«Քաոս Կրեմլում»


Այսպես է վերնագրված Միացյալ Նահանգներում տպագրվող «Newsweek»-ի հրապարակումներից մեկը, որը թարգմանաբար ներկայացվել է նաև ռուսաստանաբնակ ընթերցողներին: Մինչ մի նախագահը պատրաստվում է հեռանալ, իսկ մյուսը` ստանձնել պարտականությունները, ռուսաստանյան ղեկավարների միջև պայքար է ընթանում` իշխանության և փողի համար: Մայիսի 7-ին կայանալիք` Դմիտրի Մեդվեդևի երդմնակալության արարողությունը մեծագույն շղեքությամբ է նշվելու: Եթե ամեն ինչ կազմակերպվի այնպես, ինչպես 2004 թ. Վլադիմիր Պուտինի մուտքն էր, ուրեմն կլսենք շեփորների ձայներ, կտեսնենք հուսարական համազգեստով 18-րդ դարի գվարդիականների և, իհարկե, Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց: Պատվավոր հյուր կլինի Պուտինը` երկրի պատմության մեջ միակ առաջնորդը, ով հոժարակամ հրաժարվեց գահից` իր հզորության գագաթնակետին: Շուտով նա նոր` կառավարության ղեկավարի պաշտոնը կստանա և իր հովանավորյալ Մեդվեդևը կդառնա նրա ղեկավարը. համենայն դեպս` թղթի վրա: Երդմնակալությանը մասնակցել պատրաստվող կանանց և տղամարդկանց մեծամասնության հետագա առաջխաղացումը կախված կլինի երկու առաջնորդների հետ ճիշտ հարաբերվելու նրանց ունակություններից: Վարչապետը Ռուսաստանում գլխավորում է գործադիր իշխանությունը. ուրեմն, բառացիորեն յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա իր պաշտոնի համար նրան է պարտական: Միաժամանակ, ՌԴ 1993 թ. սահմանադրությունը նախագահին օժտում է շատ լայն, այդ թվում և արտակարգ լիազորություններ: Մասնավորապես, ցանկացած պահի նա կարող է պաշտոնանկ անել վարչապետին և արձակել կառավարությունը: Փետրվարին Մեդվեդևը հայտարարեց, որ մտադիր է «հիմնավորապես մաքրել» պետական կառույցները. - Պաշտոնը եկամուտների աղբյուր չէ,- նշել է նա` ռուսաստանյան վերնախավին նյարդացնցում պատճառելով: Մեդվեդևի առջև լուրջ խնդիր է ծառացել: «Սպիտակ տունը» (այդպես է անվանվում Ռուսաստանի կառավարությունը) վերածվում է իշխանության այլընտրանքային կենտրոնի` Պուտինի գլխավորությամբ: Հանգամանք, որը չի կարող չխաթարել գործող նախագահի հեղինակությունը: Եվ Պուտինն ունի այնքան ազդեցություն, որպեսզի «իրենով անի» ներքաղաքական ցանկացած ոլորտ: Գործադիր իշխանության ապագա ղեկավարի կեցվածք ընդունելով` հնարավոր է, որ նա ձգտի նեղել Մեդվեդևին` նրան թողնելով միայն արտաքին քաղաքականության հարցերը: Բացի այդ, Մեդվեդևի հնարավորությունները կարող են սահմանափակել քաղաքական ազդեցիկ կլանների ղեկավար բյուրոկրատների հետաքրքրությունները: Օրինակ, կրեմլյան վարչախմբի ղեկավարի տեղակալ Իգոր Սեչինը ոչ միայն գլխավորում է պետական նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ը, այլև Անվտանգության դաշնային ծառայության պետ Նիկոլայ Պատրուշևի հետ միասին «գիշատիչների»` «ուժայիններ» կոչվող հատուկ ծառայությունների վետերանների ոչ պաշտոնական առաջնորդն է: Այն, թե նորընտիր Նախագահն ինչպես է վերաբերվելու այս կլանին` նրա իրական իշխանության մասին պատկերացում կազմելու կարևորագույն չափանիշներից մեկն է դառնալու: - Չի կարելի նստել հեղեղի վրա և կարծել, թե կյանքն է հոսում: Հեռացիր պաշտոնյաներից և վաստակիր մասնավոր բիզնեսում: Եթե դա չես հասկանում կամ պատրաստ չես կանոններով ապրել, ապա կպատժենք օրենքի ամբողջ խստությամբ,- նախազգուշացրել է նա փետրվարին:- Վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ, որպեսզի ուշքի բերենք չափն անցած որոշ ընկերների: Այնուամենայնիվ, Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովի խոսքերով` առնվազն վերջին տարվա ընթացքում Սեչինն իրեն պահում է այնպես, ասես իր կլանը «պետություն է պետության մեջ»` անկախ նույնիսկ Պուտինից: Կաբանովի գնահատմամբ «ուսադիրներով գործարարները» կապված են հատուկ ծառայությունների ու Կրեմլի հետ և ուղղակիորեն կամ անուղղակի վերահսկում են 300 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ վճարային մուտքեր. - Այսօր Ռուսաստանի դարանակալած գլխավոր վտանգն այն է, որ ուժայինները կդիմեն ամեն քայլի, որպեսզի պահեն իշխանությունն ու պահպանեն իրենց բիզնեսը,- նախազգուշացնում է նա: Իսկ նման ուժայինների իշխանությունից հեռացնելն անվտանգ չէ. այդպիսի փորձը կարող է հատուկ ծառայությունների միջև «քաղաքացիական պատերազմ» հրահրել: - Մեդվեդևն ու Պուտինը հիմա մտածում են, թե ինչպես խուսափել վատթարագույնից, այսինքն` գոյության պայքար մղող կլանների երկպառակությունից,- նշում է Կրեմլի հետ կապեր ունեցող պատգամավոր Սերգեյ Մարկովը:- Նրանց համար չափազանց կարևոր է պայմանավորվել, թե ինչպես հավասարակշռել շատ հարցերում ինքնուրույնություն ձեռք բերած և Ռուսաստանի բոլոր խոշորագույն ֆիրմաները վերահսկող ուժայինների ազդեցությունը: Ազգային ռազմավարության մոսկովյան ինստիտուտից Ստանիսլավ Բելկովսկին կանխատեսում է, որ Մեդվեդևը վերժխնդիր չի լինի ուժայիններից, ովքեր անցյալ տարի, Պուտինի հետնորդի թեկնածուի շուրջ անդրկուլիսյան «մարտերում սատարում էին իր մրցակցին` Պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովին: Փոխարենը, առանց ավելորդ աղմուկի նրանց կտեղափոխեն բարձր վարձատրությամբ անաշխատ պաշտոնների` պետական համակարգում: Սակայն, Մեդվեդևի իշխանական բուրգի ավելի ցածր մակարդակներում, ըստ Բելովսկու, վերադասավորումներ կարվեն, թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի գործով հաստատվեն կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին նրա խոստումները: Այսօր, Մեդվեդևի հակակոռուպցիոն գարնանային արշավին սպասող ապարատային շատ աշխատողներ ձգտում են ժամանակն օգտագործել` իրենց պաշտոններից առավելագույն գումարներ քամել: Այսպիսով, եթե Մեդվեդևը ցանկանում է ինչ-որ չափով իշխանություն ունենալ, ստիպված է լինելու արմատախիլ անել Պուտինի ծնունդ տված «կաշառակերության մշակույթը» և միաժամանակ հետապնդումներից պաշտպանել իր մերձավորներին: Եվ երդմնակալության արարողությանը ներկա գտնվելինք հյուրերից շատերին, հավանաբար, մտատանջելու է այն հարցը` թե այս երկու խմբերից որի՞ մեջ են լինելու իրենք: