ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ


 

Ժամանակ առաջ Մարդու իրավունքների պաշտպանն ընդարձակ զեկույց էր ներկայացրել Առողջապահության նախարարությունում տեղ գտած թերությունների ու բացթողումների մասին: Նախարարությունում այնքան էլ համաձայն չեն ՄԻՊ-ի կողմից ներկայացված գնահատականներին, ուստի որոշել են պատասխանել` այս պատասխանը վերածելով ինքնատիպ հերքման:

Նախարարությունը համաձայն չէ օմբուդսմենի որոշ դիտարկումների հետ, որոնք վերաբերում են ԱՆ գործունեության ոլորտում արձանագրված թերացումներին: Օմբուդսմենը նկատել էր, որ առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ: Այդ ամենը հանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:

Նախարարությունից փորձում են «հիմնավորել», թե համավճարից ազատման կամ համավճարի զեղչման դեպքերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:

Համաձայն նշված որոշման հավելված 8-ի կետ 11-ի` համավճարից ազատման կամ զեղչման որոշումներն ընդունվում են բուժհաստատությունում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների կողմից` տվյալ բուժհաստատության եկամուտների հաշվին:

Հանրապետությունում բացակայող շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմների բացակայության մասին դիտարկմանը նախարարությունից պատասխանել են, թե Հայաստանը 2012 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրել է Եվրոպայի խորհրդի «Բժշկական ապրանքների կեղծման և առողջապահության ոլորտում նմանատիպ հանցագործութ յունների դեմ պայքարի» կոնվենցիան: Հաշվի առնելով հայկական կողմի մասնագետների ակտիվ մասնակցությունը կեղծ դեղերի դեմ պայքարի աշխատանքներին, Եվրոպայի խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությունը ԱՊՀ երկրների ոստիկանությունների, դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների և մաքսային մարմինների աշխատակիցների համար 2012թ. նոյեմբերի 8-9-ին ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր խորհրդաժողով-դասընթաց, որն իր դերը կունենա կեղծ դեղերի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու համար: Ապագայում ևս` հիշյալ կոնվենցիայի շրջանակներում, միջազգային համագործակցությունը այս ոլորտում նախատեսվում է առավել ակտիվացնել:

- Բավարար քայլեր չեն ձեռնարկվել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը,-տարեկան զեկույցում գրել էր Պաշտպանը:

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման նախագծի լրամշակված տարբերակը ներկայումս գտնվում է շրջանառութ յան մեջ, որը կբարելավի բնակչության սահմանված սոցիալական խմբերին դեղերի ապահովման գործընթացը, համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք հնարավորություն կունենան օգտվելու անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերից: Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայաց վել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի ընդունմամբ նախատեսվում է ներդնել դեղերի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովման նոր երաշխիքներ և մեխանիզմներ,-պատասխանել են նախարարությունից:

Անշուշտ, այս պատասխանը կարդալուց հետո բազմաթիվ տարակույսներ են ծնվում, սկսում ես մտածել, որ առողջապահության գերատեսչությունը առաջադիր է համարել ինքնապաշտպանությունը: Սակայն արդյո՞ք կհավատան և կվստահեն նման հավաստիացումներին, երբ կյանքն այլ իրողություն է փաստում:

Լ.Մ.