Մորուքահենները


 

Սուրգութում (Հանթի-Մանսիյկի ինքնավար մարզ) ինչ-որ մարդկանց դուր չեն գալիս մահմեդականների մորուքները: Եվ այդ մարդիկ հանդես են եկել իրավապահ մարմինների աշխատակիցների անունից:

Մի խումբ ոստիկաններ, մուսուլմանական սրճարանում ստուգումներ անցկացնելու ժամանակ, ինքնաձիգների սպառնալիքով որոշ այցելուների ստիպել են խուզել մորուքները («Ինտերֆաքսին» հաղորդել է տաջիկական ազգային այս ինքնավարության ներկայացուցիչ Ֆայզուլո Ամինովը):

Ականատեսները մանրամասնել են, որ մզկիթի հարևանությամբ գտնվող սրճարան պարզապես ներխուժել են օմօն-ական համազգեստով մարդիկ և ներկաներին նախ պարտադրել են ծնկի իջնել: Հետո խուզել են տվել երեքի մորուքները, իսկ մի քանիսին ձերբակալել են ու տարել ոստիկանության բաժին: Վերջիններիս փաստաթղթերը ստուգելուց հետո ազատ են արձակել:

Տարօրինակն այն է, որ ՆԳՆ մամլո ծառայությունն էլ հայտարարել է, թե այս փաստով ստուգումներ են նշանակվել: Այսինքն, մորուք խուզել տվողները ոստիկաններ չէի՞ն (բայց նրանք հենց ոստիկանության բաժանմունք են տարել ձերբակալվածներին), թե՞ ինչ-որ կոպիտ սայթաքում է թույլ տրվել...