ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ


 

Մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի թիվ 168 մանկապարտեզին հարող պուրակի ծառերը գիշերով ոչնչացրել են: Այս լուրն արդեն երկու օր է շրջանառվում է Հայաստանում` ձևավորելով նոր հանրային վերաբերմունք կատարվածի հանդեպ:

Մեզ հետաքրքրում է կատարվածի «անատոմիան», նրա բարոյական կողմը: Հասկանալի է, որ այս ծառահատումները չեն կարող կատարված լինել այնպիսի մարդկանց կողմից, ովքեր կամենում են իրենց բնակարաններն ապահովել ջեռուցմամբ: Արդեն գարուն է, ցրտերն այլևս սպառնալիք չեն. հետևաբար այստեղ բոլորովին այլ «փիլիսոփայություն» է գործել, որն աստիճանաբար տիրապետող է դառնում:

Վերջին օրերին երկու անգամ գիշերով հրդեհվել է Դալմայի այգին, իսկ հիմա էլ ծառահատվել է մանկապարտեզին հարող կանաչ տարածքը: Սա նշանակում է, որ ոմանք կամենում են այս կերպ տեր կանգնել տարածքներին ու այնտեղ իրականացնել շինարարություն: Դա միանշանակ է, որովհետև այլ բացատրություն անհնար է գտնել: Մաշտոցի պողոտային հարող տարածքում տեղի ունեցածն է մեզ պարտադրում այսպես մտածել և այսպես մեկնաբանել կատարվածը: Եվ մինչ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է մայրաքաղաքի կանաչ գոտիների ավելացման մասին, ոմանք փորձում են հրդեհների և ծառահատումների միջոցով զավթել տարածքներ, դրանք դարձնել իրենցը` իշխանություններին ու մայրաքաղաքի բնակիչներին կանգնեցնելով տխուր փաստերի առջև: Նման գործելակերպը որդեգրած մարդիկ արդեն համոզվել են, որ իրենց թիկունքին կանգնած են ուժեր, անգամ վարչաշրջանների ղեկավարներ, ովքեր աջակցում են և սատարում` լուծելով նաև իրենց նեղ անձնական շահերը: