Պաշտոնը ժողովրդին ծառայելու համար է


Օրերս Դեմկուսի կենտրոնական գրասենյակում կուսակցության հանրապետական խորհրդի ու նախագահության անդամների և համակիրների հետ հանդիպեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԴԿ Հանրապետական խորհրդի և նախագահության անդամները, կուսակցության համակիրները:

Դեսպանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, Ուկրաինայում ընթացող իրադարձությունների, Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ, շեշտադրվեց ԼՂՀ կազմավորման օրինականության խնդիրը, ինչպես նաև ներկայացվեցին համագործակցության մի շարք գործնական առաջարկություններ:

Հետաքրքիր զրույց ծավալվեց, բայց հատկապես տպավորիչ էր ՀԴԿ նախագահ

Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ այն նկատառումը, որ մենք չենք ուզում Ռուսաստանի համար կրտսեր եղբայր մնալ, ուզում ենք գործընկեր դառնալ: Որքանո՞վ է դա հնարավոր. գործընկեր նշանակում է հավասարազոր հնարավորություններ, ռեսուրսներ:

 

- Ինչպե՞ս եք գնահատում այսօր մեր քաղաքական դաշտը: Քաղուժերի և քաղգործիչների խոցելի կողմերի մասին խոսելն իսկ ավելորդ է, որովհետև նրանց ապաշնորհությունը, անկատարությունը (մեղմ ասած) այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քաղաքականությամբ չհետաքրքրվողներն են տեսնում: Վկա` ստեղծված իրավիճակը: Դեմոկրատական ուժերի գոյությունը այսօր կարծես ավելի է կարևորվում:

- Քաղաքական դաշտն ինչպես եղել է, այդպես էլ կա:

- Իսկապես, տասնյակ տարիներով իբր գործունեություն են ծավալում, բայց արդյունքն ինչ-որ տեսանելի չէ: Արդյունք ասելով նկատի ունեմ քաղգործիչների խոստումները, կուսակցությունների ծրագրային գեղեցիկ ձևակերպումները:

- Այն համակարգը, որ մեր երկրում ձևավորվել է վերջին 20-25 տարիների ընթացքում, անգամ գաղափարական տեսանկյունից միատարր ուժերին թույլ չի տալիս միավորվել ու այնպիսի շարժում ստեղծել, որ ժողովուրդը համախմբվի իրենց շուրջ: Ինձ համար, օրինակ, անհասկանալի է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի (ինչպես իրենք են իրենց անվանում) պահվածքը: Շատ պայմանական է նրանց «ոչ իշխանական» անվանելը կամ համարելը: Դրանցից առնվազն 3-ը եղել են իշխանության մեջ և բավական երկար տարիներ կառավարել են երկիրը: Այսինքն, նրանց գործունեության «պտուղները» տեսել ենք: Հենց սրանից էլ բխում է այդ և մյուս քաղուժերի հանդեպ անվստահությունը: Եվ այդ ուժերի ներկայացուցիչ անձերի դեմ ոչինչ չունեմ, բայց մեծահարուստ մարդը ո՞նց կարող է համաձայնել` փոխել այս համակարգը: Դա նրանց ձեռնտու չէ, որովհետև այս համակարգն իրենց սնում է, թույլ է տալիս ավելի հարստանալ, համբավ ձեռք բերել: Նշանակում է` համակարգի փոփոխություն չի կարող լինել, եթե իշխանության գան նրանք, ովքեր այս համակարգը ստեղծողներն են:

- Հիմա ավելի ակտիվ ու հետևողական են քաղաքացիական շարժումները, որոնցում բավական պատրաստված երիտասարդներ են ընդգրկված:

- Նրանք, այո, չեն ուզում կուսակցությունների միանալ, որովհետև նույնպես չեն վստահում քաղուժերին: Մեր` Դեմոկրատական կուսակցությունն այս շարժումներից հեռու չէ: Օրինակ, միացանք այսպես կոչված գենդերային օրենքի դեմ շարժմանը, և 42 հասարակական կազմակերպություն մեզ հետ ստորագրեց կազմված փաստաթղթի տակ, Կինոյի տանը մասնակցեց մեր կազմակերպված մեծ հավաքին: Բայց առաջատարի իրավունքը, լոկոմոտիվի դերը ոչ մի ուժ չի կարողանում վաստակել. հանրությունը չի´ վստահում, չի ընդունում: Սա շատ կարևոր հանգամանք է: Ինչ խոսք, վերջին 2 տասնամյակի ընթացքում դեգրադացիայի ենթարկվեց և հասարակության որոշ մասը: Օրինաչափ է. աշխատանք չունեցող, հացի խնդիր լուծել չկարողացող մարդը չէր կարող չկերպարանափոխվել: Ավելի գործունյաները հեռացան երկրից, նոր սերունդը լավ չի պատկերացնում ստեղծված իրավիճակի բուն պատճառները: Այդ ամենը չէին կարող չփոխել մեր ազգային արժեհամակարգը:

- Գլոբալիզացիա ներմուծողներն արդյո՞ք հենց այդ նպատակը չեն հետապնդում…

- Այս իրավիճակում, երբ մարդկանց ձայնն է գնվում ու վաճառվում, չի կարող ձևավորվել իսկապես ժողովրդավարական հասարակություն: Միակ հնարավորությունն այն է, որ քաղաքացիական նախաձեռնություններն այսպես ցաքուցրիվ չմնան: Բայց դրանք էլ ամեն մեկը միայն մի խնդիր է առաջ քաշում և մյուսներն իր գործը չի համարում: Մեկը միայն տրանսպորտի գնի բարձրացման դեմ է պայքարում, մյուսը` Ծածկած շուկայի, երրորդը` կուտակային կենսաթոշակների և այլն:

- Իսկապես, պառակտվածությունը մեզանում դիմագիծ է դառնում:

- Այո, բայց կուտակված հիմնահարցերը համալիր լուծում են պահանջում: Ինչպե՞ս կարող է, օրինակ, գենդերային օրենքի դեմ պայքարողին կուտակայինը չհուզել, կամ` տրանսպորտի թանկացման դեմ պայքարողին` Ծածկած շուկան… Քաղաքական դաշտն էլ ոչ միայն համապատասխանում է առկա իրավիճակին, այլև հենց ինքն է նպաստել հասարակության մեջ այս մթնոլորտին: Կոռուպցիայի, տնտեսության, սոցիալական վիճակի, անարդարության մասին խոսում են նրանք, որոնց մեծ մասը իրենց գործունեութ յամբ կամ անգործությամբ նպաստել են այդ ամենին: Իսկ այն ուժերն ու քաղգործիչները, ովքեր ոչ մասնակցել ու ոչ էլ նպաստել են դրան` այսօր միավորվելու կարիք ունեն: Սա ամենագլխավոր խնդիրն է: Ես համոզված եմ, որ երկրի փրկությունը գալու է ուժերի միավորումից, ովքեր հավատարիմ են մնացել ազգային արժեհամակարգին, իրենց սկզբունքներին:

- Այդ ուղղությամբ Դեմկուսը նաև գործնական քայլեր է կատարում:

- Փորձում ենք համախմբել ձախակենտրոն ուժերին: Խոսքս ավելի շատ հասարակական հատվածի մասին է: Նպատակ ենք դրել ոչ թե կուսակցությունների միավորում ստեղծել, այլ անհատների, կառույցների, հ/կ-ների, որոնք հասկանում են, որ սոցիալական արդարության սկզբունքը վերացական ինչ-որ հասկացություն չէ: Առաջնային է տնտեսական կացութաձևի փոփոխությունը, այլապես որևէ սոցիալական խնդիր չի լուծվի: Ճիշտ է, շատ դժվար է պետբյուջեն լցնելը, սակայն դրա համար արդյունաբե րական ձեռնարկություններ էր պետք ստեղծել, տնտեսության առաջնային ճյուղերի զարգացում ապահովել: Բայց` ոչ թե խոսքով ու խոստումներով: Միայն պաշտոնական տվյալներով` վերջին 6 տարում 320-340 հազար մարդ է հեռացել երկրից: Իսկ հատկապես սահմանամերձ տարածքների, լեռնային գյուղերի ամայացման հետևանքները դժվար չէ պատկերացնել:

Որոշ պաշտոնյաներ քննադատությունից հետո երբեմն նեղացած տարակուսում են` «Մի՞թե ես որևէ լավ գործ չեմ կատարել»: Բայց պաշտոնը տրվել է, որպեսզի դուք միայն բարի գործեր անեք, պարտավո´ր եք: Պաշտոնը ժողովրդին ծառայելու, այլ ոչ թե վայելելու համար է: Դարձյալ պաշտոնական տվյալներով` ամսեկան 20-35 միլիոնով վարկերի դիմաց մեր պարտքն ավելանում է: Ի՞նչ էական փոփոխություններ ենք տեսնում մեր կյանքում` այդ վարկերից:

- Բայց այդ վարկերն արդյո՞ք տնտեսությունը զարգացնելու նպատակով են տրվում:

- Դրանք ընդամենը կախվածություն են ստեղծում պատվիրատուից, և դրանցով հնարավոր չէ սոցիալական վիճակը բարվոքող ծրագրեր իրականացնել: Բայց Ձեր հարցը ՀԴԿ-ի կողմից ձևավորվող միավորման մասին էր: Եթե մենք կարողանանք հստակ ձևավորել այն, ապա արդեն կոնկրետ հարցադրումներով հանդես կգանք:

- Կարո՞ղ ենք ասել, որ քաղաքական ուժեր կոչված երևույթը սպառել է իրեն: Փաստորեն քաղաքացիական նախաձեռնություններն ավելի ակտիվ են, իրենց պահանջներում` ավելի հետևողական:

- Ո´չ, առանց քաղաքական միավորների հնարավոր չէ: Դրանց գոյությունն ու գործնական ներգործությունն անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական կուրս փոխվի: Եթե նույնիսկ շատ քաղուժեր չեն կարողացել իրականացնել իրենց ծրագրերը, դա բոլորովին չի նշանակում, թե դրանք պետք է փոխարինվեն քաղաքացիական շարժումներով: Ավելին, ցանկացած քաղաքացիական շարժում ի վերջո վերաճելու է քաղաքական միավորի, որպեսզի կարողանա իշխանություն ձևավորել:

- ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հետ հանդիպման ժամանակ նշեցիք, թե չէիք կամենա, որ Հայաստանը Ռուսաստանի կրտսեր եղբայրը մնար, այլ` նրա գործընկերը դառնալ: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:

- Միանգամայն հնարավոր է, եթե ընձեռված ամեն հնարավորություն ճիշտ օգտագործենք: Ռուսաստանի գործընկեր դառնալ ասելով, նկատի ունեմ, որ մենք պետք է հզորանանք: Ռուսաստանն այստեղ լուրջ ներդրումներ է կատարում և ձեռնարկություններ ստեղծում: Չթվարկեմ, բայց դրանք կարևոր են մեր տնտեսության համար և դրանցից ստացվող շահույթները ճիշտ նպատակաուղղելու դեպքում երկիրը կզարգանա: Զարգացած տնտեսություն ունեցող պետության հետ հաշվի են նստում: Իսկ դրա համար մենք ունենք բավարար ներուժ: Հայ մարդուն աշխատանք է պետք, և նա չի լքի երկիրը: Հավատացեք` վերադարձնողներն էլ քիչ չեն լինի: