Ճնշվող մեծամասնություն


 

 

Վաղուց ի վեր` փոքրամասնություն համարվող և իրոք փոքրամասնություն հանդիսացող խավերը, միջոցների առջև խտրականություն չդնելով` ստիպո´ւմ են լսել իրենց, բավարարե´լ իրենց բոլոր քմահաճույքները: Մանավանդ` համասեռամոլություն կոչվող այլասերումի տենդով բռնկված ու անվերջ «ինքնահաստատվող» փոքրամասնությունը: Իսկ առողջ մեծամասնությունն իրավունք չունի անգամ կարծիք հայտնել, եթե այդ կարծիքը ջուր չի լցնում նրանց ջրաղացին: Ստացվում է, որ օրենքն ու օրենքի պահապանները պարզապես գուրգուրում են սրանց: Ահավասիկ. ընդամենը երկու օր առաջ Փարիզում ռետինե մահակներով ու արցունքաբեր գազով հալածել են այսպես կոչված «Ամուսնություն բոլորի համար» օրինագծի դեմ ընդվզողներին:

Չարաբաստիկ այդ օրինագիծը վավերացնելու դեպքում միասեռական զույգերին ոչ միայն կարտոնվի ամուսնանալ (մեղա´, Տեր), այլև երեխաներ որդեգրել:

Ոստիկանության տվյալներով` դրա դեմ բողոքի ցույցին մասնակցել է 300 հազար մարդ: Կազմակերպիչների պնդմամբ` նրանց թիվը մոտ 1,5 միլիոն է եղել:

Օրենքի նախագիծը փետրվարի կեսերին արժանացել է խորհրդարանի ստորին պալատի հավանությանը, իսկ ապրիլին այն քննարկվելու է Սենատում: Ցուցարարները պահանջել են այդ հարցը քննել հանրաքվեով: Ասել է թե` լցվել է ժողովրդի համբերության բաժակը: Բայց հավանաբար նորից կհայտնվեն մեծամասնության արժանապատվությունը վիրավորող «ոչ ավանդականների» ազդեցիկ պաշտպաններ ու կսկսեն ճղավել «մարդու իրավունքներից»: Ու նորից կստացվի, որ այդ իրավունքները ոչ նորմալ բարքեր կրողների սատարն են: