«Չի կարող լինել իմ կամ քո ժողովուրդ»


Քարոզարշավի վերջին տասնօրյակը գնահատում եմ բավականաչափ նորմալ: Իհարկե, որոշ միջադեպեր, ցավոք, ստվերեցին քարոզչական գործընթացը: Այդուհանդերձ, հույս ունեմ, որ մենք այսուհետ կկարողանանք առանց որևէ արտակարգ իրավիճակների հասնել մայիսի 31-ին: Մեր կարծիքով ԲՀԿ-ն կարողացավ օգտագործել քարոզչական զինանոցի բոլոր հնարավորությունները. բակային հանդիպումներ, փոքր և մեծ հանրահավաքներ, հեռուստաելույթներ: Կարծում եմ` այս ընթացքում մեզ հաջողվեց հնարավորինս մեծ թվով երևանցիների ներկայացնել այն մայրաքաղաքը, որը կունենան իրենք` իրենց քվեն «Բարգավաճ Հայաստանին» տալու դեպքում: Ի դեպ, բազմաթիվ անկախ փորձագետներ, մեր ծրագիրը համարել են պոպուլիզմից ամենազերծը: Մենք լավ ենք գիտակցում, որ ցանկացած քարոզարշավից հետո գալիս է սեփական խոստումների և հայտարարությունների համար պատասխան տալու ժամանակը, և փորձում ենք Երևանի սոցիալ-տնտեսական մեր ծրագիրը` այս ռեսուրսներով, տնտեսական ճգնաժամի պայմաններում դարձնել իրականություն: Դատելով այն ակտիվությունից, թե ինչպես է օրեցօր ավելանում մեր համակիրների թիվը, կարծում եմ` հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրը` հավակնելու երևանցիների առավելագույն թվով քվեին: - Ընտրողների հանդիպումներն ու անմիջական շփումները ձեր պատկերացումներին, ձեր ճանաչողությանը նոր բան ավելացրի՞ն: - Յուրաքանչյուր օրը մեզ համար նոր ազդակ է երևանցիներից: Իմ կարծիքով` մենք բավական արդյունավետ տարբերակ ենք ընտրել: Հանդիպումների ընթացքում գրառվում են հնչող բոլոր առաջարկները, որոնք քննարկվում են, և հաջորդ հանդիպման ժամանակ փորձում ենք տալ այն հարցերի պատասխանները, որոնք բարձրաձայնել էին մեր համաքաղաքացիները: Ի դեպ, նույն սկզբունքով է կազմվել նաև Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման մեր ծրագիրը: Մինչ այն կազմելը, մենք մեծածավալ հարցումներ ենք անցկացրել երևանցիների շրջանում` պարզելու համար, թե ի՞նչ հարցադրումներ են հուզում նրանց: Բնակչության կենցաղը բարեկեցիկ դարձնելու գործում չեն կարող և չպետք է լինեն կարևոր ու անկարևոր խնդիրներ: Երևանցիների ցանկությունն առաջին հերթին մաքուր քաղաք ունենալն է: Նրանց, բնականաբար, մտահոգում է նաև էկոլոգիական վիճակը, որն իսկապես աղետալի է: Ունենալ կանաչապատ և լուսավոր քաղաք. սա է հիմնական ցանկությունը: Ընտրողը կարևորում է և քաղաքային տրանսպորտի վիճակը: Այս խնդիրների համալիր լուծման հետ համատեղ մենք պետք է կարողանանք վերականգնել երևանցու հավատը քաղաքային իշխանության հանդեպ և նրան զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկներից: Պետք է կարողանանք այնպիսի կադրերով համալրել քաղաքային իշխանությունը, ովքեր հստակ գիտակցում են, որ իրենց նպատակը քաղաքացուն ծառայելն է: Գաղտնիք չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քաղաքացիներից բազմաթիվ նամակներ է ստանում` իրենց հանդեպ դրսևորվող արհեստական վերաբերմունքի, քաղաքապետարանում իրենց դիմումների պատասխաններն արհեստականորեն ձգձգելու վերաբերյալ: Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակցի պարտքն է քաղաքացուն սպասարկելը, նրան ծառայելը, ինչը, կարծես մոռացել են մեր քաղաքապետարանի չինովնիկները: - Ձեր մրցակից կուսակցությունների հետ համագործակցության հեռանկար տեսնո՞ւմ եք: - ԲՀԿ-ն մշտապես հանդես է գալիս հանդուրժողականության դիրքերից, թեև դա շատերի կողմից չի ընկալվում: Երբեմն, ոչ կոռեկտ դրսևորումների պատճառով տեղի ունեցած միջադեպերը մտահոգության տեղիք են տալիս: Մեր դիրքորոշումն այդ հարցին այսպիսին է. պետք չէ հասարակությունը բաժանել թշնամական ճամբարների: Որովհետև չի կարող լինել իմ կամ քո հասարակութ յուն, չի կարող լինել իմ կամ քո ժողովուրդ: Արդար և ազատ ընտրությունների հարցում մենք պատրաստ ենք համագործակցության թե° իշխանական, թե° ընդդիմադիր ուժերի հետ: - Ընտրությունից ընտրություն, կարծես, պակասում է ընտրողի հավատը սոցիոլոգիական կոչվող հարցումների հանդեպ: Ձեր գնահատականը` այդ հարցումներին, և, արդյո՞ք հրապարակված թվերը համընկնում են կուսակցության կողմից կատարված ու չհրապարակվող հարցումների արդյունքներին: - Սոցիոլոգիան լուրջ գիտություն է, եթե դրանով զբաղվում են լուրջ մարդիկ: Ցավոք սրտի, Հայաստանում սոցիոլոգիան վերածվել է ընտրական բիզնեսի, որով զբաղվողներն ընտրական գործընթացների ընթացքում սնկի նման գլուխ են բարձրացնում: Ես նույնիսկ հարկ չեմ համարում պատասխանել Ահարոն Ադիբեկյաններին և այն սոցիոլոգներին, ովքեր իրենք էլ խճճվում են իրենց հրապարակած թվերի իրարամերժության մեջ: - Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի քարոզարշավը, որպեսզի քարոզչությունը ծառայի նպատակին և հիմքում իսկապես լինի գաղափարախոսությունը: - Կարծում եմ` ընտրությունից ընտրություն քաղաքական ուժերն ավելի հստակ են կարողանում ճշտել իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը: Այսօր մենք գիտենք, թե մեր որ հնարավորությունները որտե՞ղ և ինչպե՞ս օգտագործել: Հանձնաժողովների մեր բոլոր անդամները հրաշալիորեն տիրապետում են իրենց աշխատանքին, ընտրական օրենսդրությանը, և մենք բավական վստահ քայլերով ենք գնում ընտրությունների: Ունենք ներկայանալի համամասնական ցուցակ, որտեղ ընդգրկված անհատները լավ մենեջերներ են, լավ կառավարիչներ, լավ վարչարար ներ: Դա մեզ իրավունք է տալիս պնդելու, որ լուրջ ներկայություն ենք ունենալու Երևանի քաղաքային իշխանությունում: - Սփյուռքի մեր հայրենակիցները մտավախություն ունեն, հավանաբար մարտի 1-ը նկատի ունենալով, որ հունիսի 1-ին կարող են լուրջ զարգացումներ կամ միջադեպեր լինել: Դատելով Ձեր հանդիպումներից, ժողովրդի տրամադրվածությունից, Դուք բացառո՞ւմ եք դրա հնարավորությունը. եթե ոչ, ապա ո՞ր պարագայում կարող են նորից կրքեր բորբոքվել: - Ես կարծում եմ, չկա նման իրավիճակ: Պետք է ասեմ, որ քաղաքական ուժերին հաջողվեց միմյանց հանդեպ չկիրառել սև քարոզչության տեխնոլոգիաներ, և յուրաքանչյուրն զբաղվեց իր գործով` ընտրողներին ներկայացնելով սեփական ծրագրերը: Այս պահին ես չեմ տեսնում այն ներքին լարվածությունը, որը կարող է հանգեցնել տհաճ զարգացումների: Հուսով եմ, որ մայիսի 31-ի ընտրություններում երևանցին կկատարի իր ճիշտ ընտրությունը` անկախ նրանից, թե ո՞ր քաղաքական ուժի համամասնական ցուցակին է տվել իր քվեն: Հուսով եմ, որ ընտրողն ի վերջո գիտակցելու է, որ, եթե ինքը կաշառքով է ընտրում ինչ-որ մեկին, և նա էլ չի արդարացնում իր հույսերը, ուրեմն պետք է մեղադրի ինքն իրեն, այլ ոչ` ապաշնորհ «ընտրյալին»: Հուսով եմ` երևանցին հստակ գիտակցելու է, որ իր ընտրության պատասխանատուն լինելու է ինքը: Այնպես որ` մեր մայրաքաղաքաբնակներին մաղթում եմ սթափորեն ընտրություն կատարելու կամք, իր ձայնի և Երևանի տերը լինելու հաստատակամություն:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ