Ծանր է, շատ ծանր


Դու գրիչ ունեիր, չսպառված գրիչ, որ պետք է սահեր 100 հազարավոր էջերի վրա: Դու երազանքներ ունեիր, չավարտված գործեր, բայց շտապեցիր լքել մեզ, անդարձ ճանապարհ ընկար: Այլևս մեր կողքին չէ այն համեստ, լռակյաց, բայց համարձակ Այդինը, ով որպես զինվորական թղթակից հասավ պատերազմող Աֆղանստան, կրակոցների տակ փաստեր հավաքագրեց ու թերթ բերեց հրապարակումների մի ամբողջ շարք: Երկրաշարժի ծանր օրերին, Սպիտակում վրանի տակ թերթ հրատարակեց, հոգևոր թև ու թիկունք դարձավ ողբերգություն ապրող աղետյալներին: Հետո պայքարեց Հայաստանի, Արցախի անկախության, հայոց բանակ ունենալու համար: Մեր ազգային զարթոնքի հանրահավաքների ակտիվ մասնակիցը եղավ, Օպերայի աստիճանները նրա համար էլ նստացույցի վայր դարձան: Պայքարեց, հաղթեց ու ապրեց անկախ Հայաստանում, տեսավ ազատագրված Արցախը, Հայոց բանակի կայացումը: Մի վերջին երազանք էր մնում. տեսնել հայի շնչով շնչող Մուշն ու Վանը, Իգդիրը, Ղարսը… Չհասցրեց, չկարողացավ հաղթահարել կրծող ցավը: Ծանր է, շատ ծանր, երբ մենք` տարեցներս ենք կրտսերներին անդարձ վերջին ճանապարհ ուղեկցում: Ինչ արած, ճակատագիր է ու մինչև հերթը մեզ հասնի, ցավով կհիշենք ձեզ` մեզ վիշտ պատճառող, մեզանից անժամանակ հեռացող «Ավանգարդ»-ի տաղանդավոր տղաներ` Մուշեղ Գալշոյան, Մուշեղ Միքայելյան, Սասուն Թորոսյան… և քեզ` բոլորի կողմից սիրված, անմոռանալի Այդին Մորիկյան:

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ