Հետընտրական մտորումներ Վանե°նք նոր վասակներին...


Համոզված եմ` այժմ Հայաստանում և նույնիսկ Հայաստանից դուրս ապրող որևէ հայ չկա, ով չի տարակուսում, թե ի՞նչ կատարվեց մեզ հետ մարտի 1-ին: Բայց տարակուսենք-չտարակուսենք` փաստը մնում է փաստ: Նախկին Նախագահը կարողացավ հավաքել ՀՀՇ-ական հին ու նոր սերնդի ներկայացուցիչներ, ձևավորել ագրեսիվ տրամադրված թիմ, երկրիս իշխանավորների անհարկի համբերատարությունը չարաշահելով` հեղափոխականացնել որոշակի զանգվածի և իր համակիրների ագրեսիվ տրամադրվածությունը փոխանցել տասնյակ-հազարավորների, բորբոքել անընդմեջ հանրահավաքների հիստերիա` փորձելով խաբված բազմության ձեռքերի վրա նորից հայտնվել նախագահական նստավայրում: Ոմանք հակված են այդ արկածախնդրությունը բացատրել գործող իշխանությունների նկատմամբ ժողովրդի մի որոշակի մասի ունեցած դժգոհություններով: Այս տեսակետն առանձնապես ընդունելի չէ և ահա ինչու. ոչ ոք չի կարող վիճարկել, որ դժգոհություններ կային, կան ու միշտ էլ լինելու են` օբյեկտիվորեն: Բայց դժգոհությունը մի բան է, դրանք տևականորեն ու մեթոդաբար բորբոքելով ատելության փոխելը` մի այլ բան: Աշխարհում չկա որևէ իշխանություն, որից բոլորը գոհ լինեն: Մի՞թե շատ ավելի մեծ դժգոհություններ չկային հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Ինչպե՞ս կարելի էր նորից վստահել նրան: ՀՀՇ-ական «թավշյա հեղափոխության» ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը գործում էր նույն ոճով` իշխանություններին վարկաբեկելու, նրանց նկատմամբ նույն կույր ատելությունը բորբոքելու, երկրում անվերջանալի գործադուլներով, դասադուլներով ու հանրահավաքներով անկառավարելի իրավիճակ ստեղծելու, այլ կերպ ասած` պետականության ճգնաժամ հրահրելու սցենարով: Բայց հիմա իրավիճակը արմատապես այլ է: Միգուցե անհավասարակշիռ ու անհեռատես երիտասարդների համար պետականությունը խարխլելու վտանգը չգիտակցելը ներելի լիներ: Բայց այն անձի համար, ով մեկ անգամ արդեն, լավ թե վատ, երկիր էր կառավարել` նման վտանգը չտեսնելը, երկրում պետականության ճգնաժամ հրահրելու ձգտումը առնվազն անպատասխանատու քաղաքական վարքագիծ էր, եթե չասենք` պետական բացահայտ դավաճանություն: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից բոլոր նրանց, ովքեր ինքնուրույն մտածելու ունակությունը դեռ չեն կորցրել, կուզենայինք հորդորել, որ փորձեն գիտակցել` երկիրը գեղեցիկ ճառերով չեն կառավարում: Իր իշխանության տարիներին նախկին Նախագահը պակաս գեղեցկախոս չէր: Դրանից մեր կյանքը թեթևանու՞մ էր: Ո°չ: Քանզի գեղեցկախոսությունը ամենավերջին և ամենաերկրորդական արժանիքն է պետության ղեկավարի համար: Թող ամեն մարդ իր խղճին հարց տա` ու՞ր և ինչու՞ էր տանում իրեն հետևող զանգվածներին ՀՀ նախագահի այս թեկնածուն. ժողովրդի վիճա՞կը լավացնելու, թե՞ իր անպարագիծ իշխանատենչությանը և իր մաղձոտ վրեժին հագուրդ տալու: Այդպիսի մարդը ինչու՞ հանկարծ 10-ամյա անհասկանալի լռությունից հետո հրապարակ իջավ: Եվ իջավ շռնդալից աղմուկով, ակնհայտ հեղափոխական տրամադրվածությամբ` նորից ամեն ինչ մինչև հիմքերը քանդելու, ավերելու, անցանկալիներին բանտերը լցնելու ամեհի կրքով: Դա արդարության ձգտում չէր և ոչ մի կապ չուներ ժողովրդավարության, ազատության ու այլ բարձր արժեքների հետ: Դա զտարյուն ամբոխավարություն էր, երկրում ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծելու, իրեն հետևողներին անընդհատ հոգեկան բարձր լարվածության մեջ պահելու, ամեն վայրկյան զանգվածների հեղափոխական էներգիան իրեն ձեռնտու հունով ուղղորդելու մարտավարություն: Միայն դատարանը պետք է պատասխան տա այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հակասահմանադրական ճանապարհով իշխանության բռնազավթման մանրակրկիտ մշակված պլան չունե՞ր արդյոք: Եվ այդ պլանի մեջ չկայի՞ն զանգվածային անկարգությունների հրահրման կետեր: Մենք բոլորս` երկրիս հեղինակությամբ հանդերձ, չդարձա՞նք, արդյոք, այդ դիվային պլանի իրագործման զոհերը: Սա արդեն քաղաքական գնահատականի հարց չէ, սա դատական քննության հարց է: Քաղաքական գնահատականի հարցն այլ է. Լևոն Տեր-Պետրոսյանը, կամա, թե ակամա, գործիք դարձավ մեր երկիրը ներսից խարխլելու չարամիտ դիտավորություն ունեցող դրսի ուժերի ձեռքին: Դժվար է հավատալ, թե այդ առավել քան զգուշավոր, եթե չասենք երկչոտ գործիչը, ում երկչոտության անխաբ վկայությունն էր 1998-ի փետրվարի 3-ին նրա տված հրաժարականը, այսքան մեծ արկածախնդրության կգնար, արյունոտ վախճան ունեցած այսպիսի մի քաղաքական շուրջպար կմտներ` եթե նախապես ստացած չլիներ դրսի հզորների, առաջին հերթին Վաշինգտոնի հակահայ կենտրոնների երաշխիքները: Չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանին այդ երաշխիքները տրվել են անձամբ Ջորջ Բուշի անունից: Այլապես անհասկանալի է, թե ինչու՞ նույնիսկ այն բանից հետո, երբ մեր երկրի Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները, Միացյալ Նահանգների նախագահը հապաղում է Սերժ Սարգսյանին շնորհավորել: Անձամբ մեզ համար Բուշի շնորհավորանքը կամ լռությունը գրոշի արժեք չունի: Մեր երկրի տերը մենք ենք, Վաշինգտոնը չէ: Վաղ թե ուշ Բուշը Սերժ Սարգսյանին էլ է շնորհավորելու, մի° կասկածեք: Դա միջազգային պրակտիկա է: Ցավալի է, իհարկե, որ Բուշի շնորհավորանքին մեր հասարակական լսարանի մի որոշակի մասը մեծ կարևորություն է տալիս: Արդյո՞ք, եթե Բուշը ժամանակին շնորհավորեր` մեր հասարակության հենց այդ մասի կրքերը շատ արագ կմարեին, և պայթյուն չէր լինի: Վերջին հաշվով, միջազգային դիտորդները նշել էին, թե ընտրությունները համապատասխանել են Եվրախորհրդի առաջ մեր ստանձնած պարտավորություններին և մեր երկրի Ընտրական Օրենսգրքի պահանջներին: Ինչու՞ Բուշն այն ժամանակ չշնորհավորեց, ինչի՞ էր սպասում: Մարտի 1-ի դեպքերի՞ն: Կամ ինչի՞ մասին է խոսում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի երկերեսանի պահվածքը: Երևանում մի բան է հայտարարում, Վաշինգտոնում մի այլ բան է մոգոնում: Նման անամոթությունը նույնիսկ Մեթյու Բրայզայի համար չափից ավելի շատ է: Ընդսմին, Վաշինգտոնի համար մեր երկրի ընտրված Նախագահը ամենևին անցանկալի անձ չէ: Այլապես նույն այդ Ջորջ Բուշը 10 ամիս առաջ Սերժ Սարգսյանին չէր շնորհավորի` Վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով: 10 ամիս առաջ, երբ Բուշը Սերժ Սարգսյանին շնորհավորեց, դա կարելի էր ընկալել որպես ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու նշան: Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում: Վարչապետը մեկնեց Վաշինգտոն, բավական լավ ընդունելություն գտավ փոխնախագահ Դիկ Չեյնիի, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի կողմից: Հիմա ԱՄՆ-ի նախագահն ու պետքարտուղարը ջուրը բերաններն են առել, իսկ նույն Ջոն Դանիլովիչը Նախագահ Քոչարյանին նամակ է հղել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվող գումարների հնարավոր սառեցման մասին: Մի շատ մեծ գումար չէ, և դրա համար արցունք թափել չարժի: Սակայն կարևորը գումարի չափը չէ, վերաբերմունքն է: Ինչու՞ է այժմ մեր նկատմամբ այսպիսի վերաբերմունք դրսևորվում: Միգուցե գաղտնիքն այն է, որ Վաշինգտոնում հասկացե՞լ են, թե Սերժ Սարգսյանն իրենց դուդուկի տակ հեշտ պարողների թվին չի պատկանում: Կամ միգուցե ոգևորվեցի՞ն այն հեռանկարով, որ հաղթելու կամ թեկուզև իշխանությունը բռնազավթելու դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի զիջող կլիներ իրենց դաշնակից Թուրքիայի ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ Հայաստանի հետագա հարաբերություններում: Ո՞վ իմանա` Լևոն Տեր-Պետրոսյանը նախապես այդպիսի խոստում չէ՞ր տվել Վաշինգտոնին` Հայաստանում հեղափոխություն անելու «արտոնության» դիմաց: Կա նաև մի երրորդ բացատրություն` Վաշինգտոնը այս կերպ ուզեց հասկացնել Հայաստանի ղեկավարությանը, որ շատ էլ անկախ քաղաքականություն չվարենք: Իբր` տեսեք, ուզած պահի ձեր երկրում նոր տերպետրոսյաններ կգտնենք և նրանց միջոցով այնպիսի մի խառնակություն կգցենք Հայաստանում, որ երկար ժամանակ ուշքի չեք գա… Որպեսզի այլևս երբեք մեզանում ուրիշի կեղտոտ խաղերին զոհ գնացողներ չլինեն, մենք պետք է հստակորեն գիտակցենք` այս անհանգիստ տարածաշրջանում գոյատևելու մեր ամենամեծ կռվանը պետության անսասանությունն է և ազգային միասնականությունը: Եվ ոչ մի նոր Վասակ Սյունի մեզ այդ կռվանից չպիտի կարողանա պոկել…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ