբ խոսքը մարդու կյանքին է վերաբերում: Մի քանի անգամ դիտողություն անելուց հետո ես կարող եմ կորցնել ինքնատիրապետումս և գոռալ: - Բուժօգնության ի՞նչ որակ է ապահովում Երևանի կայազորային հոսպիտալը: Ձեզ հարազատ մարդուն Դուք որտե՞ղ խորհուրդ կտայիք վիրահատվել, բուժվել: - Խորհուրդ կտայի վիրահատվել ու բուժվել մեր հոսպիտալում: Շատ բարձրաստիճան զինվորականներ ու նրանց հարազատներ են բուժվել մեր հոսպիտալում, մարդիկ, որոնք կարող էին բուժվել երկրի լավագույն կլինիկաներում: Մեր հոսպիտալի մասնագիտացված բժշկական ծառայությունների որակը չի զիջում հանրապետության ամենաբարձր չափանիշներին: - Հիվանդ զինվորների համար նախատեսված սնունդը ամբողջովին հասնո՞ւմ է նրանց: - Ներքևի օղակներում ոչ ոք սիրտ չի անի յուրացնել զինվորի բաժինը: - Որո՞նք են Ձեր կյանքի, առօրյայի լուսավոր կետերը: - Սիրում եմ իմ ձեռքով պատրաստել և հյուրասիրել հարազատներիս, բարեկամներիս: Սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս միջավայրում: Սիրում եմ խաղալ թոռնիկներիս հետ: Իսկ ամենալուսավորը ապաքինված հիվանդի երախտագետ հայացքն է: Իմ բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ` ես մի կարևոր առաքինություն ունեմ` սիրում եմ իմ հիվանդին:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ