ԴՈՒ ՍԻՐՈՒՄ ԷԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ.


ՏԱՍՆՄԵԿԸ ԳՐԵԼ ԵՆՔ, ՀԱԶԱՐ ՏԱՍՆՄԵԿԸ` ՄՏՔՈՒՄ... Պաշարված մարդու դառը խոհեր Ձին մի բան է մտածում, հեծյալը` մեկ այլ բան: Ջոն ՌԵՅ Նախ հաշվենք գրված տասնմեկը. 1988 թ. փետրվարի 21-ի որոշումը` մեկ: Սումգայիթը` երկու: «Զվարթնոց» օդանավակայանը` երեք: Հուլիսի 18-ը` չորս: Ասկերան-Խոջալու-Կիրովաբադ-Շուշի -Բաքու` հինգ: Նոյեմբերի 24-ը` վեց: Պարետային ժամը` յոթ: Դեկտեմբերի 7-ը` ութ: Սումգայիթյան խայտառակ դատավարություն-ծաղրը` ինը: «Ղարաբաղ» կոմիտեի տղաների ապօրինի ձերբակալումը` տասը: Շրջափակումը` տասնմեկ (թե ինչ-որ բան բաց եմ թողել` ներող եղեք): Ավելացնենք նաև զանգվածային լրատվական բոլոր կենտրոնական (տես նաև` ադրբեջանական, ժամանակ առ ժամանակ նաև` հայկական) միջոցներով շարունակվող հակահայկական և հակադեմոկրատական հիստերիան (սա վերթվաբանական հասկացություն է) և կունենանք վերջին քսան ամիսների ընթացքում կենտրոնական ղեկավարությունից մեզ հրամցված ընծաների հիմնական տեսականին (բոլորդ էլ միտինգների մասնակցում եք, ուստի բացատրել-ապացուցել-համոզելու կարիքը չեմ զգում): Հիմա` հազար տասնմեկի մասին: Ճիշտն ասած, թիվն ընդամենը խորհրդանշական- պայմանական է: Սակայն էությունը դրանից չի փոխվում: Ասել է թե` այն ամենը, ինչը դեռ մատուցվելու-գալու է մեր գլխին: Գալու է: Անխուսափելիորեն (էն վերևինները եկան, չէ՞…): Բայց այս անգամ պարտավոր ենք կանխատեսել: Պետք է պատրաստ լինենք: Կասեցնենք: Հակահարված տանք: Մե°ր քայլն անենք: Հայաստան-Արցախը շրջափակման մեջ են: Ձեռք մեկնող չունենք: Գերագույն խորհուրդ` չունենք: Ապահովություն` չունենք: Երաշխիք` չունենք: Ավտոճանապարհ` չունենք: Երկաթուղագիծ` չունենք: Թուղթ` չունենք: Վառելիք` չունենք: Զենք` չունենք: Զորք` չունենք: Բոլորը հանրային սեփականություն է, ասել է թե` նաև մերն է, բայց մի պայծառ օր` ԴՈՒՔ ո՞¯վ եք որ… Ու մաթևոսյանական հերոսի պես պիտի սրա-նրա դուռը ծեծենք. Հինգ կոպեկ տաս… «Ավանգարդ» 20 սեպտեմբերի, 1989 թ. ՄԵՐ լավ ընկեր, Այդին Մորիկյան, դու այլևս չես քայլելու ապրողների շարքում, սակայն բարի անունդ, կարճատև կյանքիդ լուսավոր հետքը միշտ ուղեկցելու է բոլորիս: Ճակատագիրը քեզ երես չէր տվել, բայց ճիշտ էր ուղղորդել: Դու լավ գիտեիր, որ ճշմարիտ լրագրողը սոսկ նա չէ, ով մտքերը սահուն շարադրել և փաստերն համակողմանիորեն ներկայացնել գիտե: Մեր մասնագիտության հիմքում, գրագիտությունից էլ առաջ, կարևորը մարդկային որակներն են, որոնցով հարուստ էր էությունդ. արժանապատվությո°ւն, ուղղամտությո°ւն, ազնվությո°ւն, հարգանք` մարդու հանդեպ… Եվ, իհարկե, հանդուրժողականություն ու մեծահոգություն: Այսպիսին էիր դու ի սկզբանե: Եվ առաջին իսկ այցդ խմբագրություն, մեզ հուշեց, որ արժանի գործընկեր ենք ունենալու: Իսկ համատեղ աշխատանքի ընթացքում արդեն, ու դրանից հետո էլ, հպարտ էինք քեզ ճանաչելու համար: Ահա թե ինչու քեզ հետ բոլոր առնչվողները քո հանդեպ տածում էին նույն զգացումը, ինչը մի ժլատ բառով կարելի է անվանել գնահատանք: Իսկ պրպտուն միտքդ, շրջապատողներիդ օգտակար լինելու ձգտումդ, ինքնայրումիդ կայծերը ջերմացնում էին մարդկանց, բոլոր բառերից ավելի պերճախոս ասում էին` «Ես ձեզ սիրում եմ, մարդիկ»: Վերաբերմո°ւնքդ էր ասում, դու շատ խոսել չէիր սիրում: Մանավանդ քո հասցեին` գովեստներ ու շնորհակալական բառեր լսել չէիր սիրում: Լռությունդ հասկանալի էր բոլորին, ու ինքդ էլ չարտաբերված հույզերն ավելի ճիշտ էիր ընկալում… Քեզանով Երկնային Արքայությունը մի բարի հոգի էլ շահեց, բայց մեր հոգիներում թանձրացավ կորստի ցավը: Իսկ այդ ցավը քեզ ծանոթ էր` թեև երբեք զգացնել չէիր տալիս անգամ տխությունդ, մեր լավ բարեկամ, շիտակ ընկեր: Երկրային կյանքում երբևէ որևէ մեկի չէիր դառնացրել: Նույնիսկ քեզ դառնացնողներին ցավեցնել չես էլ փորձել: Իսկ հիմա զգացի՞ր գոնե, թե քանի¯ հազար անկեղծ ափսոսանք ու արտասվախառն քանի թառանչ հորդեց` անգամ քեզ քիչ ճանաչողների սրտից: Խաղա°ղ ննջիր, սիրելի Ընկեր, արժանապատիվ Մարդ ու բարձրախոհ Մտավորական: «ԱՎԱՆԳԱՐԴ»