ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է


...Բաքվի քաղաքական գործիչները փորձում են միջազգային հանրությանը պարտադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լուծման նկատմամբ կիրարկված միջազգային իրավունքի իրենց տեղային-պատեհապաշտական մեկնաբանումը: Եվ դա անում են «օրինաստեղծների ու անառարկելի մեկնաբանողների» գոռոզամտությամբ ոչ միայն իրենց տանը, այլև միջազգային լսարաններում: Հարևան պետության ղեկավարը, ԱԳՆ-ի պաշտոնյաները, հայտարարելով, թե Բաքվի իշխանությունները հավատարիմ են «հակամարտության լուծմանը միջազգային իրավունքի նորմերին խստագույն համապատասխանությամբ», այդ համապատասխանությունը համառորեն հանգեցնում են միջազգային իրավունքի նորմերից միայն մեկին` տարածքային ամբողջականության հայտնի սկզբունքին, և անտեսում են մյուս նորմերը, որոնք կիրառվում են Ղարաբաղյան հակամարտության նման հիմնախնդիրների քննարկման ժամանակ: Այդ համատեքստում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անտեսումը ունի զուտ ձեռնածության բնույթ: Միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ Բաքվի այդ միակողմանի մոտեցումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության` մասնագիտորեն պայմանավորված դիրքորոշումների վրա: