Փորձություն… նախագահների համար
Հասարակական շիկացած մթնոլորտը լիցքաթափելուց ավելի կարևոր խնդիր այժմ չկա: Մենք հասել ենք այնպիսի մի սահմանի, որից այն կողմ յուրաքանչյուր նոր քայլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ երկրի ու ժողովրդի համար: Եվ այդ քայլը հարկավոր է կանխել: Կանխել` նախ և առաջ մոլորվածներին ուշքի բերելով, ապակայունացում հրահրողներին սթափեցնելով, երկրի ներսում զոռբայությամբ, ապատեղեկատվությամբ ու հանրահավաքային աղմկարարությամբ պետական հեղաշրջում նախապատրաստելու պատրանքներով առաջնորդվողներին սանձահարելով: Հետընտրական լարվածության դրսևորումներ ակնկալելի էին: Այդպիսի շիկացումներ ամենուրեք, մանավանդ մեզ նման նոր ժողովրդավարություններում, լինում են: Լինում են նախ և առաջ այն պատճառով, որ հասարակության ու քաղաքական ընտրանու մի զգալի մասի համար ընտրությունների արդյունքի, ընդսմին` ցանկացած արդյունքի նկատմամբ անհանդուրժողականությունը դեռևս մնում է որպես չհաղթահարված հիվանդություն: Ինչի՞ հետևանք է այդ հիվանդությունը. մեր քաղաքացիների մի զգալի մասը դեռ չի թոթափել ինքն իրեն ամբողջ ժողովրդի հետ նույնացնելու մոլորությունը և կարծում է, թե քանի որ ընտրություններում հաղթել է ոչ իր նախընտրած թեկնածուն` նշանակում է «արդյունքները կեղծվել են» կամ «վստահության արժանի չեն»: Լարվածության մյուս պատճառը, որ զգալիորեն բխում է առաջինից, ընտրապայքարի ելած գործիչների քաղաքական կուլտուրայի պակասն է և սեփական պարտությունը արժանապատվորեն ընդունելու, խոստովանելու և հաղթողին շնորհավորելու ազնվության բացակայությունը: Սա վերաբերում է առավելաբար Լևոն Տեր-Պետրոսյանին: Մեկ ուրիշը նրա փոխարեն խիստ գոհ պիտի մնար, եթե երկրի քաղաքական դաշտից անփառունակ հեռանալուց 10 տարի անց վերադառնալով` գտներ բնակչության մեկ-հինգերորդի պաշտպանությունը: Դա հետագա քաղաքական գործունեության համար բավական պատկառելի կապիտալ է: Սակայն Տեր-Պետրոսյանը, ավա¯ղ, միշտ հանդես է եկել առավելապաշտական դիրքերից, առաջնորդվել և առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» արկածախնդրական կարգախոսով: Ինչու՞ արկածախնդրական: Որովհետև Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ ներկա իշխանություններից դժգոհների բացասական հույզերի վրա խաղալով` անհարկի շիկացնում են հասարակական մթնոլորտը: Դա, Աստված մի արասցե, կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, վերաճել բախումների: Պատասխանատու գործիչը երբեք իրեն թույլ չի տա հասարակական ատելության էներգիան ծառայեցնել սեփական իշխանատենչությանը: Նա պիտի հասկանա, որ ատելության այդ էներգիան, այն էլ բազմապատիկ ավելի, առկա է նաև…հակառա°կ բևեռում: Որքան ինքը ատելություն է քարոզում ներկաների հանդեպ, նույնքան արթնանում է անձամբ իր և իր կողմանկիցների հանդեպ ննջող շատ ու շատ ավելի մեծ ատելությունը: Այդ ատելությունը կար և կա: Ես բազմաթիվ մարդիկ եմ ճանաչում, ովքեր ամենևին հիացած չլինելով Սերժ Սարգսյանով` փետրվարի 19-ի ընտրություններում «կողմ» են քվերակել նրան, ինչ է թե` «հանկարծ Լևոնը չվերադառնա»: Իրեն Նախագահի պաշտոնում տեսնել չցանկացողներին անխոհեմաբար անվանելով «տականքներ», Լևոն Տեր-Պետրոսյանը խորապես վիրավորեց ժողովրդի հսկայական զանգվածին: Այնպես որ` Սերժ Սարգսյանի առավել քան համոզիչ հաղթանակի մեջ նրա մրցակիցը «վաստակ» ունի: Եվ դրա համար նա ամենից շատ…ինքն իրենից պիտի նեղանա, ոչ թե իրեն ձայն չտվողներից: Ընտրությունները ցույց տվեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչինչ չի մոռացել և ոչինչ չի սովորել: Նա մի անգամ արդեն իշխանության էր եկել նախորդ` կոմունիստական իշխանությունների հանդեպ ատելության ալիքի վրա: Եվ թյուրիմացաբար կարծում էր, թե նույն քաղաքական տեխնոլոգիան կաշխատի նաև երկրորդ անգամ: Չաշխատեց: Որովհետև պարզվեց, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի մոռացել իր իշխանության տարիների անարդարությունները, անիշխանությունը, իր վարչակազմի շահատակությունները: Չի մոռացել բոլոր այն արատները, որոնք այդքան կրքոտ կերպով մերկացնում էր նախընտրական քարոզարշավի ու հետընտրական զարգացումների ընթացքում` չխոստովանելով ու մեղա չգալով, որ մեր հասարակական կյանքում դրանց առաջին ու ամենագլխավոր արմատավորողը…ինքն է եղել: Այս ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը այնպիսի մի «շիլա եփեց», որը վտանգավոր ու դժվարամարս է հասարակության օրգանիզմի համար: Եթե նա չսթափվի ու կանգ չառնի` կդառնա կատարյալ հակահասարակական ուժ, իրեն դուրս կդնի օրենքից, լիովին կօտարանա ժողովրդից: Չի կարելի անվերջ խաղալ դժգոհությունների ալիքի վրա: Չի կարելի իրեն այս կամ այն պատճառով հետևողների մեծ ու փոքր զանգվածներին հրահրել անկարգությունների, անհնազանդության, հասարակական անդորրի խախտման: Այդ դեպքում պետությանը, պետական իշխանության մարմիններին այլ ելք չի մնա, բացի ուժով ներքին կայունության վերականգնումը: Իսկ դրանից տուժողները կարող են լինել միանգամայն անմեղ քաղաքացիներ, խաբված-մոլորեցված մարդիկ: Երկրի գործող և ընտրյալ Նախագահները, պետական իշխանության մյուս ներկայացուցիչները հիմա առավել չափով պետք է զսպվածություն ցուցաբերեն: Պետության մեջ, ինչպես ակնհայտորեն երևում է, առկա են իշխանությունների համբերությունը փորձության ենթարկելու միտումներ: Այդ միտումներով առաջնորդվողներին զսպելը իշխանությունների պարտքն է ու պարտականությունը: Սակայն այդ պարտքն ու պարտականությունը կատարելիս իշխանություններն իրենց հերթին պետք է հանդես բերեն առավելագույն զգուշություն, տուրք չտան ռևանշիստական ուժերի սադրանքներին: Հասարակական ներկա դիմակայության մյուս կողմում կանգնածները միայն ռևանշիստները չեն: Նրանք նույնպես մեր քաղաքացիներն են, մեր հայրենակիցները: Այդպիսիներին կարելի է և պետք է սթափեցնել, սակայն ոչ մի դեպքում` ճնշել ու լռեցնել: Եկել է պահը` լրջագույն վերլուծության ենթարկելու, թե ինչպե՞ս պատահեց, որ ժողովրդի առնվազն մեկ-հինգերորդը ձայն տվեց երկիրն արդեն մեկ անգամ փորձության տարած երբեմնի առաջնորդին. ոչ միայն չկանգնեցրեց, այլև իր միամտությամբ ու ակտիվությամբ նպաստեց նրա կործանարար էներգիայի մեծացմանը: Այդ խորքային վերլուծությունը պարտավոր է կատարել նախ և առաջ ընտրյալ Նախագահը, որին հավատում, բարձր է գնահատում և ձայն է տվել 850 հազարից ավելի մարդ: Այնպես որ` սա վճռականության, շրջահայեցության, բայց նաև իմաստության փորձություն է առաջին հերթին գործող և ընտրյալ նախագահների համար: Տա Աստված` նրանք պատվով դուրս գան այս փորձությունից….