Երբ այնքան դժվար է «ջրից չոր դուրս գալը»


Որևէ երջանկություն, որ չի ծնում պարտականություն, կա´մ նվազում է, կա´մ էլ` ապականվում:

Գուստավ Թիբոն

 

Երբ այնքան դժվար է «ջրից չոր դուրս գալը»

Նախկինում աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները որոշակի չափով իրենց ազդեցությունն էին ունենում Հայաստանի վրա: Եվ հնարավոր մարտահրավեր ներին դիմագրավելու համար, մեր երկիրը սպասվելիք մշտապես լարված փնտրտուքի մեջ էր` հավասարակշիռ «դիրքը» չկորցնելու համար սթափ լուծումներ գտնելու հարցում: Սակայն այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Աշխարհն այսօր ոչ թե սրընթաց, այլ շրջադարձային, բառի բուն իմաստով բեկումնային փոփոխությունների ճգնաժամային փուլ է թևակոխել: Ավելորդ է ասել, որ այս պարագայում ՀՀ-ին սպառնացող վտանգները կրկնապատկվել են: Առաջին հերթին այն պատճառով, որ համաշխարհային քաղաքական ճգնաժամը «թարսի պես» զուգադիպեց Հայաստանի Մաքսային միության մեջ մտնելուն, ինչը խիստ սահմանափակում է մանևրելու մեր հնարավորությունը: Մեկ պարզ օրինակ. Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ իշխանությունները պաշտոնական մակարդակով որևէ հայտարարություն չարեցին, որ «բացահայտեր» իրենց դրական կամ բացասական դիրքորոշումը այդ հարցում: Բայց Վ. Պուտինի հետ մեր նախագահի հեռախոսազրույցը բավական էր, որպեսզի Ուկրաինան անմիջապես խռովածի կեցվածք ընդունի և իր դեսպանին Հայաստանից հետ կանչելու որոշում կայացնի: Թե´ ԱՄՆ-ը, թե´ Արևմուտքը բնականաբար դժգոհ են չեզոքություն պահպանելու մեր կեցվածքից և ցանկանում են, որ ՀՀ-ն էլ դատապարտի Ռուսաստանի «միջազգային նորմերին հակասող» գործողությունները: Մյուս կողմից, Ռուսաստանն է դժգոհ, որ իր ռազմավարական գործընկերը, Մաքսային Միության անդամը պաշտոնապես չի ընդունել Ղրիմի միացումը ՌԴ-ին: Ահա, այսպես, հայտնվել ենք երկու կրակի արանքում, իսկ փոխլրացման քաղաքականությունը անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից նետված է աղբարկղ:

Բոլորի համար էլ հասկանալի է, որ եթե Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ և դրանք տնտեսական լուրջ ցնցումներ առաջացնեն ՌԴ-ում, ապա գրեթե նույն չափով այդ ցնցումների «պտուղները» քաղելու ենք մենք: Անկախ փորձագետների մի մասը գտնում է, որ նման վտանգներից խուսափելու ելքը Մաքսային Միություն մտնելու որոշումից հրաժարվելն է: Նրանց կարծիքով գործընթացը նոր է սկսվել, և այն կանգնեցնելը դժվար չէ: Իհարկե, դրա շարունակությունը պետք է լինի կրկին վերադարձը` Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի ստորագրելու: Բայց այս դեպքում առավել ակնհայտ կլինի, որ ուժեղ հարված ենք հասցնելու լուրջ պետություն ներկայանալու մեր իմիջին: Ժողովրդական ասույթ կա` «Էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու»: Սա իհարկե հարցի մի կողմն է: Երկրորդ` ավելի էականն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, թե Մաքսային Միությունից հրաժարումից հետո Ռուսաստանը մեզ խստորեն չի պատժի: Իսկ պատժելու լծակներ ՌԴ-ն տասնապատիկ ավելի շատ ունի, քան Արևմուտքը: Հենց միայն Ղարաբաղի հարցում Պուտինը 180 աստիճան «շրջադարձ» կարող է կատարել: Այնպես որ, ուզենք, թե չուզենք` պետք է ընդունենք, որ քաղաքական կողմնորոշման հարցում, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել է: Եվ մնում է միայն այս իրողության հետ հաշտվելով` ելքեր որոնել գերտերությունների կրունկի տակ չընկնելու համար: Ինչքան էլ իշխանությունները հավաստիացնում են, որ արտաքին քաղաքական ոլորտում ՀՀ դիրքերը ամուր են, Արևմուտքն էլ ըմբռնումով է մոտենում Մաքսային Միություն մտնելու փաստին: Նույնիսկ հնարավոր են համարում Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի քաղաքական մասին վերաբերող կետերի ստորագրումը: Այնուամենայնիվ, դա չի փարատում ո´չ քաղաքական ուժերի, ոչ էլ հասարակության մտահոգությունները: Թեկուզ և այն պատճառով, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ հունով կընթանան հետագա իրադարձությունները: Արդեն իսկ սկսված «սառը պատերազմը» կհաղթահարվի՞, թե՞ է´լ ավելի կխորանա: Խորանալու դեպքում էլ Արևմուտքը դնելու է «կամ-կամ»-ի խնդիրը: Իսկ քանի որ այդ հարցը մենք արդեն իսկ վճռել ենք, մեքենայորեն կնվազեն Եվրոպայի հետ փոխըմբռնման և շփման եզրերը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ