Քաղաքապետ` վիճակահանությամբ


 

Ամերիկյան Յուտա նահանգի Հելպերի քաղաքապետը հենց այս կերպ է ընտրվել (հաղորդել է NBC News-ը): Արտառոց այդ միջոցին ստիպված են եղել դիմել այն ժամանակ, երբ քվեարկության երկու փուլերի ընթացքում հնարավոր չի եղել որոշել հաղթողին:

Այդ պաշտոնի համար պայքարել են տեղաբնակներից երկուսը` Էդ Չավես-կրտսերը և Քիրք Մասքարոն: Վիճակահանությունը կատարվել է ամենասովորական եղանակով. երկու թեկնածուների անունները գրել են թղթերի վրա, գցել փայտյա զամբյուղի մեջ: Վիճակահանն առաջինը հանել է Չավեսի անունը պարունակող թուղթը, և նա էլ հաղթող է ճանաչվել:

Նորաթուխ քաղաքապետը Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության տեղական կառույցի ղեկավարն է: Իր առաջին ելույթում նա ընդգծել-խոստացել է, որ Հելպերն այսուհետ բոլորովին այլ ուղիով է զարգանալու:

Նախորդ քաղաքապետի առումով Հելպերի բախտը հե´չ չէր բերել. Դին Արմսթրոնգն իր պաշտոնը լքել էր` անսթափ վիճակում մեքենա վարելու համար երրորդ անգամ ձերբակալվելուց հետո: