ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ


 

Երբեմնի հեղինակավոր և ամենաէլիտար համարվող բուհերից մեկը` Երևանի պետական կոնսերվատորիան, հայտնվել է սկանդալային պատմությունների կենտրոնում: Ամեն ինչ սկսվեց ռեկտորի ընտրությունից, երբ ռեկտոր նշանակվեց մի մարդ, ում երաժշտական աշխարհում գրեթե չէին ճանաչում և ում անունն ավելի հաճախ հիշատակվում էր ԳՈՒՄ-ի շուկայի տարածքում գտնվող մսի վաճառքի կրպակի հետ առնչվող պատմություններում: Ռեկտորի ընտրությանը շատ նշանավորներ պրոֆեսորներ չկամեցան առաջադրել իրենց թեկնածությունը, որովհետև համոզված էին, որ Արմեն Սմբատյանն ամեն ինչ «կարգավորել» էր, իսկ դա նրան պետք էր, որովհետև բուհի երրորդ հարկն ամբողջապես վերանորոգվել ու հանձնվել է Սմբատյանի որդու ղեկավարած նվագախմբին: Հետո էլ աղմուկ բարձրացավ շենքի վաճառքի հետ կապված շշուկների առնչությամբ: Որոշ օլիգարխներ աչք են դրել այս շենքին, կամենում են այն վերածել էլիտար հյուրանոցի:

Կրթության և գիտության նախարարությունը հերքեց այն լուըերը, թե Կոնսերվատորիան ցանկանում են լուծարել և միավորել Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին: Շենքի մասին գրեթե ոչինչ չասվեց: Հիմա էլ նոր աղմուկ է բարձրացել: Ինչպես մեզ տեղեկացրեցին կոնսերվատորիայից, ռեկտոր Շահինյանն աշխատանքից ազատել կամ լուծարել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի մոտ 70 տոկոսի աշխատանքային պայմանագրերը: Այն, որ այս բուհը միակն է մեր երկրում, որի դասախոսները ստանում են ամենաչնչին աշխատավարձեր` այդպես էլ հանելուկ թողնելով, թե ուր են գնում բուհի արտաբյուջետային միջոցները` շատերին է հայտնի: Հայտնի է նաև, որ նշանավոր շատ պրոֆեսորներ այստեղ ստանում են 40-50 հազար դրամ աշխատավարձ, ինչը պարզապես ծաղր է… Հիմա էլ մարդկանց վռնդում են, որովհետև այդպես է կամենում ռեկտորը…

Կոնսերվատորիան իսկապես ճգնաժամային օրեր է ապրում, իսկապես քիչ են դիմորդները, քանի որ շատերն այլևս երաժշտության հետ չեն կամենում կապել իրենց ապագան` տեսնելով արվեստագետների սոցիալական այն ծանր պայմանները: Սակայն դիմորդների սակավությունը պայմանավորված է նաև Երաժշտանոցի տնօրինության վատ աշխատանքով. այստեղ չեն կարողանում համակողմանի աշխատանքներ իրականացնել` բուհի հեղինակությունը բարձրացնելու, այն տարածաշրջանային կրթական կենտրոնի վերածելու համար: Ու ստացվում է, որ փոխանակ ռեկտորի վատ աշխատանքի հարցը քննարկվի` նա է աշխատանքից ազատում շատ ու շատ դասախոսների: Կոնսերվատորիայում բողոքի մեծ ալիք են պատրաստվում բարձրացնել, ինչն էլ գուցե առիթ դառնա, որ լրջորեն քննարկվի բուհի ղեկավարության հարցը…