Սրճարանների օղակաձև հավաքածուն


Անկախության նորամուտին, երբ երկիրը տնտեսական ու հոգեբանական ճգնաժամ էր ապրում, բնակչության ստվար զանգվածը, ցուրտը հաղթահարելու բնազդով, առանց խտրականութ յան հատում էր Երևանի այգիներն ու այլ կանաչ գոտիները: Իհարկե, արարքը գեղեցիկ չէր, բայց չէինք կարող բռնանալ ընտանիքի գոյության տարրական նախապայմանները հոգացող անձանց վրա: Իհարկե, քիչ չէին նրանք, ովքեր ապրեցին` իրենց մխիթարելով հանճարեղ լոռեցու խոսքերով. «Օրեր են, կմթնեն ու անց կկենան»: Այո°, ժամանակները փոխվեցին, և կարծես թե վերացավ քաղաքակիրթ պետությանը անհարիր` խղճուկ ապրելակերպը: Առավել հուսադրող էր պետական այրերի` կատարսիս (ինքնամաքրում) հիշեցնող ջանասեր ծառատունկը: Բայց արի ու տես, որ մայրաքաղաքային բնաշախարհը, իր կամքից անկախ, ձեռք բերեց մեկ այլ անողոք թշնամի` իբր թե հասարակության զվարճանքի պահանջը բավարարելու ձգտումից կուրացած: Երևի թե փոքրիշատե հասկանալի է` մաքուր օդում, կանաչազարդ պուրակներում օրվա հոգսը թեթևացնելու կուլտուրան խաթարող անսահմանափակ սրճարանների մասին է խոսքը: Զորօրինակ Օղակաձաև այգին: Եթե մի ժամանակ այն երիտասարդության, ինչո՞ւ չէ նաև ավագ սերնդի առօրյա հանգստի վայրն էր, ապա այսօր խեղդված է ցածրաճաշակ բազմերանգությամբ աչքի զարնող սննդօբյեկտների հավաքածուով: Ենթադրենք` երիտասարդ սիրահար զույգը ցանկանում է մի պահ վերացարկվել այս մեծ ու հոգսաշատ աշխարհից և հայտնվել իրենց երազում: Իսկ հոգեբանական նորարարություն չենք անի` նշելով, որ ռոմանտիկայի անհերքելի բաղկացուցիչներից մեկը բնությունն է` իր ծառ ու ծաղիկներով: Նպատակասլաց հետաքրքրասիրութ յունը համառորեն ստիպում է հարցնել, թե ինչպիսի զգացողություններ կարող է ապրել վերոհիշյալ զույգը, երբ քայլում է կանաչ ֆոնի մեջ ընկմղված սրճարանների հովտում: Ավելին. մի սրճարանում երգիչը թուրքական մղմղանքով «փաստում է» մոր մազերի ճերմակը, իսկ փայտե ճաղաշարով սահմանազատված դրացի խորտկարանի երաժշտական «գործիչը» ռուսական «շանսոնյե» ոճի մեկնությամբ հիշել է «իր արցունքագին սիրո» մասին… Դե, իսկ շրջակա դպրոցների աշակերտները, որոնք որոշ ձեռներեցների գործունեությամբ զրկված են բնության գրկում բաց դասեր անցկացնելու հաճույքից: Ինչ խոսք, ծայրահեղ մերժողականությունը խոստումնալից հետևանքների չի հանգեցնում, բայց չափի զգացողությունը դեռևս որևէ մեկին չի խանգարել ու վնասել իր գիտակից կյանքում: Հետևությունները թողնում ենք Երևանի քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին և ՀՀ բնապահպանության նախարարին` հուսալով, որ այս պաշտոնեական «եռանկյունին» բերմունդյանի սկզբունքներով հուսախաբ չի անի:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ