«Լեշահոտ» ծաղիկ
Եզակի այս բույսը ծաղկել է Նյու-Յորքի նահանգի Կոռնելիի համալսարանի փորձարարական ջերմոցում: Ամորֆոֆալուս տիտանումը 100 կգ քաշ ու 3 մետրանոց տրամագծով ծաղկաբաժակ ունի: Այն աշխարհի ամենախոշոր ծաղիկն է, որը պալարից ծնվում է 100 տարին մեկ անգամ:
Հազվագյուտ ամորֆոֆալուսը ժամանակին բուսնում էր միայն Սուսատրա կղզում, բայց ոչնչացվել էր տեղաբնակների կողմից, ովքեր այդ ծաղիկն անվանում էին «դիահոտ», «օձի արմավենի» և «վուդու շուշան»` դրա արտասովոր տեսքի և նեխահոտ հիշեցնող «բույրի» համար:
Ծաղկի կյանքն ընդամենը 2 օր է տևում: Եվ բոլորը շտապում են տեսնել այն: Բուսաբանական կենտրոն գնալ չկարողացողների համար ինտերնետային հեռարձակում է կազմակերպվում:
Կոռնելիի համալսարանի ջերմոցում այն տնկել են 2002 թ., և 10 տարի անց բույսը ծաղկել է:
Շվեյցարական Բազելի բուսաբանական այգում ամորֆոֆալուսը ծաղկել էր անցյալ տարի` իր վերջին ծաղկումից 75 տարի հետո:
Ողջ աշխարհում այս բույսի ծաղկման ընդամենը 134 դեպք է գրանցվել:
Ու դեռ որքան առեղծվածներ ունի մայր բնությունը: Առեղծվածներ, որոնք ոչ միայն անբացատրելի են, այլև անտեսանելի մարդ-արարածին: