ՍԱՐՈՅԱՆԱՊԱՏՈՒՄ` ԵՐԵՔ ԱՐԱՐՈՎ


Արմեն Էլբակյանի Սարոյանապատումի առաջին արարը` «Դուք ելնում եք աշխարհ»-ը, Խամաճիկների թատրոնում տեսա 2004-ին: Տիկնիկագործ-տիկնիկավար-հնչյունավորող դերասան եռադաշնությամբ փոքր բեմում վերակենդանանում են ամերիկացի Մեծ հայի ուրույն գրչով ստեղծված հերոսները ու հանդիսատեսի հետ անկեղծորեն կիսում իրենց տրտմաթախիծ խոհերը մարդ արարածի երկրային առաքելության մասին: Իրենց ձախողված երազանքների, արժանավայել իմաստավորում չստացած երկրային գորշավուն օրերի նսեմացնող բեռի տակ կքած` նրանք չեն կորցնում մարդասիրական ազնիվ մղումները: Մինչևիսկ ամենաբարոյալքվածների` Պեգիի ու Սթիվի հոգիներում անթեղված պահպանվում են նվիրական զգացմունքները: Հրաշալի է հնչյունավորում Պեգիին և Բուչին Աննա Էլբակյանը, կերպավորում ձայնային հնչերանգների նրբին անցումներով: Երբեմն թվում է, թե լսում ես միս ու արյուն ստացած այդ գեղեցիկ տիկնիկի սրտի անհանգիստ զարկերը: Մարդկության կենսափորձի իմաստությամբ է հագեցած Արմեն Էլբակյանի հանդարտ ու հստակ շեշտադրումներով հնչյունավորած միստր Քերոլի խոսքը: Այս Քերոլը Բուչի հետ առանձին հանդիպումներում ու զրույցներում պարզորոշ ամբողջացնում է Սարոյանի` սիրով, բարությամբ, անչար հումորով յուրատիպ աշխարհընկալումը: Ամենասովորա կան կենսադեպերի հոգեբանական խորխորատները անկոնֆլիկտ թվացող իրավիճակներում անսխալ բացահայտելու զարմանալի ունակությունը: Պատահական չէ, որ Քերոլն ու Բուչը ընկալվում են որպես Սարոյանի ապրած կյանքի ծերության ու մանկության շրջանները կազմող երկբևեռ միասնություն: Հասուն Սարոյանը կարծես հրապարակավ վերլուծում-գնահատում է իր անցած երկրային ուղին: Ներկայացման հիմքում ընկած «Տարեկանի արտում» պիեսը, մասամբ լրացվելով «Ձեր կյանքի ժամանակը» պիեսով, որոշակի հնարավորություն է ընձեռում բեմադրիչին ստանալու սարոյանական աշխարհին համարժեք բեմական միջավայր և առավելագույնս հոգեհարազատ մնալ մարդու նկատմամբ մեծ հավատ ներշնչող նրա ստեղծագործության ընդհանուր ոգուն ու շնչին: Էլբակյանի Սարոյանապատումի երկրորդ արարը` «Չե՞ս պարի ինձ հետ»-ը, մտահղացված է «Ձեր կյանքի ժամանակը» պիեսի հիման վրա` «Սովյալները» և «Ցուրտ օրը» գործերից վերցված հավելումներով: Կառուցիկ ներդաշնակության տեսակետից այս ներկայացման գրական հենքը զգալիորեն զիջում է նախորդին, տեղ-տեղ պարզապես կրկնում: «Քարը քարին չի մնում, ամեն ինչ կորչում է, գնում» ռեֆրենը չի ընդհանրացվում անհարթ համակցված երկու տարբեր պատումների համատեքստում: «Դուք ելնում եք աշխարհ»-ի տիկնիկազերծ կմախքը հիշեցնող կամերային այս ներկայացումը Աննա և Արմեն Էլբակյանների դերասանական վարպետ զուգախաղով է հիմնականում տարբերակված: Անզեն աչքով անմիջապես երևում է Քերոլի, Բուչի ու Պեգիի գրեթե երկվորյակային նմանությունը Թոմփսոնին, Թոմին ու Քիթիին: Դժվարանում ես զատորոշել Արմեն Էլբակյանի երկու հերոսներին: Դրա փոխարեն Աննա Էլբակյանը անճանաչելի է դառնում մարմնավաճառուհի Քիթիից 13-ամյա պատանի Թոմի վերափոխվելիս: Կանացի նազանքը չի կորցրել նրա Քիթին: Չի կոպտացել իսպառ: Հայրական կորսված տան կարոտը սրտում, կյանքի անբարենպաստ հանգամանքներով հայտնվել է «հատակում»` այդպես էլ մինչ ճանաչված գրող J. T.-ին հանդիպելը չգտնելով սրտակից մեկին: Ափսոս, բարեգութ այս պարոնը պարել չգիտի. նրա համար պարզապես մխիթարություն կլիներ, եթե իրեն անկեղծորեն, առանց հետին մտքերի գրկեին: Լիարժեք լիներ կերպարին կենսագրություն պարգևող գրական հիմքը` Աննա Էլբակյանը, վստահ եմ, Պեգիին չզիջող կանացի նոր տիպ կկերտեր իր բեմական աչք շոյող հմայքով, զգացմունքաշատ ներաշխարհով, երգեցիկ ձայնի անկեղծ ելևէջներով: Այդ հատկությունների շնորհիվ է, որ նրա Թոմը հենց սկզբից շահում է համակրանքդ պատանեկան միամտության դրսևորումներով, անբռնազբոսիկ անմիջականությամբ, աշխատանք գտնելով Քիթիի հետ ամուսնանալու պատրաստակամությամբ. «Պետք է, չէ՞, որ քեզ վրա վերցնես գոնե մի լավ մարդու հոգսը»: Սարոյանապատումի առաջին արարում հեղինակի հայկական արմատները մխրճվում էին «Կիլիկիա» երգի հնչյուննների մեջ: Երկրորդում` «Կռունկ»-ի, որի կատարումը Աննա Էլբակյանի Թոմի կերպարին արտասովոր բանաստեղծականություն էր հաղորդում: Հորդում էր երգից մորմոքը նախնիների կորցրած հայրենիքի համար, անհամար ծիրանենիներով զարդարուն մի երկրի, որտեղ մարդիկ չէին ստում` Թոմի պատկերացմամբ, իհարկե: Անկախ նախորդի ինչ-ինչ կրկնություններով կազմված տեքստային թերասացությունից` Էլբակյանների զուգախաղով որոշակի ազնիվ զգացմունքներ է արթնացնում «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը: Հատկապես` սեր և կարեկցանք, որոնցով միայն հնարավոր է մեղմել թշնամանքն ու ատելությունը, վանել մարդկանց սրտերից: Եռաստիճան ավարտը, ըստ բեմադրիչի, տարբեր մտորումների տեղիք պիտի տա ի նպաստ բարու հաղթանակի: Արմեն Էլբակյանի Սարոյանապատումի երրորդ արարը խաղացվում է «Մետրո» թատրոնում: «Քարանձավի բնակիչները» ներկայացվում է «Աշխարհի վերջին օրը» վերանվանմամբ, ինչից կարելի էր ենթադրել, որ քանդման ենթակա «Աշխարհ» կիսավեր թատրոնում ծավալվող գործողությունները մերօրյա շեշտադրված զարգացում պիտի ստանային: Մանավանդ, գլխավոր գործող անձինք` Թագավորն ու Թագուհին ծեր դերասաններ են: Առաջին մասի շարժիչ ուժը, ըստ էության, Թագավորն է: Լևոն Հարությունյանի կատարմամբ, սակայն, հանդիսատեսը տեսնում է ծամածռվող մի մուրացկան, որը ոչ միայն երբևէ հռչակված արտիստական ունակությունների, այլև զուտ մարդկային արժանիքների նշխարներ չի ցուցանում: Ի սկզբանե միօրինակ տաղտուկ է հաստատվում բեմի վրա, որը ցրելու համար Ստեփան Շահինյանը (Դուքս) և Էլլադա Սայադյանը (Աղջիկ) անհամեմատ հասուն կատարողական ներուժ պիտի ունենային: Ներկայացումն ուշագրավ է դառնում, երբ «քարանձավում» օթևան գտած երիտասարդ ամուսինների նորածնին խնամելու անհրաժեշտությամբ հիվանդության մահճից իրեն մեկընդմիշտ պոկում է Աննա Էլբակյանի Թագուհին ու մտնում գործողության մեջ` իր կերպարային աշխուժությամբ խթանելով մյուսների խաղը: Ճշտվում են հերոսների հարաբերությունները, հետաքրքրաշարժ է դառնում բեմապատումի հետագա ընթացքը` հասցվելով դրամատիկ ավարտի, որի ներգործությունը կտրուկ թուլանում է Գևորգ Հովակիմյանի Վերակացուի անթրթիռ ներկայությամբ: Լևոն Հարություն յանն այդպես էլ չի գտնում իր խաղի բանալին (ոմանք էլ միամտաբար հավատացնում են, թե անտրեպրիզային ներկայացումները, սերիալներն ու գովազդները ամենևին չեն ազդում դերասանի վարպետության վրա): Ավելին, փչացնում է ներկայացման փրկչի առաքելություն ստանձնած Թագուհի-Էլբակյանի դերակատարման ներդաշնակությունը: Այդուհանդերձ, երևում են հին թատրոնի քանդվելու կոնկրետ նշանները, և թատերասերը դահլիճից հեռանում է մտովի արած հետևություններից ընկճված: Սարոյանի գրական աշխարհը թատերական ներշնչանքի անփոխարինելի աղբյուր է դարձել Արմեն Էլբակյանի համար: Դեռևս չպեղված հարուստ շերտեր կան: Իր երկերը Սարոյանը մտահղացել է որպես մարդկանց հասցեագրված մտերմիկ նամակներ: Էլբակյանն էլ, նույն մեկնակետից, իրարահաջորդ բեմական վարկածներ է ստեղծում: Եվ ՀԹԳՄ նորաստեղծ թատրոնի բացմանը ներկայացնում է իր Սարոյանապատումի հաջորդ արարը: Որքանով է վերջինը լրացնում և շարունակումնախորդ երեքը, կարելի է դատել ուսանողների ուժերով խաղարկված նոր` «Չեմ խոստանում ծիծաղել»(հիմքում` «Պինգ-պոնգ խաղացողները» և «Սովյալները») ներկայացման տպավորությունների համակարգմամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ