ԴՅՈՒՐԻՆ ՉԷ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂԻՆ


Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնը վերջին տարիներին հարստացել է նոր երիտասարդ անուններով, որոնցից մեկն էլ ՀԵՆՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է, ում մասին արդեն գրում են վրացական թերթերը, ով արդեն իր հանդիսատեսն ու գնահատողներն ունի: - Հենրի, արդեն մի քանի տարի է` դու աշխատում ես հռչակավոր այս թատրոնում: Ինչպե՞ս եկար թատրոն, ի՞նչը քեզ թատրոն բերեց: - Ինձ թատրոն բերեց բեմարվեստի հանդեպ սերը: Շատ փոքր էի, երբ սկսեցի հաճախել Ադամյանի անվան թատրոնի ներկայացումներին: Ասենք` չհաճախել չէի կարող, որովհետև թատրոնը մեզ համար երկրորդ դպրոց էր, այստեղ ամրապնդում էինք մայրենիի մեր իմացությունը: Սիրում էի երգել ու արտասանել, պարել: Երևի ինքս իմ մեջ տեսնում էի դերասանին: Ուզում էի նմանվել մեր` թիֆլիսյան բեմի մեծերին, որոնցից շատերին տեսնում էի բեմում: Հենց նրանց հանդեպ սերն էլ ինձ թատրոն բերեց. ուզում էի շարունակել այն մեծ գործը, որն իրենք էին ստեղծել իրենց արվեստով: - Եվ ի՞նչ, եկար թատրոն ու դարձար դերասա՞ն: - Բնականաբար` ոչ: Ես ընդունվեցի թատրոնին կից դրամատիկական ստուդիա, որը ստեղծել և ղեկավարում էր թատրոնի կառավարիչ Արմեն Բայանդուրյանը: Նա Վրաստանում շատ նշանավոր մարդ է, հայերի մեծ պաշտպանը: Պատահական չէ, որ հիմա Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր է: Պարոն Բայանդուրյանը ստուդիան ձևավորել է նաև որպես հայապահպանության օջախ: Նա բոլոր երիտասարդներին համախմբում է թատրոնի շուրջ, անում ամեն ինչ, որպեսզի նրանք չհեռանան ազգային ակունքներից: Մեզ ստուդիայում դասավանդեցին թատրոնի լավագույն արվեստագետները: Հատկապես ուզում եմ նշել բեմական խոսքի մեր դասախոսի` Վրաստանի ժողովրդական և Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սերիկ Շեկոյանի անունը: Նա ապրող լեգենդ է, մեծագույն դերասանուհի: Նա մեզ մայրենիի գաղտնիքներին ծանոթացրեց, մանավանդ որ շատերս կարգին հայերեն էլ չգիտեինք: Ստուդիան ավարտելուց հետո ես հայտնվեցի այն երջանիկների ցուցակում, որոնց հրավիրեցին աշխատելու Ադամյանի անվան թատրոնում: - Դու արդեն բավական շատ դերեր ունես ընթացիկ խաղացանկում: Այսինքն` չնայած երիտասարդ տարիքիդ, կարող ես խոսել քո խաղացանկի մասին: Ի՞նչ բնավորություններն են քեզ հետաքրքրում բեմում: - Ես բնավորությամբ մեղմ եմ, չեմ սիրում կոնֆլիկտներ, անգամ հակված եմ դեպի քնարականությունը, հետևաբար սիրում եմ նման բնավորությունները, այն հերոսներին, որոնք իրենց խառնվածքով մոտ են ինձ: Ես երբեմն այն տպավորությունն եմ ստանում, թե ժամանակակից երիտասարդությունը հեռացել է քնարականից, այն ջերմ ու անկեղծ զգացմունքներից, որոնք երբեմն թաքուստված են մնում: Ես ուզում եմ նման հերոսների միջոցով հաստատել բարությունը, մաքրությունը: Ու նաև` շատերին ստիպել հասկանալ մարդկային այն տեսակներին, որոնք առաջնորդվում են զգացմունքներով: Մեզանից զգացմունքայնությունն է հեռացել: Երևի պատճառներից մեկն այն է, որ կյանքի ամեն մի ոլորտի մեջ թափանցել է տեխնիկան, հիմա շատ բան ձեռք է բերել վիրտուալ արժեք: - Բայց նույն երիտասարդությունը սիրում է, ապրում զգացմունքներով, դիտում այնպիսի ֆիլմեր, որոնցում զգացմունքների հրդեհ կա… - Համաձայն եմ, բայց շատ բան այլափոխվել է: Ես հանդես եմ գալիս Սայաթ-Նովայի ստեղծագործություններից կազմված գրական-երաժշտական կոմպոզիցիայով, որին երկար ժամանակ եմ նվիրել, աշխատել մասնագետների հետ: Հանդիսատեսների մեջ երիտասարդներ էլ կան, բայց կարծես թե նրանք հեշտությամբ չեն ընդունում սայաթնովյան խոսքը, որն ամբողջ սիրո կրակներով է լցված: Հասկանում եմ, որ ժամանակները փոխվել են, նոր հարաբերություններ են ձևավորվել, ամեն ինչի մասին նոր պատկերացումներ կան… Ժամանակն ինքն է ամեն ինչ թելադրում, սակայն կան հավերժական արժեքներ… Ես կարծում եմ, որ հիմա մենք պիտի միշտ հայացք հառենք մեր դասականներին, որպեսզի ինքներս մեզ մաքրենք, վերադառնանք ճշմարիտ ընկալումներին: - Խոսենք Թբիլիսիի հայ համայնքի և հայ երիտասարդների մասին: - Հայ համայնքն արդեն փոքրացել է, շատերը հեռացել են, որովհետև այստեղ էլ աշխատանք չկա: Բացի այդ` մարդիկ ուզում են լավ ապրել, երջանիկ լինել: Հայկական դպրոցներում աշակերտների թիվն է պակասել, վրացական իշխանություններն էլ իրենց օրենքներով նպաստում են դրան: Վիրահայ երիտասարդությունն էլ է շատ փոխվել: Մեծ մասը հեռացել է ազգայինից` նախընտրելով օտարը, հատկապես ամերիկյանը: Թատրոն քչերն են գալիս, իսկ դա նշանակում է, որ նրանք կորցնում են կենդանի շփումը լեզվի հետ: Շատերը հեռանկար չեն տեսնում, դրա համար էլ հեռանում են ոչ միայն հայկական միջավայրից, այլև` երկրից: Երևի սա բոլոր տեղերին է բնորոշ: Բայց մենք ավելի ցավով ենք տանում այս ամենը, որովհետև Թբիլիսիում պակասում են հայերը: - Բայց հատկապես թատրոն եկող երիտասարդների թիվը մեծացել է: Ես նկատի ունեմ նրանց, ովքեր բեմն են ընտրում կյանքի ճանապարհ: - Այո, այդպես է: Դրան նպաստում են այն հանգամանքները, որ հայկական թատրոնում մարդիկ աշխատանք են գտնում, այս թատրոնը հայկական մոլորակ է Թբիլիսիի կենտրոնում: Սակայն հենց թատերական գործունեության հեռանկարի առումով` վիճակն այնքան էլ մխիթարական չէ: Հայաստանյան թատրոնների շատ երիտասարդներ ուշադրության կենտրոնում են, նկարահանվում են ֆիլմերում և սերիալներում, ինքնահաստատման ավելի լայն հնարավորություններ ունեն: Թատերական քննադատութ յունն է արժևորում նրանց, իսկ մենք մի տեսակ մոռացության մեջ ենք հայտնվել: Լավ ներկայացումներ ունենք մեր խաղացանկում, որոնք խաղում ենք հատկապես դպրոցականների համար: Այսինքն, չկա լայն հանդիսատես, մեզ մոտ շատ քիչ են գալիս հայկական թատերական գործիչներ, չնայած մենք ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով հանդես ենք գալիս Հայաստանում: Իհարկե, Հայաստանի կառավարությունը մեզ ֆինանսապես օգնում է, բայց բարոյական և մասնագիտական աջակցութ յան կարիքն ունենք: Ուզում ենք, որ մեզ դուրս չդնեն հայկական թատերական դաշտից: Եթե մենք ունենանք լիարժեք պայմաններ, երբեք չենք մտածի Թբիլիսիից հեռանալու մասին, քանի որ այն որքան վրացական, նույնքան էլ հայկական քաղաք է: - Իսկ եթե հրավեր լինի Հայաստանից` կգա՞ս: - Իհարկե, կգամ: Բայց դա չի լինի մշտական: Ես չեմ կարող դավաճանել իմ թատրոնը, իմ ընկերներին, այն հանդիսատեսին, ով արդեն ինձ էլ է ճանաչում: Ես կգամ ստեղծագործելու` վերադառնալու պայմանով…

Զրուցեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ