Առաջին բեմելի փորձությունը


«Լավ բեմադրիչ դառնալու համար հարկավոր է ի ծնե դերասան լինել»£ Կ. Ս. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի այդ երեկոն քննական հուզախռիվ զգացողություններով էր հագեցրել դահլիճի մթնոլորտը£ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնի երրորդ կուրսի ուսանողները «Հին ու նոր օրեր» խորագրով ներկայացնում էին հատվածներ ուսումնառության ընթացքում կատարած բեմադրական աշխատանք ներից£ Արդի հայ թատերարվեստի ականավոր վարպետներից մեկի` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում ձեռք բերած գիտելիքների հրապարակային հաշվետվությամբ առաջին անգամ հանդես գալով մեծ բեմում` նրանք, նախ, հնչեցնում են ասույթներ` քաղված համաշխարհային բեմի անգերազանցելի անհատականություններից մեկի` Ստանիսլավսկու թատերահավատամքից£ Թատրոն տաճարին ծառայելու անդամագրված այս երկու տասնյակ երիտասարդների արտաբերած թևավոր խոսքերով հանդիսատեսի համար հստակվում է ոչ միայն Ստանիսլավս կու հանրահայտ համակարգի բացառիկ արժեքավորությունը, այլև տեսական հիմքը, որի վրա կառուցել են իրենց մասնագիտական գործնական դասընթացը Ղազանչյանի գեղարվեստական ղեկավարությամբ թատերագործիչների նոր սերունդ կրթող դասախոսներ Մարգարիտա Մնացականյանը ու որոշ հապաղումով նրան միացած Մարգարիտ Խաչատրյանը £ Բոլորի բեմադրական թոթովանքները չէին ընդգրկվել «Հին ու նոր օրեր»¬ում£ Ոչ` հաջողվածությամբ սոսկ պայմանավորված£ Սակայն, միասնաբար իրականացնելով իրենց մեկ տասնյակից ավելի համակուրսեցիների նորահայաց բեմադրամտահղացումները, ամենքը ռեալ հնարավորություն ունեին սեփական կարողությունների ու ամբարած ներուժի կոնկրետ դրսևորման£ Թատերայնացման փորձերը հանրածանոթ երգերի («Ղափամա», «Ալ այլուխս», «Տիկին Արուս», «Մեր սիրո աշունը») վկայում էին իրենց սաների հետաքրքրությունների շրջանակի ընդլայնման մանկավարժական խորագիտության մասին£ Չտրորված ճամփաներով նրանց առաջնորդելու ջանադրությունն էր առկա բեմադրադրվագների գրական ատաղձի ընտրության մեջ նաև£ Հայեցի գեղագիտական դաստիարակության առողջ սերմերի ծլարձակմամբ անհամեմատ ուշագրավ էին Աղասի Այվազյանից, Ռուբեն Հովսեփյանից, Դերենիկ Դեմիրճյանից ու Համաստեղից արված աշխատանքները£ Որոշ դրվագներում հաջողվել էր ապահովել ամբողջի տպավորությունը£ Ուսանողներից ոմանց դերասանական ունակությունները նկատելի էին անզեն աչքով£ Ժամանակավրեպ գովեստներով չեմ ուզում տարանջատել ամենաակտիվ շնորհալիներին ընդհանուր խմբից£ Մասնակիցը լինելով նրանց առաջին լսարանային քննության` վստահեցնում եմ, որ շատերն են մասնագիտական քուրայում որոշակի թրծվել£ Կուրսի ղեկավարի և դասախոսների ծնողական առաջնորդությամբ նրանք միասնաբար դիմակայեցին առաջին մեծ բեմելի դժվարին փորձությանը£ Մինչ ուշ գիշեր ծավալված բարեկամական խոսքուզրույցում հավաստեցին բարձր արվեստին ազնվորեն ծառայելու իրենց պատրաստակամությունը£ Նրանց համակողմանի կայացմանը էապես վնասում է բուհական կրթահամակարգի ժամկետանց թերարժեքությունը£ Այդուհանդերձ չի մարում սերը թատերարվեստի նկատմամբ, սովորելու, կատարելագործվելու բուռն ցանկությունը£ Սպունգի նման կլանելով հնարավոր բոլոր կենդանի թատերաիմպուլսները, համառ ու ինքնուրույն աշխատանքով գործնականում յուրացնելով իրենց տրվող գիտելիքների պաշարը` հաջորդ հրապարակային քննությանը Երվանդ Ղազանչյանի սաները, անշուշտ, մասնագիտական հասունության ավելի լուրջ հայտով կներկայանան£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ