ՇԱՀԵՐԻ ՀՍԿԱ ԲԱԽՈՒՄ ԿԱ


 

Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հայտարարեց մեծամասնական ընտրահամակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավո րության իր թեկնածությունից հրաժարվելու մասին:

- Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող ենք ընտրություններում բացառել մեզանում արմատավորված և վճռորոշ դարձած արատներից մեկը` ընտրակաշառքը:

- Քաղաքական կյանքում, առավել ևս հայաստանյան քաղաքական կյանքում կատարյալ հավասարություն չի լինում: Սա հոսանքի դեմ պայքար է, և դրա մեջ մտնողը գիտակցում է, որ մենք դեռ գտնվում ենք հետխորհրդային ուղղահայացի տակ: Եվ դա պետք է մենք փոխենք: Երբ ասում ենք` պետք է իշխանությունը վերադարձնենք ժողովրդին, դա սոսկ եզրաբանական խաղ չէ: Սա այն սահմանադրական պահանջն է, որին սպասում և որին արժանի է Հայաստանի քաղաքացին: Եթե դիտարկենք մինչընտրական շրջանը, կտենենք` ոչ միայն ընտրակաշառքի, այլ շահերի հսկա բախում կա:

-Մեծամասնական ընտրահամակարգով թեկնածություններ առաջադրելու հարցում Դուք կոնկրետ առաջարկությունով եք հանդես եկել: Ձեր կոչին մյուս ընդդիմադիրներն արդյո՞ք արձագանքել են:

- Այո, ես ընդդիմության բոլոր ուժերին կոչ եմ արել, որ բոլորս միասին ձևաչափ գտնենք, որպեսզի յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով: Երկու-երեք օրերի ընթացքում մեր լիազոր ներկայացուցիչները կապվել են ՀՅԴ և ՀԱԿ-ի հետ: Մենք առաջարկել ենք կազմակերպել համատեղ քննարկում և լուծում գտնել այդ կարևոր հարցին: Ցավոք, մեր գործընկերները նախընտրել են առանձին-առանձին հադիպումների մեթոդաբանությունը: ՀՅԴ-ն ժամանակավրեպ է համարել այդ քննարկումը, իսկ ՀԱԿ-ի և մեր պատվիրակը հանդիպեցին: Մենք առաջարկեցինք որպեսզի 41 ընտրատարածքներից բոլորս միասին զորակցենք ՀԱԿ-ի 21 թեկնածուներին, «Ժառանգության» 7 միացյալ թեկնածուներին, իսկ մնացյալ 13 տարածքներում զորակցենք ՀՅԴ կամ այլ այլընտրանքային թեկնածուներին` ըստ բանակցությունների արդյունքների: Մեր առաջարկը մերժվեց: Դրա համար ցավում եմ, որովհետև կարծում եմ` սա հանրային դաշտում վերջին շրջանում ընդդիմադիր պահվածքի հետագծի բնութագրական ախտանիշի շարունակութ յունն է: Ես որոշել եմ այսօր իմ թեկնածությունը հանել Երևանի թիվ 7 ընտրատարածքի պայքարից և մաղթել ամենայն բարիք ու հաջողություն իշխանական և ընդդիմադիր բոլոր թեկնածուներին: Հետայսու «Ժառանգությունը» մեծամասնական ընտրապայքարում կպաշտպանի իր 7 թեկնածուներին:

Իսկ ինչպե՞ս կարելի է միևնույն ցուցակում համատեղել երկու նախկին արտգործնախարարների, ովքեր արտաքին քաղաքականության հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն: Խոսքս Ձեր և Ալեքսանդր Արզումանյանի մասին է, ով մասնավորապես Թուրքիայի հարցում ավելի հանդուրժողական մոտեցում ունի, քան Դուք: Արտգործնախարարի պաշտոնից Ձեր հրաժարականի պատճառը, կարծեմ, Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումն էր:

- Շնորհակալություն հարցի համար: Ես հպարտ եմ, որ Ալեքսանդր Արզումանյանը մեր ցուցակի առաջատարներից մեկն է: Ինքը մեր պետության ակունքներում կանգնած է, և կարող եմ ասել, որ չնայած ժամանակին եղել են մարտավարական տարբերություններ, բայց ընդհանուր գիծ ունենք: Մենք հավատացած ենք, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Պետք է փոխանակվի դիվանագիտական նոտա, դեսպանատներ բացվեն` և´ այդ դիվանագիտական ցեղասպանությունը, հայրենազրկումը ճանաչելու, և´ հետևանքները վերացնելու համար: Պետական մակարդակով սա է եղել մեր մոտեցումը: Բայց մենք տեսել ենք, որ 20 տարիների ընթացքում Թուրքիան վարել է նախապայմանային քաղաքականություն: Բոլորս համաձայն ենք, որ եթե այս 20 տարիների ընթացքում Թուրքիան չկարողացավ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, Հայաստան պետությունը նույնպես պետք է իր նախապայմաններն առաջադրի:

Դուք խոսում եք ինչ-որ միասնական ծրագրի ստորագրման մասին: Դա ինչ-որ տեղ հիշեցնում է կոալիցիոն հուշագիրը: Գուցե Դուք չե՞ք վստահում Ձեր գործընկերներին և այդ է պատճառը, որ նրանց ստորագրությունն եք պահանջում:

-Սա «Ժառանգության» քաղաքական-քաղաքացիական ծրագրի նախատիպն է, որը ցույց է տալիս, որ որքան էլ տարբեր լինեն մեր հետագծերը (և´ որպես կուսակցության անդամներ, և´ որպես հասարակության ներկայացուցիչներ, անհատ մտավորականներ), այս սկզբունքային հարցերի շուրջ որևէ տարաձայնություն չկա: Ոչ թե չկա վստահություն, այլ հակառակը` կա այնպիսի ինքնավստահություն, որ մեր պատգամավորները ոչ թե ցուցակի առաջին մասում, այլ միջնամասում են:

Ա.Դ.