Նշանավոր ՊԱԿ-ականները


 

Արդեն 20 տարի այդ երկիրը ջնջված է աշխարհի քարտեզից, բայց` չի մոռացվում: Սովետմիությունը չկա, բայց կան նրա ժողովուրդները: Ու մանավանդ պետությանը որոշակի ծառայություններ մատուցած անհատների կենսագրությունները շարունակում են հրապարակումների անսպառ նյութ մնալ: Ամերիկյան Foreign Policy հրատարակությունն, օրինակ, մտադրվել է ուսումնասիրել ՊԱԿ-ի` Արևմուտքում առավել հայտնի որոշ նախկին գործակալների կյանքը և ճշտել, թե արդյունքում ինչի՞ հասան` խորհրդային հատուկ ծառայություններին ծառայելով:

Պարզվել է, որ նախկին բոլոր չեկիստները, ավելի ստույգ նրանք, ում արևմտյան լրագրողներն ընդգրկել էին իրենց «ամենա-ամենաների» ցուցակում, իրենց կյանքն ավարտել են անփառունակ, ոմանք էլ` ողբերգականորեն: Նրանցից երջանիկ բացառություն է, թերևս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

15 տարի նա եղել է ՊԱԿ-ի աշխատակից, աշխատել է Արևելյան Գերմանիայում և մարդիկ է հավաքագրել` Արևմուտքում լրտես աշխատելու համար (գրել է լրագրողուհի Կետի Սելան, ում այդ հոդվածը թարգմանաբար տպագրել է InoPressΖ-ն): Այդ տարիների ընթացքում Պուտինը հասել է մինչև փոխգնդա-պետի կոչման: Բայց Ռուսաստան վերադառնալուց հետո` 1990-ից սկսյալ, նրա առաջընթացը սրընթաց վերելք ապրեց, իսկ 1998-ին նա դարձավ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ) տնօրեն:

- Այնուհետև Բորիս Ելցինը նրան վարչապետ նշանակեց. դե, իսկ հետո` դուք գիտեք,- ամփոփել է Կետի Սելան:

Նշանավոր մյուս էքս-ՊԱԿ-ականների բախտն անհամեմատ քիչ է բերել: Բայց հարկ է ընդգծել, որ ամերիկյան լրագրողուհին այս եզրահանգումը կատարել է բացառապես փախստակ, հակառակորդի ճամբար անցածների կենսագրությունների հիման վրա` պնդելով, որ նախկին գործակալներն ապրում են վախեցած կամ բանտում:

ԿՐԿՆԱԿԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ

Կրեմլյան տարաձայնությունները կանխորոշեցին նաև Բորիս Կարպիչկովի ճակատագիրը: ՊԱԿ-ում նա հավաքագրվել էր 1984 թ. ու աշխատել Լատվիայում` Երկրորդ գլխավոր վարչության կառույցում (արտաքին հակահետախուզություն): ԽՍՀՄ փլուզումից հետո նա ներդրվել է լատվիական հատուկ ծառայություններում` դառնալով կրկնակի կամ երկակի գործակալ: 1990-ականների կեսերին ԱԴԾ-ն սկսեց «ավելի ուժգին հուսախաբեցնել» Կարպիչկովին: Լատվիացիները բացահայտեցին նրան, և նա կարճ ժամանակով վերադարձավ Ռուսաստան: 1990-ականների վերջին ՊԱԿ-ում աշխատելու ժամանակներից պահպանած կեղծ անձնագրով Կարպիչկովը մեկնեց Մեծ Բրիտանիա, որի մայրաքաղաքում ապրում է մինչ օրս: Բնականաբար` նա արդեն թոշակառու է և ձգտում է ուշադրություն չգրավել ու «մշտապես զննում է շուրջբոլորը»:

ԵՎՍ ՄԵԿ ՓԱԽՍՏԱԿ

Օլեգ Լյալինը, 1960-ականներից աշխատել է Լոնդոնում` քողարկվելով որպես սովետական առևտրային ներկայացուցչության աշխատակից: Ճանաչված էր նրանով, որ Արևմուտքում հրահրել էր խորհրդային դիվանագետների ամենազանգվածային արտաքսումը. ավելի քան 100 դիվանագետներ վտարվել էին Մեծ Բրիտանիայից` լրտեսության կասկածանքով: Լյալինի` Mi-5 գործակալի ազդեցիկության գաղտնիքը բացահայտվեց 1971 թ.` երբ հայտնի դարձավ քարտուղարուհու հետ նրա սիրավեպը: Այդ փաստը նրա դեմ օգտագործվեց այն ժամանակ, երբ Լյալինը բռնվեց` ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս: Սովետմիություն վերադառնալը վտանգավոր էր, և որպես բրիտանական հետախուզության հետ համագործակցության փոխհատուցում` հմուտ գործակալն այս երկրից հովանավորչություն էր կորզել` իր ու սիրուհու համար: Նրանք ամուսնացան, բայց երկարատև հիվանդությունից հետո լրտեսը վախճանվեց (1995 թ.): Ընդ որում, մինչ օրս հայտնի չէ, թե ինչ հիվանդությամբ էր նա տառապում և որտեղ էր ապրում կյանքի վերջին տարիներին:

ՃԱՐՊԻԿ ԳՈՐԾԱՐՔ

Ամբողջ 9 տարի Օլդրիջ Էյմսը խորհրդային «խլուրդն» էր ԿՀՎ-ում (ՃՀձ): Հետախուզական իր կենսագրությունն սկսել էր 1962-ին, բայց`

- Լրտեսներ հավաքագրելու առաջադրանքներն այնքան վատ էր կատարում, որ պարբերաբար տրվում էր թունդ հարբեցողությանը և ընկնում դեպրեսիայի մեջ` պնդելով, որ հուսախաբվել է նրանից, թե իրեն ինչպես է պատկերվել ամերիկյան արտաքին քաղաքականությունը,- գրել է Foreign Policy-ն:

Տեղափոխվելով ԽՍՀՄ տարածքում գործողությունների հսկողության բաժին, Էյմսը հնարավորություն ստացավ ծանոթանալու Ռուսաստանում ամերիկյան գործակալների անձնական տվյալներին: Այդ ընթացքում նա խճճված էր ամուսնալուծության խնդիրների և սիրուհուց վերցրած մեծ պարտքերի մեջ:

- Հետագայում Էյմսը խոստովանել է, թե իր օգտին լրտեսելու դեպքում КГБ-ն ЦРУ-ի աշխատակիցներին վճարում է ճիշտ այդքան գումար:

Օլդրիջը ճարպկորեն «ծախել» է 25 մարդու (որոնց թվում և իր լավագույն բարեկամներից մեկին` Սերգեյ Ֆեդորենկոյին) և վաստակել շուրջ 4 միլիոն դոլար:

1994-ին, սակայն, Էյմսը դիմակազերծվել է ու դատապարտվել ցմահ բանտարկության. մինչ օրս նա Փենսիլվանիայի բանտում է:

ՊԱՐԳԵՎԱ-ԱԶԱՏԱ...ԶՈՒՐԿԸ

ՊԱԿ-ից վտարվելուց հետո, 1990 թ. գեներալ-մայոր Օլեգ Կալուգինը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և դասախոսել է Ամերիկայի կաթոլիկական համալսարանում: Գիրք է գրել` «Առաջին գլխավոր վարչությունը: Իմ 32 տարիները հետախուզությունում և Արևմուտքի դեմ լրտեսության մեջ». հանդես է եկել լրատվամիջոցներում և վկա դարձել ՊԱԿ-ի գործակալների դեմ տարվող դատընթացներում:

Այս փախստակը ձեռք է բերել քաղաքական փախստականի կարգավիճակ և քաղաքացիություն: 2004 թ. նա ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ-ից ամենաազդեցիկ արտագաղթյալների ցանկում:

Սակայն Կալուգինի վերջն էլ բարի չի եղել: 2002 թ. Ռուսաստանում նա հեռակա կարգով դատապարտվել է` պետական դավաճանության մեղադրանքով: Զրկվել է զինվորական կոչումից, անհատական կենսաթոշակից և ԽՍՀՄ 22 պետական պարգևներից: Դատապարտված է 15 տարվա ազատազրկման: