ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ


 

Համեստ ու անշահախնդիր մարդու իմիջ ձևավորած ՕԵԿ նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, պարզվում է` այնքան էլ համեստներից չէ: Այս մարդը հասցրել է ձեռք բերել բավական ներկայանալի կապիտալ, այդ թվում նաև` առանձնատուն Սևանա լճի ափին: Ու հիմա նա շուտափույթ վաճառում է իր առանձնատունը, որովհետև Սևանի մակարդակի բարձրացումը վնաս է հասցնում շինությանը:

Իր առանձնատունն է կամենում վաճառել նաև Վայոց Ձորի նախկին մարզպետը: Երբ մենք գրում էինք այն մասին, որ Սևանից ավել քանակությամբ ջուր բաց թողնելը պայմանավորված է չինովնիկների առանձնատներով, նրանցից ոմանք հուզվում էին, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի: Հիմա իրենք են բացահայտում ամեն ինչ` մեզ թողնելով միայն արձանագրողի «գործառույթը»:

Ուշագրավն այն է, որ այս օրերին խիստ անկում են ապրել անշարժ գույքի գները Սևանի ափամերձ շրջաններում, իսկ սա նշանակում է, որ անցյալ ու ներկա չինովնիկները կամենում են գոնե մի կերպ փրկել իրենց ֆինանսական միջոցները, քանի որ հնարավոր չեղավ հերթական անգամ Սևանը ծառայեցնել իրենց ունեցվածքի փրկության համար: