Երկխոսության հրամայականը


Հետընտրական թոհ ու բոհն արդեն անցյալ է, հատուկ դրությունը` նույնպես, ու կյանքը բնականոն հուն է վերադարձել: Սակայն, օդում անտեսանելի, բայց ճնշող ինչ-որ բան կա… թերևս, ինչ-որ հարցական: Ու մինչև սպառիչ պատասխան չտրվի, դրանից բխող հետևություններ չարվեն, այդ հոգեմաշ հարցականը չի վերանա… Ընդհանրապես` ընտրությունների, և հատկապես երկրի Նախագահի ընտրության ժամանակ հասարակության ժամանակավոր մասնատումն անխուսափելի է: Բայց այս անգամ մեզանում այդ մասնատումը պարզապես հակամարտության վերածվեց. Լևոն Տեր-Պետրոսյանին, թերևս, հաջողվեց բևեռացնել հասարակությանը… Տեղի ունեցածը, ըստ էության, գունավոր հեղափոխության չհաջողված փորձ էր: Պարզապես, ժողովրդավարության ջատագովի ու դրա պաշտպանի դիմակ հագած, գունավոր հեղափոխությունների քողի տակ աշխարհակալական իրենց նկրտումները թաքցնող` անդրօվկիանոսյան այրերը սխալվել էին` իրենց հաշվարկներում անտեսելով պատմությունից մեր քաղած դասերը: Այնուամենայնիվ, խոստովանենք` գունավոր հեղափոխության կնքահայրերին ինչ-որ բան հաջողվեց. հաջողվեց ցնցել մեր երկիրը: Ակամա հիշեցի 1999 թվականին Վազգեն Սարգսյանի վերլուծությունը` մեր անցած ճանապարհի, մեր օրերի մասին: 9 տարի առաջ ասվածն այսօր էլ արդիական է. «Մեր մեջի ժանգը կերել է մեզ»,- ասում էր Վազգենը ու միասնության, համախմբման կոչ էր անում բոլորիս` ՀՀՇ-ին ու ՀՅԴ-ին, կոմունիստներին ու հանրապետականներին… հիշեցնում էր հանճարեղ խոսքերը` «Ով, հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»: Ընդամենը ինը տարի առաջ ասվածը մոռացանք, սայթաքեցինք ու քիչ էր մնացել` կուլ գնայինք օտարների լարած հերթական որոգայթին: Այնուամենայնիվ, մարտի սկզբներին տեղի ունեցածը շատ բան բացահայտեց: Պարզվեց` մեր մեջ պակասել է հավատը: Չենք հավատում մեկս մյուսին, չենք հավատում մեր իսկ ընտրությանը, մեր իսկ ձևավորած իշխանություններին: Իշխանություններն էլ, իրենց հերթին, միշտ չէ, որ վստահում են մեզ: Ուրիշ ինչո՞վ բացատրել այն, որ Արտակարգ դրության ընթացքում արգելվեց պաշտոնականից բացի, այլ տեղեկատվություն հրապարակելը: Նշանակում է` միշտ չէ, որ մամուլը նախանձախնդիր է իր տարածած տեղեկատվության հավաստիության հարցում. ինչո՞ւ, ո՞ւր մնաց պատասխանատվությունը: Իսկ գուցե միշտ չէ՞, որ իշխանություններն ամեն ինչ են ասում. ի՞նչ է, չե՞ն հավատում ու վստահում հարազատ ժողովրդին: Ու դարձյալ` ինչո՞ւ… Այսպես` ինչուների մի մեծ շարան է ձգվում, որ հետո, կուտակվելով, դառնում է օդում կախված անպատասխան, սիրտ ու հոգի մաշող, երկիր քանդող մի մեծ հարցական: Վերջերս, անսալով Հանրապետության նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի համագործակցության կոչին, խորհրդարանի հինգ խմբակցություններից չորսը քաղաքական կոալիցիա կազմելու փաստաթուղթ ստորագրեցին: Սա, կարծես, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային համաձայնության կայացման առաջին քայլ: Սակայն, իրական ազգային համաձայնության կայացման համար միայն քաղաքական վերնախավի համագործակցությունը, թերևս, քիչ է: Հարկավոր է անկեղծ երկխոսություն` հասարակության ներսում` նրա բոլոր խավերի միջև: Դա օրվա հրամայականն է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ