Մարդկանց տանջելու մեխանիկան


 

Առողջապահության ոլորտում տիրող անմխիթար վիճակը շարունակում է մնալ նույնը: Արատավոր երևույթները ոչ թե վերանում են, այլ խորանում և բազմապատկվում: Դեղերի գների անկառավարելի և անվերահսկելի աճի մասին խոսվում է անվերջ, բայց` ձայն բարբառո հանապատի:

Բժիշկների անփույթ ու անպատասխանատու վերաբերմունքը` պետպատվերով բուժվող հիվանդների նկատմամբ, հաշմանդամության կարգ ունեցող հիվանդներին հասանելիք կենսականորեն անհրաժեշտ դեղորայքի տրամադրման հաճախակի ձգձգումները և խափանումները տարբեր են, ու գերազանցապես սուբյեկտիվ պատճառներով: Օրինակ, հաշմանդամության կարգ նշանակելու խնդրում քաշքշուկներ ստեղծելու և ոչ օբյեկտիվ պատճառաբանություններով հիվանդներին մերժելու արատավոր պրակտիկան այլ կերպ չես որակի, քան կաշառք կորզելու նպատակ: Այլևայլ շատ այլ թերություններ կարելի է թվարկել, սակայն այս անգամ մեկ կոնկրետ երևույթի վրա կենտրոնանանք, որի հետևանքները տեսել և զգացել ենք կոնկրետ մեր մաշկի վրա:

Աղի հանքի Հոգեբուժական հիվանդանոցը իրականացնում է հաշմանդամության կարգ ունեցող հիվանդներին անվճար դեղորայք տրամադրելու գործառույթը: Դեռ մեկ-երկու տարի առաջ ընդունված կարգ էր, որ դեղը տրամադրվում էր 1 ամսվա կտրվածքով, և հիվանդի ներկայությունը պարտադիր չէր (եթե, իհարկե, վերջինիս մոտ կտրուկ սրացումներ տեղի չէին ունեցել): Բժիշկն անգամ ճանաչում էր թե´ հիվանդներին և թե նրանց այն հարազատներին, ովքեր մշտապես գալիս էին դեղերը վերցնելու: Երկու տարի առաջ, Հանրապետության գլխավոր հոգեբույժը որոշում ընդունեց, որ դեղերը պետք է տրամադրվեն ոչ թե մեկ ամսվա չափաբաժնով, այլ 14 օրվա: Ուրեմն հիվանդի հարազատը դեղերը ստանալու համար ամիսը երկու անգամ պետք է աշխատանքի չգնար, կամ բացակայեր աշխատանքից 3-4 ժամ, քանի որ քաղաքի մի ծայրից մյուսը հասնելը բավական ժամանակ է խլում: Դրան էլ գումարենք ամենաքիչ ժամ ու կեսը, որը կորսվում է հերթերի պատճառով:

Թե ո՞րն է մարդկանց հավելյալ չարչարելու նպատակը` փորձեցինք պարզել բժշկական անձնակազմից, բայց ոչ մի տրամաբանական պատասխան չստացանք: Արդյո՞ք տրամաբանական կարելի է համարել այն պատճառաբանությունը, թե երկու շաբաթը մեկ դժբախտ հիվանդապահներին Աղի հանք քարշ տալը նպատակ ունի վերացնել սպեկուլյացիայի երևույթը: Այսինքն` իբր թե անվճար ստացած դեղը վաճառելու պրակտիկան: Եթե կան վաճառողներ, միևնույն է կվաճառեն` անկախ նրանից, թե ամիսը մեկ անգամ դեղորայքը ստանա, 15 օրը կամ 5 օրը մեկ:

Սա հավանաբար քիչ համարելով, ՀՀ գլխավոր հոգեբույժը գտավ մարդկանց զրկանքները ավելացնելու նոր ձև. առանց հիվանդի ներկայության, արգելեց դեղորայքի տրամադրումը: Պետք չէ լինել գլխավոր և ոչ էլ սկսնակ հոգեբույժ հասկանելու համար, թե հոգեկան հիվանդի հարազատները որքան են տանջվում, որպեսզի հիվանդին համոզեն խմել անհրաժեշտ դեղերը: Բազում հիվանդներ կտրականապես հրաժարվում են դեղ ընդունել: Իսկ թեկուզ մեկ անգամ հոգեբուժականում պառկած հիվանդը հիվանդանոցի անունն անգամ անգամ լսելիս` հիսթերիկ նոպայի մեջ է ընկնում: Երբ անխուսափելի է դառնում հիվանդանոցային բուժումը, ստիպված պետք է հիվանդին այս կամ այն կերպ խաբել կամ էլ շտապօգնության մասնագիտացված բրիգադ կանչել` նրան հիվանդանոց հասցնելու համար: Հիմա պատկերացրեք 40 տարի քրոնիկ շիզոֆրենիայով տառապող հիվանդի ու նրա խնամող(ներ)ի վիճակը, երբ կփորձեն ընդամենը պահպանիչ դոզան ստանալու համար ամիսը երկու անգամ հիվանդին հիվանդանոց հասցնել:

Մեր այս մտահոգությանը ՀՀ գլխավոր հոգեբույժի պատասխանը մեղմ ասած ապշեցուցիչ էր:

- Եթե հրաժարվում է` բերեք իմ մոտ ես կհամոզեմ:

Ուրեմն ամեն 14 օրը մեկ, հիվանդին պետք է տանել գլխավոր հոգեբույժի մոտ, համոզման փուլը անցնելուց հետո տանել հիվանդանոց: Այսինքն վերքին ոչ թե դարման է անում, այլ աղ ու կծու պղպեղ ավելացնում: Լավ, մեկ հիվանդի բերեցինք ձեր մոտ` համոզելու համար: Իսկ մյուս հազարավոր հիվանդների՞ն համոզման համար ոնց եք ժամանակ գտնելու:

Զվարճանա՞լ, թե՞ նորից ցավ ապրել առանց այդ էլ իրենց հարազատի ցավով տառապողների ու նրանց խնամողների համար: Եթե սա է բարեփոխումներ կոչվածը, Աստված հեռու տանի այսպիսի ամենաիսկական չարեփոխումներից:

Հարգելի պարոն Դումանյան, արդյոք Դուք տեղյակ չե՞ք Ձեր ղեկավարած համակարգի ընդամենը այս մի օղակում առկա արատավոր բարքերի հետ: Ուզում ենք չհավատալ, թե տեղյակ եք... Եթե դուք լինեիք հիվանդանոց բժշկասենյակների մոտ արցունքն աչքերին դեղը առանց հիվանդի ներկայության իրենց տրամադրելու համար աղաչող-պաղատող-ան զորությունից անիծող հիվանդների հարազատների կողքին, դուք էլ համամիտ կլինեիք, որ այս օրենքներն այդ ձևով կիրառելը իսկական չարեփոխում է:

Հ. Ա.