Ստվերների ջերմացնող լույսը


Կարծում եք, հեքիաթներն ուշագրավ են հասուն տարիքում մարդկության մանուկ մտքի ծնած հրաշապատում հորինվածքներով մեր փոքրիկների նորափթիթ ներաշխարհում բարություն սերմանելու, դյուրընկալ պատկերավորությամբ իրական կյանքի այբուբենը ուսուցանելու առումո՞վ միայն: Ոտք դրեք Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի շեմքից ներս, համբերությամբ տեղավորվեք ուղղանկյուն կիսանկուղային անարև խորշ հիշեցնող փոքրիկ սրահում և ուշիմ հետևեք Միխայել Էնդեի «Օֆելյայի ստվերների թատրոնը» հեքիաթի բեմավորման ընթացքին: Հարկ չկա մտովի կենդանացնել քաղաքային համայնապատկերի լուսանկարը: Դատարկ բեմի խորքի պաստառին ցուցադրված լինելով` այն իր վրա է կենտրոնացնում հայացքդ, կոնկրետանում աներևույթ հեքիաթասացի (Վիվյեն Բաստաջյան) անշտապ ու հստակ խոսքով, էլեգիկ քնարականություն ստանում գլխավոր հերոսուհու` Օֆելյայի (Գայանե Բաբայան) մենախոսությամբ և աշխուժանում թատրոնի ստուդիայի սաների ինքնահատուկ կերպավորումներով: Փոքրիկ քաղաքում աննշմար գոյատևող Օֆելյան, ասես ակամա, հրաշալի հին թատրոնի փակվելուց հետո առանձնակի կարևորվում է ոչ միայն համաքաղաքացիների, այլև արդի հայ թատրոնի ներկայով լրջորեն մտահոգված հանդիսատեսի համար: Բեմականացման, բեմադրութ յան և երաժշտական ձևավորման հեղինակ Վահան Բադալյանը կարողանում է ակնահաճո հնարքներով, բեմական շարժման նպատակասլաց կազմակերպմամբ, թատերական նշանակալից ներկայացման կայացումն արգելակող տարածքի հնարամիտ ընդարձակմամբ այնպես զարգացնել գործողությունները, որ հանդիսասրահն աննկատ վարակվում է հեքիաթի տրամադրությամբ: Թե° մեծերը, թե° փոքրերը: Խոսուն են մնջախաղային պլաստիկ լուծումներով ներկայացված քաղաքային առօրյա պատկերները, բնութագրական` մարդկային տարբեր տիպերը: Մանուկ սաների թոթովանքներում անգամ պարզորոշ հասկանալի` մերօրյա թատրոնին առնչվող արտահայտությունների ենթատեքստերը: Ժամանակների ենթադրյալ առաջխաղացումը, վերափոխելով մարդկանց ապրելակերպն ու նկարագրերը, հանգեցնում է թատրոնի հնագույն շինության կազմալուծմանը: Անխուսափելի է դառնում ողջ կյանքը հուշարարի խխունջե խցիկում անցկացրած միայնակ ծեր Օֆելյայի կործանումը: Խորհրդանշական իմաստ է ստանում նրա վերջին օրը իր օրգանական մասնիկը դարձած բեմի վրա, երբ նա ընդառաջ է գնում ապաստան փնտրող միայնակ ստվերի խնդրանքին: Իր սաների կատարողական ունակությունների ճշգրիտ կանխորոշմամբ` բեմադրիչը խուսափել է Էնդեի տված անուններին համարժեք ստվերների կերպավորման խնդիր դնել նրանց առջև: Մնալով անանուն` հայ թատերապաշտի կողմից նրանց այլ իմաստավորում է տրվում: Առաջինը` հին թատրոնի մոռացվող հուշն է, որ խնամքով փայփայվում է նրա հիացմունքով ծերացած հավատարիմ սպասավորների կողմից: Մյուսները, որոնց մեծահոգաբար իր շուրջն է հավաքում Օֆելյան, ասես ստեղծագործական ընդհանուր դաշտից դուրս մնացած արվեստագետները լինեն` կարոտ իրենցում անթեղված արարչական կրակը բորբոքողի: Եվ երբ պարապությունից երբեմն իսկական ճակատամարտի վերաճող անհամ կռիվներ սարքող իր ստվերներին Օֆելյան վարակում է մանկուց իրենում ծնողների սերմանած թատերասիրությամբ և անմահ կատակերգությունների ու ողբերգությունների խորիմաստ բանաստեղծականության հիացմունքով, թեթևացած շունչ ես քաշում: Քանզի հավատով ես լցվում նոր հանդիսատեսի և նոր թատրոնի ռեալականության նկատմամբ` ասես տարերայնորեն կազմավորված դժվարությամբ իր երկար ուղին հարթող ու, ի վերջո, հաստատուն ճանաչում գտնող Օֆելյայի ստվերների թատրոնի օրինակով: Մանավանդ, երբ այդ առեղծվածային ստվերների ջերմացնող լույսը ներթափանցում է Երկնքի դարպասներից ներս` չչարանալով ու չընկրկելով նույնիսկ Մահվան խոշորագույն սառցաստվերի առկայությամբ: Լուսատու ստվերների համախմբմամբ արդի հայ բեմում էլ կխաղարկվեն մարդկային ճակատագրերը, կհնչեցվեն Բանաստեղծների խորախորհուրդ խոսքերն այնպես, որ միանգամայն հասկանալի կլինեն երկնային հրեշտակներին` դրդելով ամենակարող արարչին գեթ ծածուկ հիանալ իր պատկերով ու նմանությամբ ստեղծված արարածների ցուցադրած իրապատում հեքիաթով: Ո՞վ գիտե: Հենց այս կարոտի հագեցում փնտրող պահանջից է, որ լավատեսական ավարտի նկատելի երկարաձգությունը ամրապնդում է հույսդ: Մնում է գտնել կարծրացած հոգիների պատնեշը ճեղքող լույսով արտասովոր թվացող մեր Օֆելյային, ով չի հոգնի թատրոնի սերը մեզ ներարկելուց և երախտագիտությամբ սատարել:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ