Մերձլենինգրադյան շրջափակում


Սանկտ-Պետերբուրգի քաղաքամերձ Պիկալյովի բնակիչները գրոհով գրավել են քաղաքապետարանը: Այստեղ մարդիկ չունեն աշխատանք, սնունդ, տաք ջուր ու ջեռուցում: Եվ զայրացած բնակիչներն անցյալ չորեքշաբթի զավթել են քաղաքային վարչական շենքը: Պիկալյով ավանում ապրում է շուրջ 22 հազար մարդ: Նրանց գոյությունն ու բարեկեցությունը կախված է վերջերս 3 արտադրությունների բաժանված կավահողային կոմբինատից, որոնք չեն գործում տարեսկզբից: Ասում են, որ Պիկալյովի փողոցներում կասկածելիորեն քչացել են շներն ու կատուները: - Մեզ մոտ աղետ է: Մարդիկ նույնիսկ սննդի գումար չունեն,- ասել է ցեմենտի ձեռնարկության արհմիության ղեկավար Սվետլանա Անտրոպովան:- Ընդամենը 3 գործարաններում տեղավորված է աշխատունակ բնակչության հազիվ կեսը: Պաշտոնապես ազատվել է շուրջ 1500 մարդ, իսկ մնացածն աշխատում են ոչ լրիվ աշխատանքային շաբաթով և մարտ ամսից աշխատավարձ չեն տեսել: Ի՞նչ է մեզ մնում. պառկել ու մեռնե՞լ: Օգնում են թոշակառու հարազատները: Իսկ մայիսի 15-ին անջատվել է նաև քաղաքային ՋԷԿ-ը` մարդկանց զրկելով նաև տաք ջրից, որոշ բնակարաններում սառը ջուր էլ չկա: Այդ թեմայով զրույցներում պաշտոնյաներն ակնարկել են, որ ջերմաէլեկտրակայանը չի վերագործարկվելու նույնիսկ ձմռանը: Պատճառը կուտակված 141 մլն ռուբլի պարտքն է: Դե, մարդկանց նյարդերն էլ տեղի են տվել ու… - Հավաքվել էր մոտ 400 մարդ: Բոլորը հուզված էին և որոշեցին անձամբ խոսել պաշտոնյաների հետ,- պատմել է Սվետլանա Անտրոպովան:- Շուրջ 100 մարդ ճեղքեց միլիցիայի պահակախումբը, կոտրեցին աշխատասենյակի դուռը և ներխուժեցին նիստի մասնակիցների մոտ: Սրանք սկսեցին հանգստացնել մարդկանց ու հավատացնել, թե ամեն ինչ լավ է: Հետո երկխոսությունը շարունակվեց փողոցում: Կարգուկանոնի պահապանները սպառնացին խլել կատարվածի բոլոր տեսագրությունները, սակայն դա նրանց չհաջողվեց…