ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է


 

Ամեն տարի, երբ սկսվում է բուհական ընդունելության քննությունների մրցավազքը, նորից հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում վարձավճարների խնդիրը: Շատերն են տրտնջում, որ հայաստանյան բուհերի գերակշռող մեծամասնությունում վարձաչափերը դուրս են խելամտության սահմաններից: Ինչպես տեղեկացանք ԿԳ նախարարությունում` վարձավճարների սահմանման խնդիրը բացառապես տվյալ բուհինն է, նախարարությունը, ասել է թե` պետությունը, որևէ մասնակցություն չունի և չի համակարգում այդ դաշտը:

Վարձաչափերը սահմանում են բուհերի գիտխորհուրդները` որևէ պատասխանատվություն չկրելով դրա համար, հաշվետու չլինելով որևէ մեկի առաջ: Հենց այս հանգամանքն էլ ստեղծել է մի իրավիճակ, երբ մի շարք բուհեր, նշանակում է` մի շարք մասնագիտություններ, դարձել են բացառապես ունևոր ընտանիքների մենաշնորհը` մյուսներին զրկելով դրանք ուսանելու հնարավորությունից: Դիցուք` Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը: Հայտնի է, որ այստեղ ընդունվողները տևական ժամանակ պարապում են կրկնուսույցների մոտ` չբավարարվելով դպրոցում ստացած գիտելիքներով: Հատկապես Բժշկական համալսարանի դիմորդներ պատրաստող կրկնուսույցներն էլ ամենաբարձր սակագներ սահմանողներն են: Շարքային ընտանիքը, կամ, ինչպես ընդունված է ասել, միջին հայաստանցին, չի կարող իրեն շռայլություն թույլ տալ և իր երեխային ուղարկել կրկնուսույցի մոտ: Արդյունքում, ընդունվում են բացառապես ապահովված և ունևոր ընտանիքների երեխաները` նրանցից առավել գիտակներն ու ճարպիկները զբաղեցնելով անվճար տեղերը, մյուսները` վճարովի: Հայաստանում ամենաբարձր վարձավճարը ևս այս համալսարանում է: Սա ևս արգելք է դնում նրանց առջև, ովքեր ունենալով գիտելիքներ և ձգտումներ` հայտնվում են վճարովի համակարգում: Նրանք, բնականաբար, հրաժարվում են բժիշկ դառնալու երազանքից և գնում այլ մասնագիտությունների ճանապարհով: Բժշկական համալսարանում չեն էլ թաքցնում, որ կրթությունը թանկ հաճույք է, ուրեմն` ընտրյալների համար միայն: Իսկ ո՞ւր մնաց Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որ ՀՀ-ում բոլորը իրավունք ունեն ստանալու բարձրագույն կրթություն:

Պարզվում է` չունեն: Վարձավճարները չափազանց բարձր ու ոչ իրատեսական են նաև Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և իրավաբանական ֆակուլտետներում` դրանք ևս դարձնելով «էլիտար», արտոնյալների համար միայն: Հասկանալի է, որ գործազուրկի զավակը, որքան էլ տաղանդավոր` չի կարող ընդունվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, չի կարող երազել դիվանագետ դառնալու մասին:

Զրուցելով մի շարք բուհերի ռեկտորների հետ, մենք ստացանք «գոհացուցիչ» պատասխաններ: Նրանք պնդում էին, որ ստիպված են բարձր վարձեր սահմանել, որովհետև չափազանց քիչ են բյուջետային հատկացումները, որովհետև իրենք ստիպված են լուծել բուհի առջև դրված բոլոր նյութական խնդիրները` սկսած գույքի ձեռքբերումից մինչև աշխատավարձեր: Նրանք կարծես թե ճշմարտությունն էին ասում, սակայն հենց այսպիսի ճշմարտությունն էլ մեր երկրում խաթարում է սոցիալական արդարությունը, առավել մեծացնում անդունդը աղքատների և հարուստների միջև, անգամ մասնագիտության ընտրությունը վերածում սոցիալական անջրպետների հաղթահարման: Եթե այսօր` անցումային շրջանի, երկրում անհաղթահարելի դարձած գործազրկության պատճառով շատերը հասել են աղքատության, արդյո՞ք նրանց երեխաները երբեք հույսեր չպետք է փայփայեն, որ կարող են ընդունվել այսպես կոչված «էլիտար» ֆակուլտետներ և հետագայում լուծել իրենց նյութական բարօրության խնդիրները… Արդյո՞ք աղքատությունն էլ դառնալու է ժառանգական…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ