ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԹՎԵՐԻՆ


 

Հետաքրքիր բան է կատարվում մեր երկրում. ընտրությունների ելած ոչ մի ուժ չի հավատում այն սոցիոլոգիական հարցումներին, որոնց արդյունքները հրապարակվում են:

- Ի դեպ, լինելով ՀՅԴ ներկայացուցիչ, չեմ կարող շատ օբյեկտիվ լինել, բայցև չեմ կարող չասել, որ չեմ հավատում սոցիոլոգիական թվերին, որ կրակում են: Ավելի հավատում եմ մեր ժողովրդին, հավատում եմ, որ իր բոլոր հիասթափություններով, ձանձրույթով հանդերձ, ժողովուրդն իր սթափ ընտրությունն անելու է,- ասել է ԱԺ դեռ գործող պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը, ով չի ընդգրկվել ՀՅԴ համամասնական ցուցակում:

Ալվարդ Պետրոսյանի նման` հրապարակվող թվերին չեն վստահում և քննադատում են մյուս կուսակցությունները` բոլոր սոցհարցումները համարելով ինչ-որ տեղ «սարքվող» և հրամցվող: Առավել զարմանալի էր, որ սոցհարցումների սեփական տարբերակներն էր հրամցրել նաև ինչ-որ ռուսաստանյան կենտրոն, որն իբր Հայաստանում հարցումներ էր կատարել և այդ հարցումների արդյունքներով պարզել, որ խորհրդարան են մտնելու ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը: «Մեծ լավություն» անելով Դաշնակցությանը, այդ կենտրոնը հայտարարել էր, թե չի բացառվում, որ ՀՅԴ-ն ևս մտնի խորհրդարան: Այդ կենտրոնը ՀԱԿ-ին տվել էր 3 տոկոս, «Ժառանգությանը»` 2 տոկոս: Ինչպես ասում են, այլևս ավելորդ էր խոսել Դեմոկրատական, Կոմունիստական և «Միավորված հայեր» կուսակցությունների մասին:

Գիտենք, որ այսօր վերջին օրն է, երբ կարելի է հրապարակել արդյունքներ կամ էլ խոսել դրանց մասին, ուստի շտապում ենք իսկապես անդրադառնալ այդ թեմային, քանի որ ոմանք հենց պատվիրված արդյունքներով փորձեցին ազդել հանրային գիտակցության վրա, մարդկանց համոզել, որ ընտրություններն, ըստ էության, ավարտված են, ամեն ինչ կանխորոշված է, ուստի պետք է գնալ ընտրությունների և ձայն տալ այս ուժերին:

Չենք ժխտում, որ որոշ քաղուժերի նախընտրական հանդիպումները խիստ սակավամարդ են: Սակայն հազիվ թե դա իրական պատկերի արտացոլումը լինի, քանի որ այսօր այդ ամենը կարելի է բացատրել երկու տեսանկյունից: Նախ, ընտրազանգվածի մի հսկայական մաս դեռևս կողմնորոշված չէ, շատերի մոտ անտարբերությունն է իշխում: Հենց այդ զանգվածը կարող է մայիսի 6-ին մտնել քվեարկության և անկանխատեսելի դարձնել զարգացումները: Երկրորդ մասը կազմված է այն մարդկանցից, ովքեր ապրում են վախի մթնոլորտում: Այսօր շատերի մոտ է այն համոզմունքը գերիշխում, որ եթե մասնակցեն ընդդիմության հանրահավաքներին կամ հանդիպումներին` կարող են ունենալ խնդիրներ: Իհարկե, մի շարք գյուղական համայնքներում հենց այդպես էլ հայտարարել են ընտրողներին, վախեցրել նրանց: Վախի ազդեցությամբ` ոմանք անկեղծ պատասխաններ չեն տալիս սոցհարցումների ժամանակ: Ուրեմն, այսօր դեռևս չենք կարող խոսել ընտրությունների սպասվող արդյունքների մասին: Անժխտելի է, անշուշտ, որ ֆավորիտներ են հանդիսանում Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը»: Սակայն հիմնական ինտրիգը ձևավորվելու է երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերի համար, քանզի համոզված ենք, որ ձևավորվելիք խորհրդարանում լինելու են ոչ ավել, քան հինգ կուսակցություն: Երրորդ տեղի ամենահավանական թեկնածուներ են համարվում «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը: Չի բացառվում, որ մտնելով խորհրդարան` Դաշնակցությունը կցանկանա և´ պաշտոններ ունենալ, և´ մաս կազմել կառավարությանը: Մանավանդ որ «Ժառանգությունը» երբեք չի դառնա կոալիցիայի երրորդ ուժը` այսպես պահպանելով ընդդիմադիրի անունը: Համոզված ենք, որ Դաշնակցությունը և «Ժառանգությունը» մաս են կազմելու խորհրդարանի:

Որքան էլ որոշ պատվիրված սոցհարցումներ վկայում են, թե ՀԱԿ-ն ունենալու է երեք տոկոս, այնուհանդերձ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքը ևս մտնելու է խորհրդարան: Իսկ ո՞ւր մնաց «Օրինաց երկիրը»: ՕԵԿ ղեկավարները ջանք ու եռանդ չեն խնայում` նախագահ Սերժ Սարգսյանին ապացուցելու, որ ընտրազանգված ունեն, որ ունեն մեծ թվով համակիրներ: Չենք բացառում, որ կարող է գործել մի սցենար, որը ձեռնտու կլինի ՕԵԿ-ին: Այսպես, Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կենտրոնացնում է իր ուժերն ու վերջին օրերին աշխատում Հանրապետականի համար, իսկ ՀՀԿ-ն էլ իշխանություն ձևավորելիս ՕԵԿ-ին տալիս է մեծ թվով հայեցողական պաշտոններ, բիզնեսի լայն հնարավորություն ստեղծում: Չբացառելով այս տարբերակը, այնուհանդերձ նշենք, որ սա դեռ ենթադրություն է, որի համար, իհարկե, որոշ «ազդակներ» կան:

Եթե առաջնորդվենք որոշ «հաշվողների» ներկայացրած տոկոսներով, ապա կունենանք մոտավորապես այսպիսի պատկեր. ՀՀԿ-34 տոկոս, ԲՀԿ-31 տոկոս, ՀՅԴ-10 տոկոս, «Ժառանգություն»-6 տոկոս, ՀԱԿ-8 տոկոս, «Օրինաց երկիր»` 5 տոկոս, Դեմկուս` 5 տոկոս: Այսինքն` Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ