Ի՞ՆՉ Է ՀԵՐՔՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ


 

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով համարվում էր կառավարությունը լքող ամենահավանական թեկնածուներից մեկը, անհեթեթություն է համարել լուրերն այն մասին, թե իր վերանշանակման հարցում մեծ դեր է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ նրանք ունեն ընդհանուր շահեր հանքարդյունաբերության մեջ: Մեզ հետաքրքրեց, թե կոնկրետ ի՞նչն է անհեթեթություն համարում նախարարը: Վարչապետի միջնորդությո՞ւնը: Իսկ մի՞թե վատ բան է, երբ վարչապետը միջնորդում է` վերանշանակել այս կամ այն նախարարին. չէ՞ որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, վարչապետն է կազմում կառավարության կազմը և ներկայացնում նախագահի հաստատմանը: Մի՞թե տվյալ դեպքում սահմանադրական նորմի գերակայությունն ըստ նախարարի` անհեթեթություն է: Թե՞ իրեն ուրիշներն են միջնորդել:

Այն, որ անպայմանորեն միջնորդություն եղել է` ակնհայտ է, որովհետև այսօր Հայաստանում բնապահպանական ոլորտները գտնվում են խայտառակ վիճակում. չափազանց ծանր դրություն է ստեղծվել անտառաշերտերում, որոնք ոչնչանում են, մի շարք խոշոր բնակավայրերում վտանգված է բնապահպանական ֆոնը, իսկ նախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում: Լուրջ կասկածներ կան, որ Սևան բացթողնվող մանրաձկնային պաշարների մասին ներկայացվող թվերն ուռճացված են, իրականում հարյուրավոր անգամ պակաս մանրաձուկ է լցվում Սևան` այսպես փոշիացնելով պետական միջոցները: Գուցե Արամ Հարությունյանը չի կամենում, որ հիշատակվեն իր և Տիգրան Սարգսյանի բիզնես շահերը: Սա, իհարկե, արդեն այլ խնդիր է: Սակայն ո՞վ չգիտի, որ Արամ Հարությունյանը մեր ամենախոշոր բիզնեսմեններից է, ունի բազմաթիվ ընկերություններ, Եղվարդում նրան են պատկանում շինարարական մի շարք գրասենյակներ... Վարչապետի բիզնեսի մասին չի խոսվում, սակայն վերջերս նրա հրապարակած հայտարարագիրը հուշում է, որ 2009 թվականից ի վեր նրա անձնական դոլարային միջոցները 22 հազարից հասել են 897 հազարի: Ուրեմն, կարիք չկա «զոռով» հանրության ուշադրությունը սևեռել այն հարցերին, որոնց մասին գրեթե բոլորը գիտեն և չեն կամենում հիշել:

Լ.Մ.