ԿՅԱՆՔԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ. ԼՈՌԻ


 

Գետիկ Բաղդասարյանի աշխատանքները Ալավերդիում

Ալավերդու պատկերասրահում շարունակվում են միջոցառումները նվիրված լոռեցի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին: Հերթական միջոցառումը քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի աշխատանքների ցուցահանդեսն է, որի բացումը օրերս վերածվեց դպրոցականների ասմունքի ինքնատիպ փառատոնի:

 

Գնահատանք

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Էլֆիք Զոհրաբյանը 2009 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարն է: Հայաստանի թատերական գործիչների միությունը, գնահատելով Էլֆիք Զոհրաբյանի աշխատանքը, վերջերս նախագահության նիստում որոշում կայացրեց նրան նշանակել ՀԹԳՄ քարտուղար` երիտասարդության հարցերով: Երիտասարդ դերասանը նաև գրող է, թարգմանիչ ու նաև հաջողությամբ ղեկավարում է Վանաձորի դրամատիկական ստուդիան, դասախոսում բուհ-ում:

 

Բորիս և Արսեն Պալյանների սաները

Երևանում ավարտված ծանրամարտի ՀՀ պատանիների առաջնությունում, 160-ից ավելի պատանի մարզիկների մրցակցությունում հաջողություններ արձանագրեցին վանաձոր ցի մարզիչներ` հայր և որդի Պալյանների սաները: Հատկապես անհաշտ պայքար էր ծավալվել 85 կգ քաշայինների մրցակետում, որտեղ երկրամարտի 281 կգ արդյունքով հաղթող դարձավ վանաձորցի Կարեն Պեպանյանը, ով անձնական քաշով ամենաթեթևն էր: Աղջիկների պայքարում մարզիչ Ֆ. Փանոյանի սան Ռոզալյա Ավետիսյանը (63 կգ քաշային կարգով) հաղթեց ոչ միայն պատանիների, այլ նաև մեծահասակների առաջնությունում:

 

Ուսուցողական մրցույթ

«Մոզգիկներ» խմբի հաղթանակով ավարտվեց ուսուցողական խաղ-մրցույթը Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 12-րդ դասարանցիներից կոմպլեկտավորված թիմը ստացավ հատուկ մրցանակ, իսկ 9-րդ դասարանը ներկայացնող «Արծիվներ» թիմը այս անգամ բավարարվեց պատվոգրով: Մրցույթն ուներ բնագիտական ուղղվածություն: Հարցերի ընտրություն, պատասխաններ: Դրանք ընդմիջվում էին գեղարվեստական կատարումներով: Հարցեր էին հասցեագրվում նաև ուսուցիչներին, հանդիսատեսին:

 

6 լոռեցիներ անթոլոգիայում և Սամվել Սոկրատյանի «Լիպո» պոեմը

«Ապոլոն» հրատարակչության պետպատվերով հրապարակած «Ժամանակակից հայկական պոեզիա» անգլերեն լեզվով անթոլոգիայի 66 հեղինակներից 6-ը` Սուրեն Մուրադյանը, Սերո Անտոնյանը, Լիպարիտ Սարգսյանը, Հրաչյա Սարուխանը, Լենա Անթառամյանը, Մանվել Միկոյանը լոռեցիներ են: Անթոլոգիան կազմել է ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Հայաստան» հրատարակությունն էլ լույս է ընծայել Սամվել Սոկրատյանի «Լիպո» պոեմը, նվիրված արցախյան ազատամարտի ժամանակ 1993 թ. նահատակված Լիպարիտ Ղուլյանի հիշատակին: Չայքենդ գյուղի մատույցներում զոհված ազատամարտիկի մասին գրքի նախատեքստում պատմում է դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Հուզիչ է գրող դստեր` Մարինե Սոկրատյանի խոսքը գրքի տիտղոսաթերթին: Սա Մարինեի հովանավորությամբ լույս տեսած Սամվել Սոկրատյանի երրորդ գիրքն է:

Վաղաշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ