«Տեր ողորմեա» ժամից եկողն է ասում


Առևտրի և սպասարկման կանոնակարգման մասին որոշումը Երևանի քաղաքապետարանը երևանցիներին հրամցրեց այս տարվա հունվարի 1-ից: Կիսամյա ընթացքի մեջ, ինչպես մեզանում բոլոր որոշումները, այս մեկն էլ հասցրեց նախ բարձրագոչ հնչել, ապա` տարուբերումներ ունենալ` մեկընդմիշտ հաստատելով «որոշումներ են` ի հայտ կգան ու անց կկենան» տխուր իրողությունը, և փողոցում կանգնողն էլի կկանգնի: Չարախոսո՞ւմ ենք: Չափազանցնո՞ւմ ենք: Կներեք, իսկ այլ կերպ մտածել, այլ կարծիք ունենալ կարելի՞ է, երբ փողոցային առևտուր կոչվածն աչքիդ առջև է, ամեն քայլափոխի ի տես: Իհարկե, սեփական աչքերիդ պիտի հավատաս և ոչ թե իշխանությունների հավաստիացում ներին առ այն, որ փողոցային առևտուրը կանոնակարգող որոշումն ասպարեզ բերվելուց ի վեր` վեց ամիսների ընթացքում պատկերը բավականաչափ փոխվել է: Ըստ փոխքաղաքապետ Արման Սահակյանի, այդ բավականաչափը ոչ ավել, ոչ պակաս 70-80 տոկոս է: Այսինքն` ստացվում է այսպես. եթե օրինակ, Գարեգին Նժդեհի հրապարակի խանութամերձ մայթին մինչ այս որոշումը փողոցային առևտրով զբաղված էր, օրինակ, տասը մարդ: Այժմ նրանց թիվը 2-3-ից չի անցնում: Դե ասեք, փողոցային առևտուրը կանոնակարգել-պրծել ենք, էլի: Բայց կասվի՞ որ, երբ, օրինակ, նույն այդ հրապարակի մատնանշած մայթը առաջվա խտությամբ առևտրի տակ է: Եթե անգամ պակասել էլ է, միևնույն է, դժվար է այսպիսի ծավալի հետ համաձայնել: Իսկ եթե պակաս տեղ էլ կա, դա էլ սեզոնային առևտուրն է լրացնում: Ձմերուկից փողոցները կանաչին են տալիս: Եվ քանի որ, ինչպես ասում է փոխքաղաքապետը, ձմերուկը աճել է, որպեսզի վաճառվի, և որպեսզի համ վաճառվի, համ էլ վաճառքը կանոնակարգվածության սահմաններում լինի, քաղաքապետարանը օրերս որոշելու է, թե որտեղ կարելի է ձմերուկ վաճառել: Էստեղ են ասել` գործ չեղած տեղից իրենց համար գործ են ստեղծում: Մեր քաղաքապետերից մեկի (բոլորն էլ գիտեն` ում) օրոք այս սեզոնին գյուղացուն թույլ էր տրվել իր ապրանքը վաճառել, որտեղ իրեն հարմար էր ու հեշտ` շենքի պատի տակ, մուտքի մոտ, բակում: Մեր` գնորդներիս գործն էր հեշտացել: Կասեն` բա քաղաքակիրթ առևտո՞ւրը: Մինչև քաղաքակրթությանը հասնելը, մարդուն տարրական բարօրություն է պետք: Իսկ դրանից էլ առաջ մարդն օրահաց վաստակելու խնդիր ունի: Ի վերջո, չհասկացա՞ն, չհամոզվեցի՞ն, որ եթե վաճառողն ու գնորդը «համաձայնության» են եկել (առաջինին ձեռնտու է այստեղ` փողոցում վաճառելը, երկրորդին` գնելը), պետության գործը ոչ թե «ընդդեմն» է լինելու, այլ «հանուն»-ը: Մինչդեռ պետությունը կանգնել է երկուսի մեջտեղում և երկուսից պահանջում է անցնել շուկաներ ու խանութներ: Դրանց տեղը, հարգելի քաղաքային իշխանություններ, վաճառողն էլ գիտի, գնորդն էլ: Վաճառողը չի ուզում իր եկամտից շուկայա-խանութատիրոջը տալ, գնորդն էլ չի ուզում շուկա հասնել: Նա ուզում է գնում կատարել իրեն մոտիկ տեղից, հենց իր դռան առջևից: Եվ այս իրողության մեջ է, որ պետք է փնտրել փողոցային առևտրի «համառելու» պատճառը և ոչ թե 15 տարվա վաղմության մեջ, ինչպես կարծում է Ա. Սահակյանը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ