Հանդուրժողություն


 

Սովորաբար մեր թերթի էջերում ասուլիսներին չենք անդրադառնում` ժամանակավրեպության խնդիր չառաջացնելու համար: Սակայն երկուշաբթի օրը տեղի ունեցած ասուլիսը երկար կմնա մեր հիշողության մեջ որպես սկզբունքայնության և քաղաքական հանդուրժողության դաս շատերի համար:

Այդ ասուլիսի բանախոսներն էին ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԸ և Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Մասնավորաբար խոսելով ՀՀՇ իշխանության տարիներին երկրում տիրող իրավիճակի, թալանի, մազութի և այլնի մասին, Գալուստ Սահակյանը ոչ թե մեղադրեց ՀՀՇ-ին ու իշխանություններին, այլ միանգամայն իրատեսական բացատրություն և գնահատական տվեց իրավիճակին` ասելով.

- Կառավարման պրոցեսներում և ենթակառուցվածքների առումով քննադատում եմ, բայց որ ասեմ, թե ապազգային լարված իրավիճակով մարդիկ են եղել` ես դրա կողմնակիցը չեմ: Նրանք էլ են ուզեցել, որ շատ լավ բաներ անեն, պարզապես ինչ-որ բաներ ստացվել են, ինչ-որ բաներ չեն ստացվել:

Այսինքն, ավագագույն պատգամավորներից և քաղաքական գործիչներից մեկը, ի տարբերություն շատ ընդդիմադիրների, որդեգրել էր ճշմարտությունն ասելու միտումը` նույն թալանի մասին նշելով.

- Համատարած թալանվում էր երկիրը և´ ժողովրդի, և´ մարդկանց: Հողը երբ սեփականաշնորհեցին, անմիջապես, ինչքան գյուղատնտեսական տեխնիկա կար` որպես երկաթ, լոմ վաճառվեց: Կոլխոզների հոտերը միանգամից մի ձմեռվա մեջ լրիվ գլխատվեց: 7000 հիմնարկ-ձեռնարկություններ ունեինք, որ վաուչերի վերածվեցին ու միանգամից փակվեցին: Այստեղ կարելի էր համենայնդեպս ոչ թե հեղափոխական ճանապարհով գնալ, այլ կարելի էր լավ տնտեսվարողներ լինել: Բայց որովհետև իրենց մեջ էլ փորձառուներ չկային, ոչ թե չեն ուզեցել, այլ իրականությունն այն է, որ ունեինք 7000 հիմնարկ-ձեռնարկություններ, մինչև 94 թիվը ոչ մի հատ չունեցանք: Մեծ մասն էլ սկսեց հաստոցները թալանել ու վաճառել որպես երկաթ-լոմ: Ես արձանագրում եմ իրողությունը: Իհարկե, այդտեղ կարելի է մեղադրել վատ ղեկավարելու մեջ, բայց որ մարդիկ կարգազանցներ կամ ապազգային ուժեր են եղել` դրանում չեմ մեղադրում: Նորովի անկախություն է եղել, ամեն ինչը ցաքուցրիվ է եղել:

Մեզ ուրախացրեց այն հանգամանքը, որ վերջապես հրապարակայնորեն գնահատական տրվեց անցած ժամանակներին, ասվեց այն, ինչը երկար ժամանակ չէր ասվել, ինչի շուրջ լռություն էր պահպանվել: Միաժամանակ խոսելով աղմկահարույց մազութի մասին, Գալուստ Սահակյանն իրազեկեց, որ ճաղերի հետևում հայտնվողներ չեն եղել, սակայն մեծ գումար է վերադարձվել պետական բյուջե:

Այս հայտարարությունը նշանակալի է նրանով, որ այն հանդուրժողության է տանում, չի սրում իրավիճակը, հանրությանը չի հրահրում նախկին իշխանությունների դեմ այլ փորձ է անում այն գաղափարը սերմանել, որ կատարվածի մեջ ներկա է նաև ժամանակի գործոնը, որ իշխանություններն էլ անզոր են եղել շատ բան կանխելու: Այսօր հատկապես խորհրդարան եկած մեր ընդդիմադիրներից ոմանք, ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին եղել են վարչապետ, արտաքին գործերի նախարար, մշակույթի նախարարի առաջին տեղակալ և այլն, ամեն ինչ անում են, որպեսզի հանրության և իշխանությունների միջև անդունդ ձևավորվի, որպեսզի մարդիկ թշնամաբար տրամադրվեն իշխանությունների հանդեպ: Մինչդեռ իշխող կուսակցության ներկայացուցիչը միանգամայն այլ հավատամք է որդեգրել` հասկացնել տալով, որ պիտի գերիշխի փոխհամաձայնությունը: Միայն այսպես կկարողանանք առաջ գնալ, միայն այսպես կկարողանանք լուծել մեր առջև ծառացած խնդիրները: