«Մարդիկ հաճախ չեն հասկանում քո միտումը»


- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Միշտ էլ ամենադժվարը համարել եմ միտքը հաստատել կարողանալը: Վստահ ես, որ իրավացի ես, սակայն շրջապատիդ մարդիկ հաճախ չեն հասկանում: Այնուամենայնիվ, չեմ ընկրկել և փորձել եմ հիմնավորել ասածս: Ողջ կյանքում ամենից շատ չեմ սիրել ստելը և բնականաբար, երբեմն տուժել եմ, բայց միշտ ասել եմ ճշմարտությունը: Կարծում եմ` որքան էլ դժվարին իրավիճակում հայտնվես, պետք է կարողանաս պայքարել` ապացուցելու տեսակետիդ ճշմարտացիությունը: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Ճիշտն ասած, չեմ համարում, որ ազգությունն է որոշում մարդու տեսակը. նրա հոգեկերտվածքն է կարևոր: Այսինքն, եթե լինեի իտալացի, ֆրանսիացի կամ անգլիացի, էությամբ նույնն էի մնալու: Պարզապես հայ եմ և ուրիշ ազգի ներկայացուցիչ չէի ուզենա լինել: Հպարտանում եմ, որ հայ եմ. դատելով մեր ամբողջ պատմությունից` ես իմ ազգով կարող եմ պարծենալ: Ինձ թվում է` բոլոր ժողովուրդներն էլ ունեն նման ազգային գիտակցություն: Բոլոր ազգերին էլ համակրում եմ, որովհետև ինտերնացիոնալիստ եմ: Ամեն ժողովրդի մեջ լավագույն գծերն եմ տեսնում և գնահատում, թեև գիտեմ` վատ հատկություններ էլ կան: Դրանք ոչ թե անտեսում, այլ փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Մի քիչ դաժան է, բայց… ինչևիցե: 3-4 տարեկան էի` պատերազմի տարիներն էին, Թիֆլիսում էինք ապրում: Ծնողներս ինչ-որ տեղ պետք է գնային, և հայրս որոշեց շորերն արդուկել պատրաստվող մայրիկիս օգնել: Այն ժամանակների արդուկը գործի դնելուց առաջ պետք է մի լավ տարուբերեիր: Ու այդ պահին ես աննկատ մոտենում եմ հորս. արդուկն հայրիկի ձեռքի գործադրած ամբողջ ուժով դիպավ ուղիղ ճակատիս: Արյունահոսություն: Մայրս անմիջապես գրկում է ինձ, փորձում գոնե փոքր ինչ կանգնեցնի արյունահոսությունը: Մի խոսքով` այդ ժամանակների միակ տրանսպորտային միջոցով` ձիակառքով ինձ տանում են հիվանդանոց: Ամբողջ ճանապարհին հսկայամարմին հայրս հոնգուր-հոնգուր լալիս էր: Նույնիսկ կառապանն է միջամտել` ասելով. «Հաղթանդամությանդ նայեմ, թե լաց լինելուդ»: Կյանքս էր վտանգված, և երևի թե նման ծայրահեղ դիպվածը միայն կարող էր հորս պես զուսպ, հավասարակշռված մարդու զգացմունքայնությունը բացահայտել: Իմ աշխատանքում ընդհակառակը. զգացմունքներ ես բացահայտում, որոնք երբեմն թաքնված են ենթատեքստում` դրամատուրգի բարոյափիլիսոփայական, հոգեբանական գաղտնարանում, ինչն էլ նրա գեղագիտական առանձնահատկությունն է: Բայց զգացմունքը կարող է արտահայտվել նաև զսպվածությամբ: Զուր չէ, որ ժամանակին Մայակովսկին ասել է. «Հե¯յ, պարոնայք, իսկ դուք տեսե՞լ եք ամենասարսափելին` իմ դեմքը, երբ ես բացարձակ հանգիստ եմ»: Սրա ծայրահեղ տարբերակն է լերմոնտովյան Արբենինի խոսքերը. «Մահն աչքերում, դժոխքը` սրտում»: Ես ավելի շատ այդպիսի արտահայտչականության կողմնակից եմ: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ի՞նչն այժմ կբարձրաձայնեիք: - Խորհրդային կարգերի ժամանակ եմ սովորել և նույնիսկ մեր թատերական ինստիտուտի կոմսոմոլի քարտուղարն եմ եղել: Բայց դեռ դպրոցական տարիներից հավատացել եմ Աստծուն: Իհարկե, այդ մասին չէի կարող բարձրաձայնել, քանի որ հայրս բարձր պաշտոն զբաղեցնող կուսակցական աշխատող էր, և նման քայլով նրան կվնասեի: Հավատացյալ լինելս իմ գաղտնիքն էր: Այն տարիներին հավատքը մեջս էի պահում, և երբ արդեն խղճի ու դավանանքի ազատություն արտոնվեց, երբ արդեն բացահայտորեն կարելի էր քրիստոնեության հետևորդ լինել, ես բացեիբաց հայտարարեցի, որ հավատացյալ եմ: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ո՞նց է ստացվում` երբ երեխայի հետ խոսում ես, այդ փոքրիկ մարդուկը, երբեմն այնպիսի մեծ ճշմարտություն է ասում, որ ապշում ես: Ինձ զարմացնում է` ո՞նց է կարողանում այդ ամենը մտածել: Ես համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են` մեր ամբողջ գիտելիքների մեծ մասը ձեռք ենք բերում մինչև 5 տարեկան հասակը: Եվ միայն 10 %-ն է, որ դպրոցը, ինստիտուտը և ինքնակրթումն են տալիս: Մյուս անհասկանալին այն է, թե ինչպես է ծնվում գեղեցիկ ստեղծագործությունը: Նկատի ունեմ հանճարների համամարդկային, անկրկնելի գործերը: Որտեղի՞ց է ծնվում, ի՞նչ մեխանիզմով: Դա ինձ շատ է հետաքրքրում և զարմացնում: Երևի թե ճիշտ էր Օբրազցովը` նշելով. «Մարդն այն ժամանակ է հետաքրքիր, երբ դեռ չի կորցել զարմանալու հատկությունը»:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ