«ԲՈՒՅՍԵՐԻ ՄՀԵՐՆ» ԷԼ ՀԵՌԱՑԱՎ


 

«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ տեղում գտնվող Մհեր Համբարձումյանը ինքնաբացարկ է հայտնել, հեռացել կուսակցության ցուցակից և Մասիսում հանել ՕԵԿ-ին ներկայացնող այն բոլոր պաստառները, որոնք նա իր սեփական ֆինանսական միջոցներով էր պատրաստել: ՕԵԿ-ից մեր իրազեկ աղբյուրները հաստատեցին, որ լուրջ կոնֆլիկտ է առաջացել «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի սեփականատիրոջ և ՕԵԿ ղեկավարության միջև: Կոնֆլիկտի պատճառների մասին ոչ ոք չի բարձրաձայնում, սակայն ակնբախ է, որ առաջիկայում նման կոնֆլիկտները կավելանան, քանի որ կուսակցության համար մեծ փողեր ներդրած գործարարները տեսնում են, որ փոքրանում են «Օրինաց երկրի» հնարավորությունները: Հաշվարկներ կան, որ լավագույն դեպքում` կուսակցությունը կարող է խորհրդարանում ունենալ 6-7 հոգուց կազմված խմբակցություն: Սա` լավագույն դեպքում և լոկ տեսականորեն: Իսկ գործարարները ոչ թե տեսական բացատրություններ, այլ իրատեսական հաշվարկներ սիրող մարդիկ են: Մանավանդ որ նրանք ծանոթ են նաև մարդկանց «քցելու»` Արթուր Բաղդասարյանի գործելաձևին: