Հեյդարօղլին ընդդեմ Հեյդարօղլու


Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարօղլի Ալիևն աչքի է ընկնում ինքն իրեն խայտառակելու բացառիկ «ընդունակությամբ»: 4 օր առաջ Ինտերֆաքսին տված նրա հարցազրույցում նշված էր, թե երկրի բնակչությունը... 8,5 միլիոն է: Այդպես էլ հայտարարեց. «ութուկես միլիոնանոց Ադրբեջանը զարգանում է բոլոր ուղղություններով` տնտեսություն, գիտություն, կրթություն...»: Իսկ դրանից անմիջապես հետո, արդեն իր նստավայրում մի խումբ ուսանողների հետ հանդիպելիս, ասաց. «անցյալ տարի աշխարհ եկավ 9 միլիոներորդ ադրբեջանցին»: Եթե անցյալ տարի ծնվել է 9 միլիոներորդ ադրբեջանցին, հապա ինչու՞ երկու-երեք օր առաջ նրանք... 8,5 միլիոն էին: Կես միլիոն այս կողմ, կես միլիոն այն կողմ` մեծ բան չէ` կհեգնի ընթերցողը: Եվ` ճիշտ կանի: Կես միլիոնը փոքր թիվ չէ, որ հեշտությամբ «մոռացվի»: Իսկ եթե «մոռացվել» է` նշանակում է սուտ է: Թիվ է` «կրակել» է. պետք եղավ` վաղն էլ ա´յլ թիվ կասի: Ցավն այն է, որ այս կարգի «վրիպումներն ու մանրուքները» չափազանց բնորոշ են Ադրբեջանի նախագահի համար: Առավել բնորոշ է, որ ոչ ոք չի համարձակվում խմբագրել նախագահի խոսքը, այն ինտերնետում հայտնվում է բառացիորեն` խայտառակելով հեղինակին: Հետևաբար, գոնե իրեն հարգող ընթերցողն առնվազն անվստահությամբ պետք է վերաբերվի Իլհամի հայտարարություններին: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ այդ կարգի վստահության ոչ արժանի հայտարարություններ Հեյդարօղլին քիչ չարեց: Նրա ամբողջ ելույթը աչքի է զարնում իրարարամերժ պնդումներով, հայտարարություններով, խիստ կասկածելի «փաստարկներով»: Մեզ համար, ինչ խոսք, միևնույն է, թե ի՞նչ է փչում Ադրբեջանի նախագահն իր երկրի մասին: Բայց ահա Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ալիև-կրտսերի դատողություններն անտարբեր լսել պարզապես չենք կարող: Մեծ հաշվով` դրանցում նորություն չկա, նույն «լոլոն» է. - Հայկական կողմը գտնում է, որ հարցի էությունը Լեռնային Ղարաբաղին անկախություն տալն է,-ասում է Ալիև-կրտսերը,- դա երբեք չի լինի...Ադրբեջանական պետությունը ո´չ այսօր, ո´չ 10 տարի հետո, ո´չ 100 տարի հետո չի համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղին անկախություն տրվի: Դա բանակցությունների թեմա չէ... Մի հարցնող լինի` Ադրբեջանից ո՞վ և ե՞րբ է անկախություն «խնդրել»: Որևէ բռնակալ պետություն երբևէ որևէ հպատակված ժողովրդի անկախություն տվե՞լ է: Չի էլ տա: Անկախությունը նվաճո´ւմ են, չեն ստանում որպես նվեր կամ շնորհ: Իսկ արցախահայությունն իր անկախությունը նվաճե´լ է: Արցախյան կարգավորման բանակցային թեման այլ բան չէ, եթե ոչ Ադրբեջանին համոզելը, որ հաշտվի կատարված փաստի հետ և ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Որովհետև, ցավոք, քանի դեռ նախկին գերիշխող պետությունը երեկվա հպատակի անկախությունը ճանաչելու հայտարարություն չի անում` մյուսները նույնպես չեն շտապում այդ անել: Ըստ Ալիևի` բանակցությունների թեման հայկական ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի «բռնազավթված» տարածքներից: - Հայկական կողմը,-ասում է Հեյդարօղլին,- զանազան միջոցներով ձգձգում է ժամանակը... Համաշխարհային հայությունը մեր դեմ պատերազմ է վարում: Դա´ է իրականությունը: Հնարավոր է, որ մենք մեկն ենք այն եզակի երկրներից, որի դեմ կազմակերպված խումբը ամենօրյա պայքար է մղում, որպեսզի մասնատեն Ադրբեջանը, գցեն նրա հեղինակությունը, վարկաբեկեն նրան... Ընդսմին, այս «խելոքը» չի հասկանում` հենց համաշխարհային թրքությունն է մեղավոր, որ համաշխարհային հայությունը ցրված է աշխարհով մեկ: Ընդգծելով, թե «համաշխարհային հայությունը ֆինանսական հնարավորություններ ունի», որոնք ուղղում է Ադրբեջանը վարկաբեկելու նպատակին, Հեյդարօղլին անցնում է հաջորդ մերկապարանոց հայտարարությանը. - Ժամանակակից հայկական պետությունը ստեղծվել է հենց ադրբեջանական հողերի վրա: Դա պատմական ճշմարտություն է: Զանգեզուրը ուժով պոկեցին Ադրբեջանից, որպեսզի պառակտեն թուրքական աշխարհը: Հավատում եմ` կգա ժամանակը, և մենք այդ անարդարությունը կվերացնենք... Աչքը մեր Զանգեզուրի վրա է` Հեյդարօղլին փաստորեն կոչ է անում իր երկրի երիտասարդությանը` պատրաստ լինել այդ «ազատագրական մեծ պատերազմին»: Այսինքն` Հայաստանից Զանգեզուրը խլելուն: Եվ դեռ բարբաջում է, թե Ադրբեջանն, իբր, իր բոլոր հարևանների լավը կամեցող, բոլորի հետ հաշտ ու խաղաղ ապրել ցանկացող պետություն է: «Խե˜ղճ» ադրբեջանցիներ: Բախտները չի´ բերել` մեզ նման «կուլ չգնացող» հարևանի են հանդիպել... Մարդն ուղղակի մոռանում է, որ իրենք նորելուկ են այս մոլորակի վրա, որ մեր տարածաշրջանում հայտնվել են ընդամենը «երեկ չէ առաջին օրը»: Նրանց պետականության նախասկիզբն ընդամենը 1918 թվականից է: Չէ, Հեյդար բաբայի սիրասուն զավակը լավ կանի, եթե այլևս երբեք բարձրաձայն չխոսի պատմության ու պատմական անցյալի մասին: Նույնիսկ` ազերի ուսանողների հետ:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ