ԱԻՄ-ն ասելիք ունի


Թեև ԱԻՄ-ը հեռացել է քաղաքական թատերաբեմից, սակայն չի պատրաստվում «լուսանցքում» մնալ: Ինչպես շեշտում է ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` «Մենք կենսագրություն ու ասելիք ունեցող կուսակցություն ենք»: - Վերջին տարիներին քաղաքական դաշտում զգալի է ԱԻՄ-ի պասիվությունը, ինչո՞վ է պայմանավորված դա: Վերջերս նշեցիք, որ զբաղված եք ստեղծագործական աշխատանքով: - Ամենալարված` նույնիսկ բանտային տարիներին զբաղված եմ եղել ստեղծագործելով, երբեմն` նույնիսկ ինձանից անկախ վկան բազմաթիվ երգերս ու բանաստեղ ծություններս են: ԱԻՄ-ը պասիվ չէ: Մենք ուղղակի գրասենյակներ չունենք, սակայն կազմակերպության առանցքը պահպանվում է. կուսակցությունը` որպես գաղափարների ու ծրագրերի կենտրոն. սա է ԱԻՄ¬ի հիմնական առաքելությունը: Մեր վերջին համագումարն իսկապես հետաձգեցինք, սակայն դրա համար հատկացված միջոցը տրամադրեցինք մի հարցի, որն ավելի կարևոր էինք համարում, քան նույնիսկ ԱԻՄ-ի գոյությունը: Դա միասնական ուղղագրության վերականգնմանը նվիրված ֆիլմի արտադրութ յունն էր: Իսկ եթե խոսենք գործունեության նվազեցման մասին, պիտի ասել, դա պայմանավորված է պառլամենտում չլինելով: Ընտրություններին չենք մասնակցել ընդհանրապես, որովհետև տեսանք, որ դա ընտրություն չի: Եթե դրամ բաժանելով ձայներ են ստանում` նողկալի է և անիմաստ: Նույն բարձր մակարդակով ակտիվ ենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազգային-ռազմավարական հարցերը: - Հնարավոր ե՞ք համարում Ձեր մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին, թեև ֆինանսական դժվարությունների առջև եք: Սակայն ունե՞ք համապատասխան ընտրազանգված: - Պիտի ապրանքը շուկա հանվի ու այնտեղ պարզվի` գնորդ կա՞, թե՞ չէ: Հիմա ընտրություններն այդպիսի մի միջոցառում են: Ազգային Ինքնորոշում Միավորումն իր անցած ճանապարհով, ժողովրդին մատուցած ծառայություններով անհամեմատելի է որևէ մեկի հետ: Փաստ է, որ բոլոր մեծագույն տոները ԱԻՄ-ը վերածնեց. օրինակ` Մայիսի 28-ը: Ազգային բանակի, Սահմանադրության, անկախության հանրաքվեի համար պայքարող կազմակերպությունը մենք ենք եղել: Այնպես որ, ցանկացած մարդու ճանաչելու համար հարցնում են նրա կենսագրությունը, այս պարագայում` կուսակցությունների գործունեությունը: Մենք ընդամենը պետք է թարմացնենք մարդկանց հիշողությունը` հիմնավորելով առաջիկա անելիքների կարևորությունը: - Ո՞ր ուժի հետ եք հավանական համարում ԱԻՄ-ի դաշինքը կամ համագործակցությունը: - Միանշանակորեն` ԱԻՄ¬ը միայնակ չի գնա ընտրությունների: Հավանական ենք համարում դաշինքը բոլոր այն ուժերի հետ, ովքեր կընդունեն մեր ծրագրերը: 1998-ին էլ Ռոբերտին ու Դեմիրճյանին դիմեցինք` եթե մեր ծրագրերն ընդունեք, ձայներս ձեզ կտրամադրենք: Ռոբերտը ընդունեց, և սահմանադրական բարեփոխումները տեղի ունեցան: - Որո՞նք եք համարում գործող իշխանության ներքին և արտաքին քաղաքական թերացումները: - Հայաստանն ի սկզբանե չի ունեցել արտաքին քաղաքական ռազմավարություն: Դա է հիմնական խնդիրը` այն ժամանակվա և այսօրվա: Ստեղծվեց անկախ Հայաստան, և ՄԱԿ-ում գրանցվելու առաջին պահից հայ մարդու սիրտը պիտի ցավեր, թե ինչ սահմաններով են Հայաստանը գրանցում: Այսինքն` չկար ազգային ռազմավարություն, ազգային նպատակ. մեզ դարձրեցին կովկասյան ժողովուրդ, մինչդեռ հայը երբեք կովկասցի չի եղել: Իսկ հիմա մեզ կոչում են հարավկովկասյան տարածաշրջանի ժողովուրդ` թեև եղել ենք Հայկական լեռնաշխարհի տերն ու տիրակալը: Իսկ որպես ներքին քաղաքականությունում թերացման օրինակ կնշեմ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մարզանքները և մեր ժողովրդավարությունը. ունի՞ Հայաստանն այդ համակարգը: Կամ այն, որ Սահմանադրության մեջ չարձանագվեց պառլամենտի ձևավորման կարգը` չնայած իմ բոլոր ճիգերին: Նույնիսկ դրա համար ինչ-որ փուլում ինձ մեկուսացրեցին այդ աշխատանքներից:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ