ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ

«Մեծն Մուրադը» 20 տարեկան է


 

Արցախյան գոյապայքարի տարիներն ամենաբեկումնայինն ու հերոսականն էին մեր նորագույն պատմության մեջ: Իսկ փառահեղ հաղթանակի կերտողներն իրենց անձնվիրությամբ, սխրանքներով է´լ ավելի հարստացրին այդ էջերը: Նրանք անվարան մեկնեցին ռազմադաշտ, անձնուրաց մարտնչեցին, որ հպարտ ու կանգուն լինի Արցախն` իր լեռների պես:

Արցախամարտի թեժ մարտերում հերոսացած «Մեծն Մուրադ» ջոկատը 20 տարեկան է: Երկու տասնամյակ է անցել, իսկ հուշերը թարմ են. դեռ միահյուսված են հաղթանակի ցնծությունն ու կորստի կսկիծը: Մարտիկները հաճախ են հանդիպում, պատմում, վերապրում:

1992-ի հունիսյան այս օրերին կազմավորվեց ջոկատը և 19-րդ դարի անվանի հայդուկապետ Մուրադի հիշատակին` անվանվեց «Մեծն Մուրադ»: Հրամանատարը ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ) անդամ, նշանավոր «Վան» գործողության մասնակից, լիբանանահայ Գևորգ Գյուզելյանն էր: Գալով Հայաստան` նախ ձեռնամուխ եղավ իր փորձն ու ռազմական հմտությունը մարտիկներին փոխանցելու աշխատանքներին: Մեկ տարի անց ջոկատը ձևավորվեց: Տղաներից շատերը հենց նույն օրն էին վերադարձել Հադրութի Ցոր գյուղից` երբ Մարտակերտ մեկնելու հրաման եղավ: Կամավորականները տարբեր շրջաններից էին, իսկ հիմնական մասը` 10 մարտիկներ` Վանաձորից: Կարճ ժամանակում ջոկատը կարողացավ պատվով իրականացնել իր մեծ առաքելությունը, զգալի վնասներ պատճառել հակառակորդին ու նաև ռազմավար հայթայթել:

«Մեծն Մուրադ»-ի փոխհրամանատար Ռազմիկ ՄԱԴԱՐՅԱՆԸ պատրաստակամությամբ է պատմում ջոկատի մասին.

- Մեր ջոկատում ոչ ոք որևէ կուսակցական պատկանելություն չուներ, մեր տղաները զինվորներ էին, ովքեր զենք վերցրեցին` պաշտպանելու հող հայրենին և մեր բոլոր սրբությունները: Իսկ հրամանատարը գերազանց էր տիրապետում մարտավարության կանոններին և գրագետ ձևով էր վարում բոլոր գործողությունները: Ջոկատի հիմնական կորիզը 20-25 մարտիկներ էին, իսկ ընդհանուր կազմը փոփոխական էր: «Մեծն Մուրադը» մարտնչել է Մարտակերտի շրջանում: Ծանր ժամանակահատված էր, Շահումյանն արդեն գերեվարված էր, հանձնվեց նաև Մարտակերտը, սակայն մեզ հաջողվեց մի քանի անգամ ազատագրել Մոխրաթաղ գյուղը: Մեր մարտիկներն ակտիվորեն մասնակցել են Գանձասարի, Վաղուհասի, Վանքի պաշտպանությանը: Ծանր էր, բայց ոչ ոք երբեք չընկճվեց ու չկոտրվեց:

Ջոկատի կազմում մարտնչած միակ կին ազատամարտիկը Բավական ՈՓՅԱՆՆ է, ով ամուսնու հետ անվարան մեկնեց մարտադաշտ` որդիներին թողնելով ծնողների խնամքին.

- Ամուսինս Արցախում էր: Խիստ ծանր շրջան էր. ուժերն` անհավասար: Մարտակերտը գրեթե գրավված էր: Եվ ահա տղաները եկել էին` օգնական ուժ տանելու: Իսկ դա չափազանց դժվար էր: Շատերը ցանկություն չունեին, ոմանց ընտանիքի անդամները թույլ չէին տալիս: Ամուսնուս հայտնեցի, որ պատրաստվում եմ իր հետ Արցախ մեկնել: Զարմացավ, բայց չառարկեց: Միշտ մտածել եմ, որ ծանր իրավիճակներում կանայք ևս պետք է զենք վերցնեն ու պայքարեն: Իզուր չէ ասված` առյուծն առյուծ է` լինի արու, թե` էգ: Գիշերը ճանապարհվեցինք: Ծնողներիս չէի զգուշացրել, նամակ թողեցի: Մեկնեցինք ամենաթեժ վայրերից մեկը: Երբ մահապարտները եկան, փոխարինեցին նաև մեր ջոկատին, թեև պատմությունը մի փոքր աղավաղված է և երբեք չի խոսվում այն մասին, որ տեղի ջոկատներից զատ, «Մեծն Մուրադը» ևս այդ օրհասական պահին այնտեղ էր, երբ մահապարտներն օգնության հասան: Վանքը դատարկվել էր արդեն, սակայն որոշ ընտանիքներ քաջալերված վերադաձան իրենց օջախները:

Ջոկատի մարտիկներից Նորիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ևս մեր խնդրանքով որոշ դրվագներ վերհիշեց.

- Հունիսի 30-ին գնացինք` պաշտպանելու Մարտակերտի հեռուստաաշտարակի բարձունքը: Մարտակերտը գրեթե չկար, մնացել էր այդ կղզյակը, որի պաշտպանությունը վստահված էր մեր ջոկատին: Շուրջ 20 հոգի էինք, իսկ գործողության ղեկավարը Ռազմիկ Մադարյանն էր: 3 օր ու գիշեր անընդմեջ հակառակորդը կրակում էր` կիրառելով զենքի բոլոր տեսակները` ընդհուպ մինչև օդուժ: Ներքևից նահանջելու հրաման ստացանք, սակայն չնահանջեցինք: Արյան գնով պահեցինք բարձունքը, սակայն օրեր անց այն հանձնվեց: Դա ամենաթեժ կռիվներից էր: Հնարավոր չէ ասել, թե նրանք քանի անգամ էին մեզ գերազանցում: Ես հաշվակել էի, յուրաքանչյուրիս օրական բաժին էր հասնում շուրջ 25-30 արկ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ