ԴԱ ԷԼ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ


 

Արթուր Բաղդասարյանն օրերս հայտարարել էր, թե սպորտի նորանշանակ նախարարը «Գագիկ Ծառուկյանի մարդն է», իսկ դա նշանակում է, «որ «Բարգավաճ Հայաստանն» այնուհանդերձ իշխանության մեջ իր ներկայացուցիչն ունի» և այսպես թե այնպես իշխանության մաս է կազմում:

Այս հայտարարությունն իր ճշմարիտ արձագանքն ունեցավ ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանի և Ռազմիկ Զոհրաբյանի կողմից, ովքեր պարզորեն բացատրեցին, որ փոքր երկրում պետք չէ փնտրել սրա կամ նրա մարդկանց, մեկս մյուսին կապված ենք, ունենք քաղաքական ու մարդկային մտերմություն: Ասել է թե` քաղաքական տարբեր ուժերում ընդգրկված լինելը մարդկանց չպետք է «սորտավորի»: Ավելին, սպորտի նախարարի նշանակման պարագայում քայլ է կատարվել չքաղաքականացնելու սպորտը և առաջադրելու մի մարդու, ով լավատեղյակ է բնագավառից և դյուրությամբ կաշխատի Օլիմպիական ազգային կոմիտեի նախագահի հետ:

Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանն այս սովորական ճշմարտությունն էլ չի հասկանում և լինելով իշխանության մեջ ու մաս կազմելով կոալիցիային` ըստ էության գաղափար չունի կոալիցիայի որդեգրած սկզբունքների մասին: Սա, իսկապես, ցավալի է ու զվարճալի: