ԻՍԿ ՄԻ՞ԹԵ ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԿԱՍԻ ՕԲԱՄԱՆ


Ամեն տարի, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին, հայ իրականության մեջ սկիզբ են առնում բանավեճեր այն մասին, թե` արդյո՞ք ԱՄՆ նախագահն իր ամենամյա ուղերձում կարտաբերի ցեղասպանություն բառը: Բանավեճերն ավարտվում են նրանով, որ գերտերության ղեկավարը հրապարակում է իր ուղերձը, որում, վերջին 1-2 տարում Ցեղասպանության փոխարեն տեղ է գտնում Մեծ Եղեռն արտահայտությունը: Այս տարի ևս, դատապարտելով 1915 թվականի արյունալի իրադարձություններն ու հայերի տեղահանությունները, ԱՄՆ նախագահն ասել է. «Հայ ժողովուրդը ժառանգաբար աչքի է ընկել տոկունությամբ, դիմացկունությամբ և իրեն ոչնչացնել ձգտողների նկատմամբ տարած հաղթանակներով: Միացյալ Նահանգները խորապես շահել է այն նշանակալի ավանդից, որ մեր երկրում ունեցել են ամերիկահայերը…» և էլի նման ավանդական դարձած բաներ… Հերթական անգամ, ուրեմն, պետք չէր Օբամայից սպասել Ցեղասպանություն եզրի կիրառումը: Այդ եզրը որևէ ամերիկյան պաշտոնյա չի կիրառի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունեն շահեր և միջպետական խնդիրներ, քանի դեռ քաղաքական կոնյուկտուրան չի ստորադասվել համամարդկային արժեքներին: Իսկ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում միշտ էլ շահերն են գերակայելու, որովհետև ունենալով զարգացման բոլորովին այլ հեռանկարներ և սկզբունքներ, այս երկրներն, այնուհանդերձ, սերտակցված են իրար` մի շարք քաղաքական շահերով: Հետևաբար, միամտություն է կարծել, թե քաղաքականության մեջ ի հայտ է գալու բարոյականությունը, և ամերիկյան առաջնորդներն օգտագործելու են Ցեղասպանություն եզրույթը: ԱՄՆ-ում անամոթ սովորություն է դարձել հատկապես վերջին տարիներին խոստումներ տալ հայ ընտրողներին, հրապարակային հայտարարություններ անել Ցեղասպանության ճանաչման մասին, ապա ամեն ինչ հպատակեցնել քաղաքական շահերին` այսպես մոտ 2 միլիոն անմեղ զոհերի հիշատակը դարձնելով շահարկումների նյութ: Օբաման, ում հետ հայ համայնքը մեծ հույսեր էր կապում, նույնպես ենթարկվեց իր երկրում հաստատված «բարոյական» կարծրատիպերին և անցավ այն ճանապարհով, որով անցել էին իր նախորդներից շատերը: Անտարակույս, պետք չէ ողբերգություն սարքել և կարծել, թե Ցեղասպանության ճանաչման գլխավոր գործող անձը Բարաք Օբաման է: Եվ կամ` ամերիկյան վարչակարգն է որոշելու պատմական արդարության վերականգնման խնդիրը: Մենք տասնամյակներ շարունակ ապրում ենք փոքր ժողովուրդներին հատուկ հոգեբանական բարդույթներով` մշտապես կախվածության մեջ մեզ դնելով գերհզոր տերություններից, որոնց համար մենք ընդամենը «մանրադրամ» ենք, որն անհրաժեշտ է լինում լոկ այն պահերին, երբ նրանց սեփական շահերն են թելադրում կամ պահանջում… Վաղուց պիտի մեզ համար սկզբունք ընտրեինք այն, որ ինքներս կանգնած ենք մեր խնդիրները լուծելու ճանապարհին` մշակելով այն մարտավարությունը, որն անհրաժեշտ է մեզ: Միայն մեզ: Ուրիշներին խնդրելու և համոզելու փոխարեն` անհրաժեշտ է երկրի արտաքին քաղաքականության դոկտրինը կառուցել այնպես, որ Ցեղասպանության ճանաչումը հրամայական դառնա բոլոր այն երկրների համար, ովքեր շարունակում են ժխտողական կեցվածք ընդունել` ամեն ինչ չափակշռելով իրենց շահերով: Մեր կողքին Վրաստանն է, որը դեռ մի քանի տարի առաջ կանգնած էր պառակտման և փլուզման եզրին, շատերն էին վախ արտահայտում, որ շատ շուտով քարտեզի վրայից կջնջվի այդ երկիրը: Շնորհիվ ճշգրիտ արտաքին քաղաքականության` Վրաստանը հայտնվեց տարբեր տերությունների հետաքրքրությունների կենտրոնում` հռչակվելով տարածաշրջանում մեծ նշանակություն ունեցող երկիր: Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով առավել նպաստավոր պայմաններում է գտնվում, սակայն շատ բան կորցրեց այս ճանապարհին` խառնշտելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Եթե որպես օբյեկտիվ պատճառներ են դիտարկվում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան չկայացած հարաբերությունները և հակամարտությունները, որոնց առանցքում առաջին հերթին ղարաբաղյան հիմնահարցն է, ապա որպես սուբյեկտիվ պատճառ է հառնում տևական ժամանակ գերակա համարված կոմպլիմենտարիզմը, որն իրեն լիովին սպառեց ու վարկաբեկեց` մեզ կանգնեցնելով դժվարագույն խնդիրների առջև: Այսօր ինչ-որ չափով փոխվել են մոտեցումներն ու հայեցակարգերը, ուրեմն, մենք մոտենում ենք ճիշտ ճանապարհին և ճիշտ ըմբռնումներին: Բայց դրանք դեռ քիչ են, որովհետև եթե ուզում ենք, որ շրջադարձեր գրանցվեն Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացներում, պիտի վերանայենք այն արժեհամակարգերը, որոնք տիրապետող են մեր հասարակության մեջ: Պետության բնույթն ու սկզբունքները պիտի փոխենք, վերանայենք: Երբեք չպետք է մոռանանք, որ աշխարհը հաշվի չի նստում թույլերի ու խնդրողների հետ: Աշխարհին հզոր և ուժեղ գործընկերներ են պետք: Իսկ այդպիսին մենք կարո´ղ ենք լինել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ