Խարդախության մեխանիկան - 2


 

Հերթական խարդախը, որն իբր մեծ շրջապատ ու ծանոթություններ ուներ պաշտպանության ոլորտում, շատ խարդախներից տարբերվում է նրանով, որ խաբվողի մտերիմն էր: Ասել է թե` առանձնապես մեծ ջանքեր չի գործադրել նրա վստահությունը շահելու համար: Ճիշտ է, խաբվող կինը նրա հետ ծանոթացել էր երրորդ անձի` մեկ այլ ընկերուհու միջոցով, բայց ծանոթությունից հետո այնքան էին մտերմացել, որ դարձել էին իրարից գաղտնիք չունեցող ընկերուհիներ: Իրականում, սակայն, գաղտնիք չունենալը միակողմանի էր, ու նա, ով խարդախման ճանապարհին էր, ամեն հարցում չէ, որ անկեղծ էր ընկերուհու հետ: Օրինակ` խաբվողը տեղյակ չէր, որ իր ունեցած շրջապատով ու մեծամեծ պաշտոններ զբաղեցնող ծանոթներով պարծեցող նոր ընկերուհին նախկինում դատված է եղել, ավելին` դատվածությունն էլ դեռ չի մարել: Եթե իմանար, իհարկե առավել զգուշավոր կլիներ և կասկածով կվերաբերվեր նրա խոստումներին:

Բանն այն է, որ հերթական զորակոչի մոտենալուն զուգահեռ« կինը ցանկանում էր միջնորդ գտնել որդու ծառայությունը Երևանին մոտ որևէ զորամասում անցնելու համար: Այդ ցանկության շուրջ բազմիցս զրուցել էին և կինը շեշտել էր, որ հարցը լուծելու համար պատրաստ է նաև «մաղարիչ» անել: Սակայն ընկերուհին համոզեց, թե` գումար ես ծախսելու, մի երկու կոպեկ ավելի ծախսի, և որդիդ ընդհանրապես կազատվի զինծառայությունից: Հարցի լուծումն էլ իր վրա վերցրեց և պահանջեց վեց հազար հինգ հարյուր դոլար: Ստացավ մաս-մաս ու մաս-մաս էլ ծախսեց:

Քանի դեռ գումարները հոսում էին խարդախի գրպանը, նա խարդախվողին կերակրում էր հավաստիացումներով, թե գործն ընթացքի մեջ է, անհանգստանալու կարիք չկա, քանի որ բոլորին խառնել է իրար հարցը լուծելու համար, բայց երբ հայտարարվեց զորակոչը, անհետացավ: Իսկ որդու բանակից ազատվելու ավետիսին սպասող մայրն անակնկալի եկավ, երբ որդուն զորակոչին ներկայանալու ծանուցագիր ստացան: Տղային, բնականաբար, չազատեցին զինծառայությունից: Այդ օրվանից նախկին մտերիմ ընկերուհին այլևս անհասանելի էր: Խուսափում էր թե հանդիպումներից, թե հեռախոսազանգերից...

Մոտ երկու ամիս անց վերջապես հաջողվեց հանդիպել խարդախին ու պարտավորագիր ստանալ 6 հազար 500 դոլարը վերադարձնելու մասին: Բնականաբար, այս խոստումն էլ իրականություն չդարձավ, և խաբված կինը քայլերն ուղղեց ոստիկանություն:

Խարդախն, իհարկե, հայտնաբերվեց և իրեն լիովին մեղավոր ճանաչեց` արդարանալով, թե ընկերուհու գումարը յուրացնելու նպատակ չի ունեցել, պարզապես հարցը չի հաջողվել կարգավորել, գումարն էլ ծախսվել է, բայց անպայման կվերադարձնի, իսկ թե ե՞րբ` հարցը մնում էր բաց...

Հավելենք, որ նույն ժամանակահատվածում այս նորահայտ «հարց լուծողը» խարդախման մեկ այլ դրվագ էլ է հեղինակել: Չարաշահելով երևանաբնակ մեկ այլ կնոջ վստահությունը` նրան խոստացել է դստերը աշխատանքի տեղավորել «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ-ում, ինչը դասավորելու համար պահանջել և ստացել է 500 հազար դրամ` բնականաբար ոչինչ չանելով: