Միասնական պայքարով կհաղթենք


Իմաստասիրական տեսանկյունից ժամանակը կյանքի մանրադիտակն է. ներկայում չընկալված երևույթները խորքային բացատրություն են ստանում ապագայում: Եվ այդ հզոր խոշորացույցը մեզ ցույց է տալիս, որ նպատակը իրագործելուց հետո, երբեմն առավել դժվար է այդ ձեռքբերումը պահպանելը: Հավանաբար պատմության այսօրինակ դասերն են ՀՅԴ-ՀԵՄ-ին ներշնչել կազմակերպել Արցախյան գոյամարտի 20-ամյակին նվիրված խորհրդաժողովը: ԼՂՀ համահայկական նվաճումը իրավականորեն փաստագրելու գերխնդիրն ավելի ցայտուն դարձնելով և ազգի գիտակցության մեջ այն վերաամրագրելով: Կիրո Մանոյանի հավաստմամբ` Ադրբեջանի կատարած քայլերը ապացուցում են, որ իրենք ցանկանում են փոխել բանակցությունների ֆորմատը, ինչն էլ նշանակում է զրոյից սկսել: Անդրադառնալով մեկնարկին` Բաքուն, ամենայն հավանականությամբ, կբանակցի ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի հետ: Իսկ դիվանագիտական նոր սեղանակից ընտրելու քմահաճուքն էլ ինքնին հետաձգում է հարաբերությունների կարգավորումը: Եվ եթե անփառունակ մեր հարևանը շարունակի այսպիսի ոճով հանդես գալ, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն չի բացառում, որ Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը: Բանակցական տրամաբանությունից ելնելով` ՀՅԴ գործիչը գտնում է, որ Ղարաբաղը, անկախ պետություն ճանաչվելու համար, ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը համակարծիք է, որ այսպիսի ճնշման դեպքում Հայաստանը պարտավորված կլինի առաջինը ընդունել Արցախի անկախությունը, ապա գործունեություն ծավալի աշխարհում ճանաչումը իրականության վերածելու նկատառումով: Քաղաքագետը, որպես նոր ֆորմատ, նպատակահարմար է համարում «3+3+1» բանաձևը. «ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիան գումարած Ադրբեջան, Հայաստան, ԼՂՀ գումարած Իրան»: Պարսկաստանի անդամակցությունը բացատրում է նրանով` նրանք ունեն բանակցական փորձ, տարածաշրջանային պատմական հիշողություններ, և մեր բարեկամ երկրի մահմեդականությունը անաչառության ու անկողմնակալության երաշխիք է երկու կողմերի համար: Ինչպես քաղաքական վերլուծաբանն է փաստում` ՄԱԿ-ի անսամբլեայի վերջերս ընդունած հռչակագիրը մեր դիվանագիտական զորամիավորման անբավարար աշխատանքի արգասիքն է, քանզի դրան դեմ էին նաև երեք համանախագահները. - Մենք գրագետ ենք, բայց միամիտ ենք, իսկ ադրբեջանցին, անգետ լինելով, խորամանկ է: Միջազգային գործիչների առաքելությունը ԽՍՀՄ-ը քանդելն էր: Ստարավոյտովան և Շաբատը հրեական շահերն էին պաշտպանում, այլ ոչ թե մերը, որովհետև Հայաստան բառից նավթի հոտ չէր գալիս: 1992 թ. Հայաստանը ՄԱԿ-ին տեղեկացրել էր, որ ստիպված է պաշտպանվել Արցախի վրա հարձակված և ՀՀ սահմաններին սպառնացող Ադրբեջանից, քանի որ դեմոնստրացիան չէին ըմբռնում: Աշխարհը ուժն է հարգում: Ուստի պատմական Հայաստանում` Ուտիք, Շամխոր և այլն, մորթվելու փոխարեն պետք է իրենց արարքներին համապատասխանաբար գործեինք: Միջազգային օրենքի համաձայն` այն տարիներին մեր ազատամարտիկները Բաքու էլ կարող էին մտնել… 1994 թ. ռազմական ներուժը սպառած Ադրբեջանն է խնդրել զինադադար կնքել և միշտ հենց իրենք էլ խախտել են այն: Բացի այդ, պայքարը ոչ միայն հարևան թշնամու, այլ նաև միջազգային ահաբեկչության դեմ էր. Ղարաբաղը փորձադաշտ էր Շամիլ Բասաևի, Խատաբի և իրենց նման ոճրագործների համար: Դեռևս 1991 թ. այլևս պարզ էր` Արցախը թուրքի բաժին չի դառնալու, որովհետև սեպտեմբերի 2-ին ոչ թե ԼՂՀ-ի անկախությունը հռչակվեց, այլ վերջինիս ազատության իրավունքը: ՀՅԴ-ՀԵՄ ներկայացուցիչ Զինավոր Նաղրյանի խոսքն, իհարկե, միայն իրենց կազմակերպության անդամների տեսակետը չէ. - Այսօր մենք` պահանջատեր հայ երիտասարդներս, տեր ենք կանգնում Հայ Դատի բաղկացուցիչ մասը կազմող ԼՂՀ անկախությանը և պետականությանը` նրա ամբողջական սահմաններով:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ