«ՄԵՐ» ՈՒ «ՁԵՐ» ԵՐԿԻՐԸ


 

Գյումրու թիվ 34 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ են առաջադրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը և ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Արման Սահակյանը երևանցի է, սակայն «Շիրակ» ֆուտբոլային թիմի սեփականատերն է, նրա միջոցներով է թիմը բարելավել իր մարզական և նյութական վիճակը: Նույն Սահակյանի ներդրումների միջոցով վերանորոգվում է քաղաքային մարզադաշտը: Գյումրեցիները գոհ են նրանից, բայց ահա ԲՀԿ-ական պատգամավորը, որը հինգ տարի շարունակ խորհրդարանում ոչնչով չի զբաղվել, իր մրցակցին հաղթելու համար գործի է դրել մի քարոզչություն, որի հիմքում «գյումրեցու թասիբն ու նամուսն» է: Այսինքն, հանուն ձեր թասիբի ու նամուսի` ձայն մի տվեք երևանցուն: Ավելի լավ է Մարտուն Գրիգորյանը նորից պատգամավոր դառնա և ոչինչ չանի, քան Գյումրիից պատգամավոր դառնա երևանցին…

Գավառական այս քարոզչությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ Ազգային ժողով են թափանցում մարդիկ, ովքեր շարժվում են տեղային «արժանապատվությամբ», մի տեսակ «գողական» կանոններով ու սկզբունքներով: Ավելին, նրանք անհանդուրժողություն են սերմանում` այսպես մեր փոքրիկ երկիրը տրոհելով նեղլիկ հողակտորների: