Հեղափոխությո՞ւն, թե՞ խեղաթյուրություն...


Մի քանի օր առաջ Ուկրաինայի հեղափոխական վարչապետը, որն ինքնավստահ ոճով խոսում էր իր երկրի ԱՊՀ կազմից դուրս գալու, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, մի հետաքրքիր հայտարարություն արեց: Խոսքը վերաբերում էր գազի գնին: Այն է, եթե Ռուսաստանը նույնիսկ քառապատկի Ուկրաինային տրվող գազի գինը, ստիպված են լինելու այն վճարել, քանզի այլ տարբերակ չունեն: Այս խոստովանությունից շատ խորը գնացող ենթատեքստեր են «բացվում»:

Պատկերացրեք ինչ ահավոր ճգնաժամի մեջ կհայտնվի «հեղափոխականացված» այս երկիրը, եթե կենսականորեն անհրաժեշտ վառելիքը գնելու այլընտրանք պարզապես չունի և ստիպված է լինելու քառապատիկ թանկ գնել Ռուսաստանից: Այս հայտարարությունից հետո առաջին հարցը, որ ցանկություն է առաջանում Ուկրաինայի այսօրվա իշխանություններին ուղղել, հետևյալն է.

- Բա որ այլընտրանք չունեիք, ինչո՞ւ թշնամացաք Ռուսաստանի հետ: Թե՞ ուզում էիք ազատ ու անկախ ԿՈՐԾԱՆՎԵԼ: Ի՞նչ է` չգիտեք, որ ո´չ ԱՄՆ-ը, ո´չ Եվրոպան ձեզ գազ մատակարարելու հնարավորություն չունեն` մեծագույն ցանկության դեպքում անգամ: Նույնիսկ Գերմանիայի պես հզորագույն երկիրը ծանր խնդիրների առջև կհայտնվի, եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու արդյունքում զրկվի ռուսական գազից: Գերմանիան չի կործանվի, ուժեղ է, ելք կգտնի, բայց Ուկրաինան, որ երկար տարիներ տնտեսական ծանրագույն վիճակում է, չի դիմանա:

Բացի գազը, տարածքային խնդիրները արդյո՞ք նկատառել էին մոլեռանդ ազգայնականները: Վրաստանը հեղափոխության պատճառով անվերադարձ կորցրեց Օսիան և Աբխազիան` Արևմուտքի «սուտի-մուտի» սպառնալիքների և «ապատիկ» գործողությունների արդյունքում: Ուկրաինան Ղրիմը արդեն կորցրեց, վաղը կորցնելու է իր արևելյան տարածքները:

 

«Հեղափոխություն, դրանից հետո` թեկուզ ջրհեղեղ»: Այս բանաձևը գերտերությունների կողմից կիրառելի է, որովհետև այն օգտագործվում է ոչ թե իրենց, այլ ուրիշ պետությունների նկատմամբ: Անհասկանալի է սակայն աշխարհի հզորների կողմից փորձարկումների ենթարկվող երկրների ընդդիմության հարմարվողականությունը: Ավելին, «Մահ կամ ազատություն» բերող դրսից ներմուծված արկածախնդրական ծրագրերին ենթարկվելու բուռն ցանկությունը:

Ըստ ամենայնի, Հայաստանի որոշ ընդդիմադիրներ էլ կարծես թե պատրաստ են հարազատ պետությունը վերածել մանրադրամի` հզոր տերությունների խոշոր խաղերում: Պատրաստ են «վեցնոցի» արժեքով, բայց «ջոկերի» հավակնությամբ երկիրը «պառկեցնել» խաղասեղանին: Եվ այստեղ արժե հիշեցնել, որ տվյալ խաղասեղանը զոհասեղանի փոխարկվելու տարօրինակ, ավելի հաճախ օրինաչափ հատկություն ունի: Այն քաղաքական ուժերը և գործիչները, ովքեր պատրաստ են «ղումարի» ասպարեզ բացել` պետության ամենակենսական շահերն ու արժեքները ենթարկելով մեծ ռիսկի, բնականաբար նույնչափ խիզախություն չեն դրսևորի, եթե, ասենք, կշեռքի նժարին դրված լինի իրենց սեփական կյանքը կորցնելու հեռանկարը: Ահա այսպես. իշխանությունների հանդեպ ատելությունից կուրացած, կորսվում է նաև պետությունն ու նրա շահը տեսնելու ունակությունը: Իշխանատենչությունը հասնում է այնտեղ, որտեղից ծնունդ է առնում «թագավորեմ` թեկուզ ընդ ավերակաց» սկզբունքը: Միտումնավոր, թե ակամա` անտեսվում է անմնացորդ Արևմուտքի խամաճիկն ու Ռուսաստանի թշնամին դառնալու աղետաբերությունը:

Արևմտյան արժեհամակարգն է նախընտրելի՞, խնդրեմ, ոչ մեկը ձեր ձեռքը չի բռնում: ԵԽԽՀ, ԵԱՀԿ, դռները բաց են, և վաղուց Հայաստանն այդ կառույցներում է: Իսկ եթե Եվրամիություն մտնելը երկրի փրկության միակ ելքն է համարվում, դա արդեն մոլորություն է: Ի՞նչ տարբերություն ՀՀ-ն մեկ տարի, թե հինգ տարի հետո կդառնա Եվրամիության անդամ: Միևնույն է, ոզնուն էլ է հայտնի, որ դրանից մենք ավելի եվրոպացի չենք դառնալու: Եվ ինչո՞ւ պետք է այդ պատճառով պարտադիր թշնամանալ Ռուսաստանի հետ:

Արևմուտքը «կոմերցիոն» գործարք իրականացրեց` ֆինանսավորելով հեղափոխությունը Ուկրաինայում: «Փաթաթեք Ուկրաինան, մենք այն գնում ենք»` ասացին Արևմտյան երկրների տիրակալները, և այդ երկիրը ինքնակամ «փաթեթավորվեց»: Մաքառումներից հոգնած, քայքայված երկիրը ստիպված կլինի ֆինանսավորողի պատվիրած երաժշտության տակ այնքան պարել, մինչև «ռուսական արջի» ականջները վերջնականապես սղոցվեն և իր թաթի հուժկու հարվածով բեկորների բաժանի առավել թշվառացած այդ երկիրը: Այնժամ Արևմուտքը կվաճառի դժբախտ երկրի արժեզրկված բաժնետոմսերը: Դա նրա համար ընդամենը կլինի հերթական ձախողված գործարք, իսկ Ուկրաինայի ժողովրդի համար` հարատև տանջանք ու թշվառություն:

Կա՞ այսօր մի երկիր, որ «երջանկացել» է Արևմուտքի մատուցած հեղափոխությունից: Չկա: Հայտնի դասականի ոճով ամփոփենք. «Գնացեք Հունաստան և հարցրեք, ի՞նչ տվեց Եվրամիությունը Հունաստանին և կլսեք յուրաքանչյուր հույնի անեծքը ուղղված այդ կառույցին»: Բա˜... այդպես էլ է լինում:

 

Հայաստանի իշխանություններին մնում է միայն այդ բացասական հետևանքները հնարավորինս մեղմացնել: Այս խնդրում էլ ավելի կարևոր նշանակություն կստանա Արևմուտքում հայկական լոբբինգի գործունեությունը` հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Կարևորագույն հարց է մնում, թե Արևմուտքում ՀՀ-ի քաղաքական ռեսուրսի նվազումը որքանո՞վ կկոմպենսացվի ՌԴ-ի հետ տնտեսա-քաղաքական նոր, ընդլայնված հարաբերությունների արդյունքում: Արդյո՞ք Ռուսաստանում ընկալել և ընկալում են, որ Հայաստանի վճարած բավական թանկ գինը համարժեքորեն պետք է փոխհատուցվի իրենց կողմից` թե´ ռազմաքաղաքական, թե´ տնտեսական առումով: Հակառակ դեպքում կստացվի, որ մեր հյուսիսային ռազմավարական դաշնակիցը պարզապես «քցել» է մեզ:

Բոլոր դեպքերում պետք չէ հալած յուղի տեղ ընդունել այն պնդումը, թե ՀՀ իշխանությունները կուլ են գնացել Ռուսաստանի պարտադրանքին: Ի վերջո, պարզ տրամաբանություն գոյություն ունի: Արդեն քանի տարի է, ՌԴ-ն առաջարկում էր մեր երկրին մտնել Մաքսային Միություն: Հայաստանն էլ հրաժարվում էր` բերելով լուրջ փաստարկներ: Իսկ ինչու հանկարծ համաձայ-նեցին: Կրկին սովորական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ-ն կարևորագույն, երկրի համար կենսական հարցերում (միայն գազի գինը նկատի չունենք) այնպիսի աննախադեպ աջակցություն և օգնություն է խոստացել, որից հրաժարվելը անխոհեմություն կլիներ: Նույնքան անհեթեթ կլիներ կարծել, որ այդ կարևոր որոշումը ընդունելիս իշխանությունները լուրջ հաշվարկներ չեն արել, թե դրանով ինչ են կորցնելու և ինչ են շահելու:

Մնում է միայն, որ Ռուսաստանը, ինչպես վերը նշեցինք հանկարծ մեզ «չքցի», այսինքն խոստումնազանց չլինի: Բնականաբար այդ խոստումների մեծ մասը գաղտնի է պահվում, և մեր հանրությունը, ինչպես նաև քաղաքագետ-վերլուծաբանները կարող են բավարարվել միայն ենթադրություններով:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ