Անկոչ հյուրերի որոգայթում


 

Վերջին տարիներին մեր համաքաղաքացիները մեկ անգամ չէ, որ տեղեկացել են այն դեպքերի մասին, երբ ինչ-ինչ անձինք, ներկայանալով որպես կենցաղային սպասարկման ոլորտի կամ զանազան գործակալությունների ու օֆիսների աշխատակիցներ և օգտվելով բնակիչների դյուրահավատությունից, մուտք են գործել նրանց բնակարաններն ու հանցագործություններ կատարել:

Հանցավոր ոտնձգություններից զգուշանալու օրինակներն, իրոք, քիչ չեն, սակայն, այդուհանդերձ, մեր որոշ քաղաքացիներ դարձյալ հավատ ընծայելով անծանոթների թակոցներին ու զանգերին, շարունակում են բացել դռներն ու իրենք էլ չիմանալով ինչպես` հայտնվել անկոչ հյուրերի լարած որոգայթում: Ներկայացնենք հերթական դեպքը:

Վերջերս երեք կանայք խաբեությամբ մուտք էին գործել ոստիկանության Արաբկիրի վարչական տարածքում գտնվող Արամ Խաչատրյան փողոցի 17 շենքի բնակարաններից մեկն ու այնտեղից գողություն կատարել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հմուտ գործողությունների շնորհիվ օրերս Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման է ենթարկվել Կոմիտասի պողոտայի բնակչուհի, 49-ամյա Ալվարդ Վարժապետյանը:

Մի շարք փաստերի ճնշման տակ կինը ստիպված էր խոստովանել հանցանքը:

Պատմեց, որ հիշյալ բնակարան էին գնացել երեքով` իր ծանոթ երկու կանանց հետ միասին: Դռան զանգը տվել էին, խաբեությամբ մտել ներս, ներկայացել ինչ-որ գործակալության աշխատակցուհիներ, և երբ նրանցից երկուսը շեղել էին տանտիրուհու ուշադրությունը` անկոչ հյուրերից մեկը մտել էր ննջարան և զգեստապահարանից գողանալով 2.000 ԱՄՆ դոլար և ոսկյա մատանի` հրաժեշտ էին տվել տեղի ունեցածից դեռևս անտեղյակ տանտիրուհուն ու արագ հեռացել:

Ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը, մյուս երկու կանանց և գողոնը հայտնաբերելը, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի հարց է: Սակայն ինչու դեպքերը հասցնել այսօրինակ հանգուցալուծման, երբ մեր հայրենակիցներից պահանջվում է ընդամենը լինել զգոն, ուշադիր ու շրջահայաց և ձեռնպահ մնալ անծանոթների առջև դուռը բացելուց: