Իրանի և Հայաստանի ընտրությունների արմատական տարբերությունը


Մայիսի 21-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել է Նախագահի ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 11-ը, իսկ հունիսի 12-ին Իրանի ժողովուրդը կընտրի իր նախագահին: Թեկնածուները 4-ն են` գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քյառուբին, 1979 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո երկրի վերջին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին (վերջին, որովհետև հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնու մահից հետո սահամադրության մեջ կատարված փոփոխության համաձայն այդ պաշտոնը վերացվել է), և իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի նախկին հրամանատար, վարչակարգի շահերը բնորոշող Բարձրագույն Խորհրդի քարտուղար, գեներալ Մոհսեն Ռեզային: Իրանի Սահմանադրության համաձայն` ամեն պատահական մարդ չի կարող գրավ մուծել, մի քանի տասնյակ համակիրներից բաղկացած նախաձեռնող խումբ ստեղծել և հենց նրանց կողմից էլ փաստացիորեն ինքնաառաջադրվել Նախագահի թեկնածու: Առաջադրվելու իրավունքը տալիս է «Սահմանադրության Պահապանների Խորհուրդը», որն էլ որոշում է, թե ո՞վ է համապատաս խանում պահանջվող չափանիշներին: Այս կերպ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն ապահովագրում է պատահականություններից, այն վտանգից, որ որևէ անարժան մարդ չկարողանա առաջադրվել Նախագահի թեկնածու և հետագայում խաբել միլիոնավոր ընտրողներին, գրավել նրանց իր լեզվի ճարտարությամբ կամ քսակի զորությամբ և զբաղեցնել այդքան բարձր պետական պաշտոն: Այս անգամ ընտրությունների անցկացման գլխավոր շտաբը գրանցել էր Նախագահի պաշտոնի 475 հայտ, որից 433-ը` տղամարդու և 42-ը` կնոջ: Իրանի Սահմանադրության Պահապանների Խորհուրդը այս 475-ից ընդամենը վերը նշված 4-ին թույլատրեց մասնակցելու ընտրություններին: Եթե առաջնորդվենք երկրի բոլոր քաղաքացիների իրավահավասարության եվրոպական սկզբունքներով` այստեղ մարդու իրավունքների որոշակի սահմանափակում կա: Մեզ սովորեցրել են, թե բոլոր մարդիկ հավասար են, թե երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարող է զբաղեցնել ցանկացած, այդ թվում նաև Նախագահի պաշտոնը: Մեզանում յուրաքանչյուրին թվում է, թե ինքն ամենախելացին է, թե ինքն ավելի շատ և ավելի լավ է հասկանում, քան դիմացինը, այդ թվում նաև` երկրի ղեկավարը: Մենք հասարակայնորեն դեռ չենք գիտակցում պետության բարձրագույն ղեկավարի պաշտոնի բացառիկ նշանակությունը: Մեզանում քննադատությունը, խոսքի ազատությունը, բազմակարծությունը շփոթվում է առաջին հերթին հենց Նախագահին ուղղված հայհոյաբանության, զազրախոսության, անզուսպ ատելության քարոզի հետ: Ոչ մի կայացած ժողովրդավարական երկրում նման բան չկա և չի կարող լինել: Ոչ մի նորմալ մարդ, որքան էլ համաձայն չլինի իշխանությունների հետ, չի կարող ելնել այն կանխադրույթից, թե տվյալ իշխանավորը, այդ թվում նաև` երկրի Նախագահը, մեղա քեզ, Տեր, երկրի «թշնամին» է, «դավաճան» է, դիտավորյալ այնպես է անում, որ երկիրը վնասվի, պետությունն ու ժողովուրդը տուժեն: Մենք և պարսիկ ժողովուրդը համարյա հասակակիցներ ենք: Վերջին երկուսուկես հազար տարում նրանց պետականության շղթան գրեթե երբեք չի ընդհատվել, նրանք իրենց անկախությունը երբեք չեն կորցրել: Ինչո՞ւ: Որովհետև միշտ ազգովի գիտակցել են պետության բացառիկ նշանակությունը իրենց ազգային գոյության համար, հասկացել են, որ ավելի լավ է ունենալ վատ պետություն, պետության նույնիսկ վատ ղեկավար, քան` ընդհանրապես չունենալ: Իսկ մե՞նք: Քանի-քանի անգամ ենք կորցրել մեր իրարահաջորդ պետականությունները: Դժվար վերագտել ենք, հեշտ կորցրել, այն էլ` հարյուրամյակներով: Չենք ունեցել ու, ցավոք, դեռ չունենք պետական մտածողություն: Մեր մի քանի հազարամյակի պատմության ընթացքում հազվադեպ ենք ունեցել այնպիսի իմաստուն գործիչ, ինչպիսին էր 4-րդ դարի նշանավոր քահայանապետ Ներսես Մեծը: Երբ հայ նախարարներն ու եկեղեցական գործիչները դիմեցին Ներսես քահանայապետին, հորդորելով նամակ հղել Բյուզանդիայի Վաղես կայսերը` Պապ թագավորին գահընկեց անելու խնդրանքով (որովհետև Պապը, իբր, թշնամի էր քրիստոնեական եկեղեցուն), Ներսես կաթողիկոսը, որ ինքն էլ խիստ դժգոհ էր Պապ թագավորից, պատասխանեց. «Ես իմ հիվանդ ոչխարից երբեք չեմ բողոքի բյուզանդական գայլին»: Այնուամենայնիվ, մի քանի տասնամյակ անց, 428 թվականին, հայ նախարարների բողոքի հիման վրա Հայաստանում վերացավ Արշակունյաց արքայատոհմը, երկիրը կորցրեց իր անկախութ յունը և մնաց որպես Պարսկաստանի մարզպանություն: Սրանք մեր պատմության դառը դասերն են, որոնցից, ավաղ, մենք այդպես էլ ոչ մի դաս չենք քաղել: Մի՞թե հիմա մեզանում քիչ են այնպիսիները, ովքեր, իբրև թե Հայաստանում ժողովրդա վարություն հաստատելու «ազնիվ» մղումներով, երկրի ներքին կյանքից ու առանձին իշխանավորներից ունեցած իրենց արդար կամ անարդար ցանկացած դժգոհության մասին թմբկահարում են աշխարհով մեկ, բողոքում են միջազգային կառույցներին: Այդ ատյանները մեզ համար ժողովրդավարական պետությու՞ն պիտի կառուցեն, բարեկեցությու՞ն պիտի ստեղծեն, մեր երկրում արդարությու՞ն պիտի հաստատեն: Ո°չ: Մեր վայնասունը պիտի ուղղեն մեր պետության դեմ, ուրիշ ոչինչ: Սա է մեր և իրանական ընտրությունների արմատական տարբերությունը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ