ՍԻՐՈՒՆՅԱՆԸ «ՈՉ ՄԻ ԹԻԶ» ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԻ


 

Մինչ հերթական բանավեճում «168 ժամ» թերթի խմբագիր, թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Սաթիկ Սեյրանյանը հիմնավորում էր, թե ինչը և ինչպես է խմբագրելու ԱԺ-ում« թիվ 5 ընտրատարածքի թեկնածու Սուրեն Սիրունյանը բացեիբաց հայտարարեց, որ առանց նախընտրական ծրագրի է մտնելու խորհրդարան:

- Չեմ ուզում նմանվել մյուս պատգամավորներին, որոնք ինչ ասես խոսք չեն տալիս: Ծրագրով չէ, որ պետք է քեզ ընտրեն: Շատ պատգամավորներ իրենց ծրագրի մեջ անգամ գեղեցիկ բանաստեղծություններ են գրում, ո՞ւմ է պետք,- նշում է Ս. Սիրունյանը:

Սիրունյանի նման ինքնատիպ կեցվածքը կարծես ոչ մեկին չի զարմացնում, որովհետև առանց ծրագիր թեկնածուների անիրագործելի խոստումներ շատ ենք լսել: Բայց գոնե հիմա ասելիք ունենալու ժամանակն է: Քարոզարշավը և խորհրդարան մտնելը սոսկ ձևակերպված խոստումներ չեն« և խոստումներ ասածն էլ ոչ թե գեղեցիկ բառեր պետք է լինեն, այլ կոնկրետ ծրագրեր: Ու եթե շատ են Ս. Սիրունյանի նման մտածողները, ուրեմն մեր գործընկերուհու` Սաթիկ Սեյրանյանի և օրենսդիրի աշխատանքը նպատակասլաց դարձնել ձգտողների գործը շա˜տ դժվար է լինելու:

Սիրունյանը ծրագիր չունի, բայց հո մարդը կարգախոս ունի. ընկերները որոշել են. «Ոչ մի թիզ նահանջ` պայքարից» (ո՞ր պայքարից. հանո՞ւն, թե՞ ընդդեմ): Սակայն ընկերները մի տեղ թերացել են. ոնց որ թե մտքներով չի անցել մարդուն ծրագիր առաջարկեն, որպեսզի ընտրողն էլ առանց ոչ մի թիզ նահանջելու գնար ու Սիրունյանին ընտրեր:

Անի ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ