«Եթե մեկ անգամ էլ խորհրդարանը լցրեցինք քաղաքական թափոններով...»


Առաջիկայում խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծը: ՀՅ Դաշնակցությունը մտադիր է նախագծում ընդգրկելու համար ներկայացնել սկզբունքային նշանակության մի քանի կետերից բաղկացած առաջարկություններ: Այդ հարցերի շուրջ է մեր զրույցը ԱԺ-ում ՀՅԴ պատգամավորական խմբակցության անդամ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ: - Մեր առաջարկությունների առանցքում Հայաստանում հնարավորինս ազատ, արդար, թափանցիկ ընտրակարգի ապահովումն է: Ընդորում` սա համահունչ է Հայաստանում ժողովրդավարացմանը վերաբերող` ԵԽԽՎ մի շարք բանաձևերին: Որևէ քաղաքական ուժ, որը շահագրգռված է երկրի ներքաղաքական կայունությամբ, անշուշտ, պետք է կարևորի ընտրությունները, որոնց արդյունքում երկիրը քաղաքական որակներ է ձեռք բերում: Արդար ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքն ամենակարևոր քաղաքական խնդիրներից մեկն է Հայաստանի համար: Սկզբունքային նշանակություն ունեցող մեր առաջարկներից առաջնային է համամասնական ընտրական համակարգը, որը նորություն չէ քաղաքական իրականության մեջ: Մենք շատ վաղուց մեր համոզմունքն ենք հայտնել, որ Հայաստանում սա ընտրական այն համակարգն է, որ նվազագույնի կարող է հասցնել նյութական գայթակղութ յունները: Խնդիրների երկրորդ խումբը վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձևավորմանը: Մենք առաջարկում ենք, որպեսզի հանձնաժողովները ձևավորվեն խորհրդարանում ներկայացված բոլոր` և´ ընդդիմադիր, և´ քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորական խմբակցությունների հավասար թվով ներկայացու ցիչների մասնակցությամբ: - Դուք նկատի ունեք կուսակցական սկզբո՞ւնքը: - Այո, կուսակցական սկզբունքով: Բայց խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը և քաղաքական մեծամասնությունը պետք է հավասար թվով ձայներ ունենան ընտրական բոլոր հանձնաժողովներում: Սա հնարավորինս վերահսկելի, արդար, անաչառ ընտրական ընթացք կարող է ապահովել: Ամրագրում ենք նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ պարտականության սահմանում: Ըստ այդմ, տեղամասային ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ընտրական որևէ խախտում նկատելու կամ բացահայտելու դեպքում ոչ թե կամավոր և ընտրովի արձանագրելու իրավունք ունենա, այլ պարտավորված լինի այդ խախտումն արձանագրել: - Բայց հանձնաժողովում տարբեր կուսակցություններ ներկայացնողներից յուրաքանչյուրը կարող է հենց ինքը դիմել ինչ-ինչ խախտումների, կամ էլ ուղղակի, այսպես ասած, վաճառվել, ինչի ականատեսը հաճախ ենք եղել: - Խորհրդարանում ներկայացված տարբեր կուսակցություններից հավասար թվով հանձնաժողովականներ ունենալու պարագայում կողմերը փոխադարձաբար կվերահսկեն, որպեսզի ոչ ոք զեղծարարություն չանի: Այսինքն, փոխադարձ վերահսկելիության, հավասարակշռելիության մասին է խոսքը: Ամենակարևորներից է քվեարկության մատյանների հրապարակման խնդիրը. նկատի ունենք ընտրությունից հետո տեղամասերում քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակում, ինչը հնարավորինս նվազագույնի կհասցնի լցոնումները: Շատ հաճախ, ընտրական ժամանակի ավարտից հետո քվեաթերթիկներ են լցոնվում` իրականում ընտրությանը չմասնակցած մարդկանց փոխարեն: Իսկ հիշյալ ցուցակները ընտրության ժամանակի ավարտից անմիջապես հետո հրապարակելն, իրոք, նվազագույնի կհասցնի լցոնումներն ու թվեր նկարելու հնարավորությունը: Մենք նաև առաջարկում ենք, որ նախընտրական քարոզչության 1 րոպեի համար պահպանվի ամբողջ տարվա և քարոզչությանը նախորդող ամսվա միջին սակագինը, որպեսզի վճարովի գովազդը բոլորի համար մատչելի լինի: -ՀՅԴ-ն հայտարարել է, որ եթե չընդունվեն իր առաջարկությունները, խմբակցությունը դեմ կքվեարկի օրենքի նախագծի` քաղաքական մեծամասնության տարբերակին, ինչի արդյունքում չենք ունենա միասնական Ընտրական օրենսգիրք, ինչը կարևորվել է ԵԽԽՎ-ում: - Իհարկե, դեմ կքվեարկենք, եթե մեր առաջարկությունները չընդունվեն: Գիտակցելով այս օրենսգրքի սկզբունքային կարևորությունը` մեր քաղաքական զարգացում ների և երկրի հեռանկարում` երբեք կողմ չենք քվեարկի մի օրենսգրքի, որը դեմ է մեր սկզբունքներին, որն արդար ընտրության հեռանկար չի ապահովում: - Իսկ եթե այնուամենայնիվ գործի քվեարկության մեխանիզմը` քաղաքական մեծամասնության օգտին. այդ դեպքում ի՞նչ է լինելու: - Մենք դեմ ենք քվեարկել 2011 թ. բյուջեին, բարձրաձայն մեր գնահատականն ենք տալիս կառավարության գործունեությանը: Ես ասել եմ, որ քաղաքական արժեքների համակարգը և սկզբունքները, որով առաջնորդվում է կառավարությունը, երկիրը սոցիալական ճգնաժամը խորացնող և սոցիալական բախումների տանող ճանապարհ է, բայց դա չի նշանակում, թե ես Հայաստանի քաղաքացի չեմ, չե՞մ շարունակում ապրել Հայաստանում: Իսկ մինչ այդ մենք պետք է օգտվենք քաղաքական մարտավարութ յան համոզելու զինանոցից: Քաղաքական մեծամասնությունը կոռուպցիայի դեմ պայքարն է կարևորում, խոսում է բիզնեսի և քաղաքականության տարանջատման, նորմալ բաների մասին: Այդ մեծամասնությունը շահագրգիռ պետք է լինի` ունենալու թափանցիկ ընտրակարգ, որպեսզի կասկածի տակ չդրվի ընտրությունների լեգիտիմությունը: Իսկ կասկածի տակ դրված իշխանությունը, այսպես ասած, հրաբխի վրա իշխանություն է: Այնպես որ, եթե մեկ անգամ էլ խորհրդարանը լցրեցինք քաղաքական թափոններով, այս երկիրն ապագա չի ունենա: - Ես հիշում եմ, որ մի հերթական ընտրություններից հետո ԿԸՀ նախագահի տեղակալ, դաշնակցական Համլետ Աբրահամյանը հրաժարվեց ստորագրել արձանագրությունները: Թվում էր, թե դրանից հետո Դաշնակցությունը, որպես բողոքի նշան, կհրաժարվի իրեն, կարծես, նվիրվող մանդատներից: Սակայն ոչինչ տեղի չունեցավ. Դաշնակցությունը սուս ու փուս մտավ խորհրդարան, որի լեգիտիմությանը կասկածել էր ԿԸՀ-ում իր առաջադրած հանձնաժողովականը: Ի՞նչ երաշխիք, որ այս անգամ էլ նմանօրինակ դրամա չի խաղացվի: - Գնի և շահի վերլուծությունը միշտ կա քաղաքականության մեջ: Եվ ամեն անգամ, երբ ներքին պայքարի խնդիր է ծագում, անընդհատ ներքուստ պատանդ ես դառնում Ղարաբաղի խնդրին, մտածում ես` չլինի՞ վնասես բանակցային գործընթացը… չես ուզում երկիրը տանես ցնցումի: Իսկապես, արտաքին ճակատի խնդիրները երբեմն կաշկանդում են մեր շատ գործողություններ: Թեև անառարկելի է` միայն ներքին կայացածությամբ ու զարգացող կայուն հասարակությամբ ես ընդունակ դիմագրավել արտաքին մարտահրավերները:

Զրուցեց Արթուր ԴՈԽՈԼՅԱՆԸ